ԿԱՐԵՎՈՐԻ ՄԱՍԻՆՆորություններ

«Հիմքեր են ստեղծվում, որպեսզի մեր գերիները չվերադարձվեն կամ վերադարձվեն երրորդ կողմի». «Կարևորի մասին»

Անդրադառնալով Իլհամ Ալիևի հայտարարությանը առ այն, որ հայ ռազմագերիները Հայաստանում բռնաճնշումների են ենթարկվում, ուստի Ադրբեջանը մտադիր չէ նրանց վերադարձնել, իրավապաշտպան Նինա Կարապետյանցը ԳԱԼԱ-ի «Կարևորի մասին» հաղորդման շրջանակում կարծիք հայտնեց, որ դա պետական, քաղաքական գործիչների անպատասխանատու հայտարարությունների ուղղակի հետևանքն է։

«Հիմքեր կան կասկածելու, որ դա պատահականություն չէ: Հիմքեր են ստեղծվում, որ մեր գերիները չվերադարձվեն կամ վերադարձվեն երրորդ կողմի, ինչը տոտալ խայտառակություն է Հայաստանի համար։ Միայն այն փաստը, որ գերիները եղել են անազատության մեջ Ադրբեջանում, ինչն արդեն խոշտանգում է և ծանր հոգեբանական փորձություն, գերիները հայտնվում են հայկական բանտերում՝ ինքնին խոշտանգումի շարունակություն է։ Ով շփվել է գերիների հետ, գիտի, թե իրենք ինչ ծանր հոգեբանական վիճակում են։ Ես էլ եմ համարում, որ առանձին գործեր պիտի քննվեն, բայց ինձ ավելի հետաքրքրում է, թե ինչ կատարվեց լայն առումով»,-նշեց իրավապաշտպանը։

«Մի շարք իրավապաշտպաններ, միջազգային կազմակերպություններ, ՄԻՊ գրասենյակը մեծ աշխատանք են կատարել, և հաստատվում է, որ կան Ադրբեջանի կողմից իրավունքի խախտման փաստեր, իսկ հայկական կողմի նմանատիպ պահվածքը հավասարության նշան է դնում մեր միջև։ Մինչև մենք չկարողանանք, որպես հանրություն, սթափ դատել, վերլուծել մեզ հետ կատարվածը, մեզ շատ դժվար կլինի առաջ գնալ։ 2018թ.-ից, բացի մի քանի գործերից, որևէ առաջընթաց մարդու իրավունքների ոլորտում, ցավոք, չկա։ Գեղեցիկ փաթեթավորված պարեկային ծառայությունը Երևանում շատ լավ բան է, սակայն այն, ինչ մենք ունենք իրական կյանքում, էականորեն տարբերվում է. ունենք խոշտանգումներ, բռնություն,  քննչական մարմիններ, որ այդ ամենը կոծկում են։ Մենք ունենք խաղաղ պայմաններում զոհված զինվորների գործերը քննելու պարտավորություն, և պարզվում է, որ մեկ տարի ոչինչ չի փոխվել։ Եթե հեղափոխությունից առաջ կային ինչ-ինչ զսպման մեխանիզմներ, և հանրայնացման դեպքում պաշտոնը կորցնելու վախից կարող էին զսպվել, հեղափոխությունից անմիջապես հետո մոտ մեկ տարի բազում պաշտոնյաները սպասում էին պատժի և անհանգիստ էին, քանզի շատ լավ տեղյակ էին իրենց արածներից, բայց բոլորին շնորհակալություն հայտնեցին, տվեցին մեդալներ և ճանապարհեցին տուն։

Միտում կար, որ ոստիկաններին խոշտանգման մեղադրանք են առաջադրում և ավելի բարձր պաշտոնի տեղափոխում մարզեր։

Պատասխանատվության չենթարկեցին ոստիկաններին «Էլեկտրիկ Երևանի» համար, Սարի թաղի համար։ Ակնհայտ էր, որ դա արվում էր, որովհետև մի պահ կարող էր պետք գալ հենց այսպիսի պահվածքը։

Հանրության մի մասը հետևում է իրենց կուռքերին, որոնք՝ կառավարող, թե ընդդիմադիր, սանձարձակ, իրենց դիրքին չհամապատասխանող պահվածք են դրսևորում, և դա դուրս է գալիս փողոց։ Այսօր սեռական բնույթի ամենածանր վիրավորանքները ոչ մեկի չեն զարմացնում։

Այսօր նույնիսկ փորձեր են արվում ընդօրինակել ռուսական փորձը, և խոսվում է «օտարերկրյա գործակալների» հասկացությունը մտցնելու մասին, ինչը շատ տարօրինակ է՝ հաշվի առնելով պատգամավորներից շատերի կենսագրությունը։ Սակայն և ոչ մի բռնապետականացման ճիգեր չեն կանգնեցնի իրավապաշտպան գործունեությունը»,-հայտարարեց Նինա Կարապետյանցը։

Back to top button