Նորություններ

Ավտովթար Երևանում. բախվել են Mercedes-ն ու BMW-ն. կան վիրավորներ

Երեկ՝ դեկտեմբերի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:30-ի սահմաններում Շիրակի փողոցի թիվ 74/10 հասցեի դիմաց բախվել են Արարատի մարզի բնակիչներ, 25-ամյա Արայիկ Գ.-ի վարած Mercedes մակնիշի և 23-ամյա Ռուբիկ Գ.-ի վարած BMW մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից  հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ռուբիկ Գ.-ն, ուղևորներ, Երևանի բնակիչ, 21-ամյա Էրիկ Գ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են  «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղից այնուհետև  տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների  նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 4 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները:

Վիրավորներին փրկարարները դուրս են բերել BMW-ից և մոտեցրել օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության ավտոմեքենային:   Հրշեջ- փրկարարները այնուհետև հոսանքազրկել են  ավտոմեքենաները:

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Նիկոլայ Ավետիսյանի գլխավորությամբ:

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Գագիկ Ասլանյանն ու Վաղարշակ Սարգսյանը, որպեսզի հետաքրքրասեր վարորդները ավտոմեքենաները չկայանեն և խցանում տեղի չունենա:

Վթարի մասին  պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է  հետաքննական  խումբը՝ բաժանմունքի պետ  Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Հովհաննես Սարգսյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ  Հ. Սարգսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Ֆոտոլրագրողը հայտնում է , որ բախման հետևանքով BMW-ն դուրս է եկել ճանապարհի  երթևեկելի գոտուց, բախվել է ծառին  և էլեկտրասյանը, Mercedes-ի անվահեծաններից մեկն էլ կոտրվել է:

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առջև խոսել, ասում էին, որ  նշված ավտոմեքենաները  «գոնկավատ էին լինում», ինչի հետևանքով էլ տեղի ունեցավ վթարը:

Ոստիկանությունը պարզում է՝  արդյոք տեղեկությունը համապատասխանում է իրականությանը, թե ոչ, իսկ վարորդներ էլ  նույն մարզի նույն գյուղի բնակիչներ են:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Back to top button
Close