Գյումրիում անհայտ ստահակները պղծել են 2016 թ.-ի քառօրյա պատերազմի զոհերի հուշարձանը
Քառօրյա պատերազմում զոհված 7 գյումրեցիների հիշատակին հուշարձանը կանգնեցվել էր 2016 թվականի նոյեմբերին: Անհատ բարերարի միջոցներով կառուցված հուշարձանի խնամքը ստանձնել էին զոհերի հարազատները:
Ինչպես հայտնում է ԳԱԼԱ-ն, քառօրյա պատերազմում զոհված փոխգնդապետ Ալեքսան Առաքելյանի հայրը՝ Գևորգ Առաքելյանը, ով գրեթե ամեն օր այս տարածքում է լինում, 3 օր առաջ է տեսել, որ հուշարձանի այն հատվածը, որտեղ զոհերի անուններն է գրված, քանդված է: Դեպքի մասին հայտնել է մյուս զոհերի հարազատներին: Նրանք սկզբում մտածել են, թե մայրուղուն մոտ գտնվող հուշարձանը գուցե ավտովթարի հետևանքով է ջարդվել, բայց այդ վարկածը հերքվել է, քանի որ մեքենայի անվադողերի հետքեր հուշարձանին կից չեն հայտնաբերել: Նրանք հակված են կարծելու, որ կատարվածը դիտավորություն է, միտումնավոր, սուր գործիքով ինչ-որ անձինք հարվածել են հուշարձանին ու քարը ջարդել: Դեպքի մասին զոհերի ծնողները բանավոր տեղեկացրել են ոստիկանություն: Այսօր արդեն դիմում կներկայացնեն գրավոր:
Գյումրու Սովխոզ կոչվող թաղամասում՝ քաղաքի ծայրամասային հատվածում է գտնվում հուշարձանը, որտեղ քառօրյա պատերազմում զոհված ավագ լեյտենանտ Հրաչ Գալստյանի մոր՝ Անահիտ Գալստյանի խոսքերով՝ նախկինում նաև գողություններ են տեղի ունեցել: 1 տարի առաջ գողացել են հուշարձանի վրա գտնվող լուսարձակները: Իսկ հարևանությամբ գտնվող Սուրբ Հովհաննես մատուռից հաճախակի են սրբապատկերներ գողանում: Նրանց խոսքերով՝ սա բանականություն չունեցող սրիկայի արարք է, ի վերջո սրբապղծություն է հիշատակի մասունք գողանալը:
Գործարար Էդվարդ Բադալյանը, որպես սրտացավ հայ, նշեց, որ տղաները գիտակցված իրենց կյանքն են զոհել հանուն նպատակի, նրանց հիշատակը վառ պահելու համար մենք՝ ապրողներս, ինչ որ անենք, քիչ կլինի, ամենամեծ զոհողությունը նրանք արդեն արել են: Մեզ մնում է ընդամենը հարգել ու խոնարհվել նրանց հիշատակի առջև:
Կարինե Կազարովա