ՄԵՐ ՀԵՐՈՍՆԵՐԸՆորություններ

«Պետք է ռուսական բանակ գնար, հայերեն լավ չգիտեր, բայց ինքն ուզում էր Արցախում ծառայել». 19-ամյա Սերյոժան զոհվել է հենց պատերազմի առաջին օրը

19-ամյա Սերյոժան պնդում էր, որ ինքը պիտի իր հայրենիքում ծառայի և շեշտում, որ անպայման Արցախում պիտի ծառայի, որովհետև իսկական տղամարդ Արցախում են դառնում:

«Սերյոժաս 3 տարեկան էր, որ մենք ընտանիքով տեղափոխվեցինք Ռուսաստան։ Որդիս մեծացել և դպրոց է հաճախել Ռուսաստանում: Քանի որ Սերոժս պիտի բանակ գնար, 2019թ.-ին վերադարձել ենք Հայաստան: Դա իր կամքն էր, անընդհատ ասում էր, որ ինքը պիտի իր հայրենիքում ծառայի և շեշտում, որ անպայման Արցախում պիտի ծառայի, որովհետև իսկական տղամարդ Արցախում են դառնում։ Դեկտեմբերի 25-ին ծառայության անցավ Հադրութում, իսկ փետրվարի 1-ին երդման արարողությունն էր, և դա վերջին անգամ էր, որ տեսա իմ որդուն»,- ԳԱԼԱ-ի  հետ զրույցում պատմում է ժամկետային զինծառայող Սերյոժա Աբրահամյանի մայրը՝ Հասմիկ Աբրահամյանը:

Սերյոժա Կարենի Աբրահամյանը ծնվել է 2001թ. հոկտեմբերի 3-ին Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքում:

Ընդունվել է ՌԴ Պլեխանովի անվան տնտեսագիտական համալսարան, 3 ամիս սովորելուց հետո, կրթությունը կիսատ թողնելով, մեկնել է պարտադիր ժամկետային զինծառայության:

Ծառայության է անցել Հադրութում որպես դիպուկահար և պատերազմի առաջին իսկ օրից իր զինակից ընկերների հետ պատերազմի առաջին հարվածը վերցրել իր վրա: Զոհվել է սեպտեմբերի 27-ին իր 7 զինակից ընկերների հետ միասին:

«Հարմարվել էր ծառայությանը, բայց չէր սիրում ծառայությունից պատմել, և հենց հարցեր էի տալիս, ասում էր՝ մամ, нельзя, որ գամ, ամեն ինչ կասեմ, բայց հիմա չէ, խնդրում եմ, և թեման փոխում էր: Պետք է ռուսական բանակ գնար, հայերեն լավ չգիտեր, բայց ինքն է ասել, որ ինքն ուզում է Արցախում ծառայել, և եղավ այնպես, ոնց նա ուզել էր, և շատ գոհ էր իր ծառայությունից:

Սերոժս ծառայել է որպես դիպուկահար, երբ իմացա, որ դիպուկահար է, շատ բարկացա… ասում էի՝ այ  բալես, դա պատասխանատու գործ է, խնդրում եմ՝ հրաժարվի: Ինձ ասաց՝ մամ ջան, ես գիտեմ՝ ինչ եմ անում:

Սերոժս շատ խելացի էր, շատ լավ էր սովորում: Ինձ  միշտ ասում էր՝ մամ ջան, էնքան եք հպարտանալու ինձանով… Երբ խոսում էի հետը, ամեն անգամ դա էր ասում»,- պատմում է հերոսի մայրը:

Նրա խոսքերով՝ իր որդով միշտ է հպարտ եղել, Սերյոժան միշտ է այնպես իրեն դրսևորել, որ մայրը գլուխը միշտ բարձր քայլի:

«Սերոժս ինձ զանգեց սեպտեմբերի 24-ի գիշերը, երկար խոսեցինք, ասաց՝ մամ, առավոտ բարձրանում ենք դիրքեր, հանկարծ չզանգես, էս անգամ մեծերով ենք, հենց հարմար լինի, ես կզանգեմ, ինձ չեք կարող  զանգել, որովհետև հեռախոսս չեմ տանելու… հետո ես կզանգեմ: Անիծյալ  պատերազմը սկսվեց, շատ անհանգիստ էինք, Սերոժիցս ոչ մի լուր չունեինք։ Իմ տղեն հենց պատերազմի առաջին օրն է զոհվել իր 7 ընկերների հետ  միասին»,-ասում է տիկին Հասմիկը:

Աբրահամյանների ընտանիքը որդու զոհվելուց 1,5 ամիս անց է գտել որդու մարմինը:

«Սերոժիս գտել ենք դեկտեմբերի 1-ին, ԴՆԹ-ի արդյունքները հաստատվեց փետրվարի 26-ին, և երեխուս փետրվարի 28-ին հանձնել ենք հողին»,- եզրափակեց Արցախյան պատերազմում զոհված Սերյոժա Աբրահամյանի մայրը՝ Հասմիկ Աբրահամյանը:

Անահիտ Չալիկյան

Back to top button
Close