Նորություններ

Ողբերգական ավտովթար՝ Լոռու մարզում. 38-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է բետոնե արգելապատնեշներին և մի քանի մետր բարձրությունից գլխիվայր շրջվել. կա զոհ

Երեկ՝ դեկտեմբերի 3-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 22։40-ի սահմաններում Տավուշի մարզի բնակիչ՝ 38-ամյա Կարեն Գաբոյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Վանաձոր-Վրաստանի Հանրապետության սահման Մ6 միջպետական ավտոճանապարհի 75 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում կորցրել է ավտոմեքենայի կառավարումը և բախվել ճամփեզրի բետոնե արգելապատնեշներին ու մի քանի մետր բարձրությունից գլխիվայր ընկել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Կ. Գաբոյանը տեղում մահացել է։

Դին ավտոմեքենայի տակից դուրս են բերել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Լոռու մարզի փրկարարական վարչության Թումանյանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները։

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի, նույն վաշտի ավագ հետաքննիչ Գարիկ Մելիքսեթյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև ոստիկանության Թումանյանի բաժնի օպերատիվ  խումբը՝ բաժնի պետ Ա. Գուրջանյանի գլխավորությամբ;

Դեպքի վայր է ժամանել նաև «Ռեսո» ապահովագրական ընկերության վթարային փորձագետ Արամ Միքայելյանը։

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Խաչատրյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Ավտոմեքենան վերամբարձ կռունկի միջոցով դուրս է բերվել անվտանգ վայր և տեղափոխել ոստիկանության Թումանյանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Back to top button
Close