«Գլուխներն են գցել համայնքների խոշորացումը, մարդկանց կարծիքը չեն էլ հարցնում». Սեմյոնովկայում մարդիկ իրենց դժգոհությունը արտահայտեցին ընտրություններին չմասնակցելով

Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ և Սեմյոնովկա համայնքներում ոչ մի ընտրող չի մասնակցել ընտրություններին: Նշենք, որ ըստ ԿԸՀ հրապարակած տեղեկությունների՝ Ծովագյուղում ընտրելու իրավունք ունի 2927 մարդ, իսկ Սեմյոնովկայում՝ 195 մարդ:
Սեմյոնովկայի համայնքապետ Դավիթ Մնացականյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում հայտարարեց. «Մեր համայնքի բնակիչները միահամուռ որոշեցին, որ չպետք է մասնակցեն քվեարկությանը, մարդիկ հիասթափված են, որովհետև գլուխներն են գցել համայնքների խոշորացումը, իսկ մարդկանց կարծիքը չեն էլ հարցնում»:
«Բնական է, որտեղ բնակիչները, այնտեղ էլ համայնքի ղեկավարը… մարդիկ համայնքի ղեկավար են ընտրել, որ իրենց կողքին լինի, իրենց դարդուցավը կիսի: Մարդիկ ուզում են, որ համայնքը միավորվի Ծովագյուղի հետ և Սևանի համայնքի հետ չեն ուզում միավորվել, թե ինչու չեն ուզում, ես դա չեմ կարող ասել:
Մարդիկ էսպես իրենց դժգոհությունը արտահայտեցին»,- նշեց Սեմյոնովկայի համայնքապետը:
Նշենք, որ խոշորացման գործընթացի շրջանակում Ծովագյուղ և Սեմյոնովկա գյուղերը պետք է ընդգրկվեն Սևան խոշորացված համայնքի կազմում։
Հիշեցնենք, որ երեկ՝ դեկտեմբերի 5-ին, Հայաստանի 7 մարզերի 36 համայնքներում տեղի են ունեցել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ:
Նշենք, որ այս տարի սա երրորդ ՏԻՄ ընտրություններն են: Մինչ այս տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրակարգով ընտրություններ էին տեղի ունեցել նաև հոկտեմբերի 17-ին և նոյեմբերի 14-ին:
Անահիտ Չալիկյան