ՄԵՐ ՀԵՐՈՍՆԵՐԸՆորություններ

«Իր մայրիկի միակ զավակն էր, մենք խնդրում էինք, որ չգնա, բայց…». Հայկը գնաց Արցախը պաշտպանելու, զոհվեց Սյունիքում

«Հայկը մոտենում է, որպեսզի տեսնի հակառակորդի դիպուկահարին, այդ պահին թշնամու կրակոցից վիրավորվում են Հայկն ու նրա զինակից ընկերը՝ Մայիսը»

«Երբ Արցախյան 44-օրյա պատերազմը սկսվել էր, Հայկը տեղը չէր գտնում… նա կամավորագրվեց հայրենիքի պաշտպանության գործին: Հայկը պատերազմի ժամանակ Կապանի դիրքերում էր, շատ էր նեղվում, որ էդ պահին Արցախում չի կռվում և պատերազմական գործողությունների կենտրոնում չէ:

Հայկն իր մայրիկի միակ զավակն էր, մենք խնդրում էինք, որ չգնա, բայց նա ասում էր՝ ոտքեր էլ ունեմ, ձեռքեր էլ ունեմ, առողջ եմ, ինչի՞ պիտի չգնամ:

Հայկի գնալուց առաջ մեր հարազատներից զոհեր էինք ունեցել, եւ մենք էլ ուժ չունեինք նորից պատերազմի դաշտ ուղարկել մեր հարազատին:

Հայկը կարող էր օգտագործել այն փաստը, որ մայրն իր խնամքին է մնալու, ու չգնար, բայց չարեց… էդպես էր որոշել: Նա ամենից շատ սիրում էր հայրենիքը և ապացուցեց, որ հայրենիքը բառերով չպիտի սիրել:

Անգամ պարտադիր ժամկետային ծառայության ժամանակ, երբ իր միակողմանի ծնողազուրկ լինելու հանգամանքը իրեն թույլ էր տալիս, որ մոտ ծառայի, ինքը ամեն ինչ անում էր, որ Արցախում ծառայի: Ասում էր՝ ես պիտի Արցախում ծառայեմ, տղու տեղը Արցախն է, Արցախում են տղամարդ դառնում»,- ԳԱԼԱ-ի  հետ զրույցում պատմում է Արցախյան պատերազմի ժամանակ զոհված կամավորական Հայկ Գրիգորյանի հորեղբոր կինը՝ Աննա Գրիգորյանը:

«Հայկը պարզ, մաքուր, անկեղծ մարդ էր… միշտ ասում էինք՝ Հայկ, քո միակ թերությունը քո միամտությունն է: Շուտ էր նվիրվում, կամեցող էր, վերջին շապիկն էլ  ուզեիր, ինքը կարող էր մնալ, բայց տար  դիմացինին:

Երազանքներ  շատ ուներ, բայց ոչ բոլոր երազանքների մասին էր ասում. ուզում էր ընտանիք կազմել և Երևանում բնակարան ունենալ»,- պատմում է Աննա Գրիգորյանը:

Հայկ Գագիկի Գրիգորյանը ծնվել է 1998թ. հուլիսի 14-ին Սյունիքի մարզի Քաջարան քաղաքում: Նրա ծնվելուց երեք ամիս անց մահացել է հայրը, իր մոր միակ զավակն էր։ 2014թ.-ին ընդունվել է Կապանի պոլիտեխնիկական ինստիտուտ։ Ուսումը կիսատ  թողնելով՝  մեկնել է պարտադիր ժամկետային ծառայության: Ծառայել է Սիսիանի զորամասում, ծառայության ժամանակ արժանացել է բազմաթիվ շնորհակալագրերի, պատվոգրերի։

44-օրյա պատերազմի ժամանակ Հայկ Գրիգորյանը, փրկելով վեց զինակից ընկերներին, անմահանում է նոյեմբերի 1-ին Դավիթ Բեկի պաշտպանական դիրքում։

Աննայի խոսքերով՝ երբ խոսել են Հայկի հետ, չնայած դրանք կարճ տևողությամբ են եղել, Հայկը լավատեսորեն է գնահատել իրավիճակը և մեծ հավատ է ունեցել, որ հաղթելու ենք:

«Նոյեմբերի 1-ին, հերթական հերթապահության ժամանակ մարտական ընկերը՝  դիպուկահար Մայիսը, նկատելով հակառակորդի դիպուկահարին, տեղեկացնում է  Հայկին, և Հայկն էլ շտապ մոտենում է, որպեսզի տեսնի հակառակորդի դիպուկահարին, այդ պահին թշնամու կրակոցից վիրավորվում են Հայկն ու Մայիսը։ Հայկը, փրկելով վեց զինակից ընկերներին, անմահանում է նոյեմբերի 1-ին Դավիթ Բեկի պաշտպանական դիրքում։

Ճակատագիրն իրենն արեց… Հայկը Արցախում չծառայեց ու զոհվեց Դավիթ Բեկում: Մարդը չէ որոշողը, չեմ կարող ասել՝ ինչ կլիներ, եթե Արցախում լիներ»,- եզրափակեց Արցախյան պատերազմի ժամանակ զոհված հերոսի հորեղբոր կինը՝ Աննա Գրիգորյանը:

Անահիտ Չալիկյան

Back to top button
Close