Նորություններ

Քվեաթերթիկը քվեասենյակից դուրս բերելու դեպք արձանագրվել է 2 ընտրատեղամասերում. «Անկախ դիտորդ»

«Անկախ դիտորդ» դիտորդական առաքելությունը հայտարարություն է տարածել՝ ՏԻՄ ընտրություններում 12:00-ի դրությամբ դիտարկման արդյունքների վերաբերյալ:

Հայտարարությունում ասվում է.

«Անկախ դիտորդ» դիտորդական առաքելությունը 2021 թ. դեկտեմբերի 5-ի առավոտյան 7:00-ից սկսած դիտարկում է Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Վայոց ձորի և Տավուշի մարզի 36 համայնքներում համամասնական ընտրակարգով անցկացվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները։

Ընտրությունների ընթացքին հետևում են առաքելության շուրջ 390 դիտորդներ։ Դիտորդները տեղաբաշխված են հունիսի 20-ի ԱԺ ընտրությունների քվեարկության ընթացքում ընտրական տարբեր վարք դրսևորած տեղամասերում, ինչպես նաև այցելում են մյուս տեղամասերը և շրջագայության միջոցով դիտարկում համայնքներում ընդհանուր մթնոլորտն ու իրավիճակը: Շրջիկ դիտորդական խմբերը դիտարկել են նաև հանձնաժողովի նիստը լրացուցիչ տեղամասերում։

Ստորև ներկայացնում ենք 168 տեղամասերում հանձնաժողովների նիստի դիտարկման ժամանակահատվածի վիճակագրական արդյունքները և մինչև ժամը 12:00-ն առաքելության իրավաբանների և շրջիկ խմբերի կողմից արձանագրված միջադեպերը:

Այսպես, հանձնաժողովի նիստի ընթացքում դիտարկված 168 տեղամասային կենտրոններից 9-ում ՏԸՀ նիստը նախատեսված 7։00-ի փոխարեն մեկնարկել է 10-20 րոպե ուշացումով՝ հանձնաժողովի անդամների ուշացման և դրա հետևանքով քվորում չլինելու պատճառով։

Դիտարկված 168 տեղամասային կենտրոններից 4-ում քվեարկության սենյակը գտնվել է նկուղում, իսկ 15-ի դեպքում՝ 2-րդ հարկում:

24 տեղամասային կենտրոններ գնահատվել են որպես բացարձակապես ոչ մատչելի, աստիճաններով մուտքի դեպքում չեն ունեցել թեքահարթակ և լայն մուտք, իսկ քվեարկության սենյակում և քվեախցիկում հնարավոր չի եղել ազատորեն տեղաշարժվել:

Տեսողության խնդիրներ ունեցող անձանց ինքնուրույն քվեարկության համար նախատեսված որևէ հատուկ միջոց առկա չէ դիտարկված տեղամասերից 19-ում։ 10 քվեասենյակում լուսավորությունը գնահատվել է ոչ բավարար։

Դիտարկված տեղամասերից 8-ում հանձնաժողովի գործառույթները վիճակահանությամբ չեն բաշխվել, մեկ դեպքում վիճակահանությունն իրականացվել է միայն մեկ հերթափոխի համար, մեկ այլ դեպքում՝ վիճակահանությունն իրականացվել է նախորդ օրը:

7 տեղամասերում քվեախցիկները տեղադրված են եղել պատից 1 մետրից պակաս հեռավորության վրա կամ քվեախցիկների հետևում եղել է բաց տարածք, որից հնարավոր է բացահայտել ընտրողի քվեարկությունը:

4 տեղամասերում արձանագրվել է քվեասենյակում ներկա գտնվելու իրավունք չունեցող ոստիկանի ներկայություն․ 5 տեղամասերում գրանցվել են միևնույն կուսակցության մեկից ավելի վստահված անձինք:

Դիտարկված տեղամասերից միայն 15-ում ներկայացված չեն եղել առաջադրվող ուժերից որևէ մեկի վստահված անձինք:

Ուշագրավ է, որ 4 ընտրատեղամասերում քվեաթերթիկների թիվը պակաս է եղել ընտրողների թվից: Քվեաթերթիկը քվեասենյակից դուրս բերելու դեպք արձանագրվել է 2 ընտրատեղամասերում:

«Անկախ դիտորդը» շարունակում է հետևել ընտրությունների ընթացքին տեղամասերում դիտորդների և շրջիկ դիտորդական խմբերի միջոցով:

 

Back to top button
Close