Նորություններ

Ընդունվել է Գյումրիի 2022 թ.-ի բյուջեն. 2021-ի համեմատ այն ավելացել է ընդամենը 2,2 %-ով

Գյումրիի ավագանին այսօր 18 կողմ, 6 ձեռնպահ ձայներով ընդունել է քաղաքի գլխավոր փաստաթուղթը՝ հաջորդ տարվա բյուջեն:

Ինչպես հայտնում է ԳԱԼԱ-ն, այն կազմել է 4 մլրդ 717 մլն 200 հազար դրամ, նույնքան էլ ծախսերն են:

Ֆինանսիստ Լենա Ջիլավյանն այն բնութագրեց որպես կանխատեսվող, հավասարակշռված, բայց և հայտարարեց՝ բյուջեն 2022 թվականի հունվարի 15-ից հետո կենթարկվի փոփոխության, քանի որ վերջնական հաշվարկներն ու եկամուտների վերջնական պլանավորումը կհստակեցվի ավելի ուշ: Լենա Ջիլավյանի վատ լուրը ավագանու անդամներին այն էր, որ 2021 թվականի համեմատ կրճատվել է ֆինանսական համահարթեցման նպատակով քաղաքին տրամադրվող դոտացիայի չափը՝ 38 մլն դրամով:

Սա պայմանավորված է թերևս բնակչության թվի պակասով ու հավաքագրվող մուտքերի ցուցանիշով: Ջիլավյանն ակնկալում էր, որ մեծահոգաբար կարելի էր հանրապետության 2-րդ քաղաքին հատկացվող գումարը չնվազեցնել: Իսկ շատ ավելի տխուր պատկեր ունենք Գյումրիի բնակչության թվի վերաբերյալ: Քաղաքում հաշվառված է 159.500 բնակիչ, բայց Գյումրիում փաստացի բնակվում է 75.180 մարդ: Քաղաքապետարանի պատասխանատուն նշեց, որ տվյալները ստույգ են, քանի որ կազմվել են քաղաքում հացի սպառման ծավալները հաշվի առնելով:

«Զարթոնք» խմբակցության ավագանու անդամներին հետաքրքրում էր, թե ինչու ապառքները որպես եկամուտ չեն ներառվել 2022-ի բյուջեում: Լենա Ջիլավյանի պատասխանն էր, որ դեռ 45-60 մլն դրամի գումար ենթակա է բռնագանձման: Դեռ 9 տարի առաջ խնդրով քաղաքապետարանը դիմել էր դատարան, գործերի մի մասը հարկադիր ծառայության վարույթում է, մի մասը՝ դատարանի, ու չի հաջողվում այդ գումարների գանձումն ապահովել: Իրենք էլ ամեն տարի այդ գումարները որպես եկամուտ պլանավորում են, ընդգրկում են բյուջե, բայց չեն կարողանում գանձում ապահովել ու տարեվերջին դուրս են հանում բյուջեից: Բնակիչները կամ երկրում չեն, կամ ի վիճակի չեն վճարելու պարտքերը: Դրա համար էլ որոշել են այդ գումարները որպես եկամուտ այլևս չհաշվարկել:

Գյումրի քաղաքի բյուջեով 15 մլն 500 հազար դրամ հատկացվել է ներկայացուցչական ծախսերին: ՔՊ-ական ավագանիներն այս թիվը համեմատեցին Շիրակի մարզպետարանին պետությունից հատկացված ծախսերի հետ: Ներկայացուցչական ծախսերի համար տարեկան մարզպետարանին ընդամենը 300.000 դրամ է հատկացվում, ինչո՞ւ Գյումրիի համայնքապետարանինը պիտի այդքան շատ լինի: Քաղաքապետ Վարդգես Սամսոնյանի կարծիքով, քաղաքում տուրիզմ ենք զարգացնում, շատ երկրներից են հյուրեր գալիս, առանց հյուրասիրության ու հավուր պատշաճի դիմավորելու ինչպե՞ս ճանապարհ դնենք:

Լենա Ջիլավյանն էլ նշեց՝ թող մեզ ների մարզպետարանը, բայց մենք եկամուտներ ենք հավաքագրում ու իրավունք ունենք ծախսեր անել: Բացի դրանից, Գյումրիի մանկատան սաների, ծերերի և հաշմանդամների խնամքի կենտրոնի շահառուների ամանորյա նվերները ևս այդ հատկացումներից են արվում:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ավագանու հաջորդ հարցն էլ այն էր, թե քաղաքապետը երբ հրաժարվեց իր ծառայողական մեքենայից և 12-ի փոխարեն 6 մեքենա թողեց կառույցում, դրա արդյունքում որքա՞ն գումար կտնտեսի բյուջեն: Քաղաքապետն արձագանքեց՝ դեռ չի հաշվարկել, դա կներկայացնի ավելի ուշ:  Իսկ նախկինում այդ մեքենաների ծախսը 12 մլն 500 հազար դրամ էր:

Հաջորդ առարկությունն էլ այն էր, որ քաղաքապետարանի ներկայացրած փաստաթղթերով Գյումրիում ընդամենը 4 բացօթյա սրճարան կա, բայց փաստ է, որ իրականում դրանք շատ ավելին են: Քաղաքապետն առաջարկեց համատեղ աշխատել, պատշաճ վերահսկողություն իրականացնել գործառույթների նկատմամբ ի շահ քաղաքի:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից հայտարարեցին, որ 2022-ի բյուջեի նախագծին կողմ կքվեարկեն վերապահումով, իսկ հետագայում պատշաճ վերահսկողություն կցուցաբերեն դրա կատարմանը:

 

Կարինե Կազարովա

Back to top button