ՄԵՐ ՀԵՐՈՍՆԵՐԸՆորություններ

«Նվերին ասել են՝ դու մի արի, 4 երեխա ունես. ասել է՝ որտեղ իմ ընկերները, այնտեղ ես». զոհված սահմանապահի կնոջ պատմությունը

Նվեր Ասատրյանի սերը՝ զինվորականի մասնագիտությունը, ժառանգվել էր հորից։ Նվերի հայրը՝ Սամվել Ասատրյանը, ևս զինվորական է եղել։ Արցախյան պատերազմում զոհված սահմանապահի կինը ԳԱԼԱ-ի հետ զրույցում պատմում է՝ Նվերը ուզում էր, որ մեր տղան ևս սահմանապահ զորքերում ծառայի։

«Սեպտեմբերի 27-ի առավոտյան զանգ եկավ, թե տագնապ են տվել, և պետք է Նվերը դիրքեր բարձրանա։ Այդպիսի դեպքեր էլի են եղել, որ տագնապով կանչեն։ Նվերը պայուսակը հավաքեց ու գնաց, ինձ չէր ասել, թե ինչ է եղել, գնացել է, նոր եմ իմացել, որ պատերազմ է։

Զանգեցի, ասաց՝ ամեն բան նորմալ է, մի անհանգստացիր, ամեն ինչ լավ կլինի։

Հորադիսում է ամուսինս կռվել։

Նվերին ասել են՝ դու մի արի, 4 երեխա ունես, ինքն էլ ասել է՝ որտեղ իմ ընկերները, այնտեղ ես։ 20 հոգուց միայն ամուսինս հետ չեկավ»,- պատմում է Արցախյան պատերազմում զոհված Նվեր Ասատրյանի կինը՝ Լիլիթ Ասատրյանը։

Բարի, բոլորին հասնող, ընկերասեր, կյանք ու ազատություն սիրող. ահա այսպես է Լիլիթը ամուսնուն նկարագրում։

«Վերջին անգամ ամուսինս հոկտեմբերի 2-ի առավոտյան 8-ին զանգեց ասաց՝ ամեն ինչ լավ է, մի անհանգստացիր, հետո կզանգեմ էլի, սիրում եմ քեզ, ու անջատեց։

Հոկտեմբերի 2-ից ամուսինս անհետ կորած է եղել, մարմինը գտել ենք փետրվարի 16-ին։

Չգիտեինք, որ մահացած է, ամսի 2-ի գիշերն է եղել հարձակումը, բայց իրեն կռվելիս են տեսել, մահացած չեն տեսել, և դրա համար էլ հույսներս չէինք կորցնում։ Մի քանի անգամ էլ ինձ գրել էին, թե տեսել էին Նվերին։

Ես ապրել չէի ուզում, կյանքը կանգ է առել ինձ համար, չգիտեմ՝ ինչ ուժ է սա, որ ես դեռ ապրում եմ, ինձ վրա զարմանում եմ, որովհետև առանց Նվերի ես հինգ րոպե չէի կարող մնալ… մենք ոչ միայն ամուսիններ էինք, այլ նաև շատ լավ ընկերներ»,- շարունակում է Լիլիթը։

Լիլիթ Ասատրյանն ասում է, որ մի կողմից հպարտ է, որ հերոսի կին է, բայց իրեն ու իր երեխաներին Նվերի լինելն է պետք։

«Ես հիմա ապրում եմ իմ երեխաների համար, դեռ փոքր են, շատ բան չեն հասկանում։ Տղաս շատ է հարցնում, թե պապան ինչի՞ չի գալիս, ասում եմ՝ գնացել է Աստված պապիկի մոտ»,- եզրափակեց Արցախյան պատերազմում զոհված սահմանապահ Նվեր Ասատրյանի կինը՝ Լիլիթ Ասատրյանը։

Նվեր Սամվելի Ասատրյանը ծնվել է 1986թ. մայիսի 26-ին Աշտարակի շրջանի Կոշ գյուղում, բայց դեռևս 1988-ի երկրաշարժից առաջ տեղափոխվել են Գյումրի։

2016-2020 թթ. ծառայել է ԱԱԾ սահմանապահ զորքերում։ Զոհվել է հոկտեմբերի 2-ին Հորադիսի մարտերի ժամանակ։

Հետմահու պարգևատրվել է մարտական ծառայություն մեդալով։ Ամուսնացած էր, ունի 4 զավակ։

Անահիտ Չալիկյան

Back to top button
Close