Ամերիկացի գիտնականները կորոնավիրուսի դեմ մաստակ են ստեղծել
Գիտնականները մտադիր են կլինիկական փորձարկման թույլտվություն ստանալ՝ մշակումն ավելի արդյունավետ գնահատելու համար:

Փենսիլվանիայի համալսարանի և մի շարք այլ գիտական կազմակերպությունների գիտնականները մշակել են մաստակ, որը կարող է չեզոքացնել թքի մեջ առկա կորոնավիրուսը:
Այս մասին, ԳԱԼԱ-ի փոխանցմամբ, հայտնում է համալսարանի կայքը։
Հետազոտության հեղինակ Հենրի Դանիելի կարծիքով՝ նման մաստակը կնվազեցնի վարակի փոխանցման հավանականությունը։
Ծամոնի հիմքում ACE2 սպիտակուցն է, որն աճեցվում է գենետիկ տեխնոլոգիաների և բուսական նյութերի միջոցով: Փորձի համար թիմն աճեցրել է ACE2-ը և այն միացրել բաղադրիչի հետ, որը թույլ է տալիս սպիտակուցին անցնել լորձաթաղանթով:
Հետազոտությունը ցույց է տվել, որ մաստակը կարողացել է կանխել վիրուսի ներթափանցումն օրգանիզմի բջիջներ, իսկ վարակված հիվանդների լորձունքում կտրուկ նվազել է ՌՆԹ պարունակող վիրուսի մակարդակը։
Ներկայումս գիտնականները մտադիր են կլինիկական փորձարկման թույլտվություն ստանալ՝ մշակումն ավելի արդյունավետ գնահատելու համար:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ամերիկացի գիտնականները հետազոտությունների համար ոչ վարակիչ SARS-CoV-2 են ստեղծել։