Միջազգային մամուլի տեսությունՆորություններ

Ուկրաինայի մաշված օդուժն ի զորու չէ կասեցնել ռուսական ներխուժումը, և Կիևը գիտի այդ մասին. Forbes

«Ռուսաստանը կարող է օգտագործել հարյուրավոր ժամանակակից ինքնաթիռներ Ուկրաինայի դեմ հարձակման համար. ի հակադրություն, Ուկրաինայի ռազմաօդային ուժերը կկարողանան կենտրոնացնել միայն մի քանի տասնյակ հին կործանիչներ և գրոհային ինքնաթիռներ»

«Ուկրաինայի սահմանի մոտ գրեթե 100 հազարանոց ռուսական զորամիավորում է կենտրոնացած՝ զինտեխնիկայով և սպառազինությամբ։ Եթե ​​առաջիկա ամիսներին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Ուկրաինա ներխուժելու հրաման տա, ապա այդ երկրի հին ու մաշված օդուժը գործնականում անզոր կլինի նման արմադայի առաջ»։

Այս մասին, ԳԱԼԱ-ի փոխանցմամբ, գրում է ամերիկյան Forbes հանդեսի թղթակից Դեյվիդ Էքսը:

«Ռուսաստանը կարող է օգտագործել հարյուրավոր ժամանակակից ինքնաթիռներ Ուկրաինայի դեմ հարձակման համար. ի հակադրություն, Ուկրաինայի ռազմաօդային ուժերը կկարողանան կենտրոնացնել միայն մի քանի տասնյակ հին կործանիչներ և գրոհային ինքնաթիռներ»։

Ուկրաինայի կառավարությունը տեղյակ է այս խնդրի մասին։ «Ուկրաինայի դեմ բացահայտ զինված ագրեսիայի սանձազերծման ամենավտանգավոր սցենարի դեպքում Ռուսաստանի Դաշնությունը կկարողանա կազմավորել մինչև 500 ինքնաթիռից կազմված ավիացիոն խմբավորում»,-ասվում է Ուկրաինայի կառավարության 2020 թվականի պլանավորման փաստաթղթում:

«Ռուսաստանի ռազմաօդային ուժերն ավիացիոն խմբում կարող են ներառել Սու-34, Սու-35, ՄիԳ-35 և Սու-57 ինթնաթիռների նորագույն մոդելներ։ Այս օդային արմադային հակակշռելու համար Ուկրաինան կարող է օդ բարձրացնել միայն 125 հատ Սու-24, Սու-25, ՄիԳ-29 և Սու-27 ինքնաթիռ, որոնք Կիևը ժառանգել է Խորհրդային Միությունից 1991 թվականին։ 30 տարվա ընթացքում Ուկրաինան ոչ մի նոր կործանիչ կամ գրոհային ինքնաթիռ ձեռք չի բերել»,-գրում է ամերիկյան պարբերականը։

«Սա իր հերթին հանգեցրեց ազգային ռազմարդյունաբերական համալիրի զգալի անկման: Մենք դադարեցրինք ներդրումներ կատարել և նախադրյալներ ստեղծեցինք ճգնաժամային իրավիճակի առաջացման համար: Դա ստիպում է արտերկրում ձեռք բերել այդպիսի սպառազինություն, ինչը զգալի ֆինանսական ներդրումներ է պահանջում»,- հայտնել են Ուկրաինայի կառավարությունից։

«Այն բանից հետո, երբ Ռուսաստանը 2014 թվականին գրավեց Ղրիմի թերակղզին, իսկ այնուհետ աջակցեց հակակառավարական անջատողականներին Արևելյան Ուկրաինայի երկարատեւ ու ծանր պատերազմում, Միացյալ Նահանգները և ՆԱՏՕ-ի այլ երկրներ Ուկրաինային միլիարդավոր դոլարների ռազմական օգնություն տրամադրեցին: Բայց դա չի ներառում ո՛չ ինքնաթիռներ, ո՛չ ՀՕՊ սարքավորումներ։ Երբ անցյալ շաբաթ Ուկրաինայի ռազմաօդային ուժերը խոշոր զորավարժություններ անցկացրեցին երկրի հարավում, օգտագործեցին նույն հին ինքնաթիռներն ու հրթիռները»,-շարունակում է ամերիկացի լրագրողը։

«Ուկրաինայի զինված ուժերին հաջողվել է ձեռք բերել թուրքական TV-2 մարտական ​​անօդաչու թռչող սարքերի փոքր խմբաքանակ։ Դրանք արդեն օգտագործել են անջատողականների հրետանին ոչնչացնելու համար։ Բայց մի քանի ԱԹՍ-ները համեմատելի չեն հարյուրավոր ռուսական կործանիչների հետ, որոնք կարող են զանգվածաբար հարված հասցնել Ուկրաինային:

Նոյեմբերի կեսերին Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը մեկնել էր Վաշինգտոն՝ օգնության խնդրանքով։ ԱՄՆ Սենատի պաշտոնյան BBC-ին հայտնել էր, որ Ռեզնիկովը խնդրել է հակաօդային պաշտպանության համակարգեր, ինչպիսիք են Patriot միջին հեռահարության հրթիռները։ Բայց Ուկրաինային շտապ մատակարարումներ են պետք, ինչը նշանակում է, որ ԱՄՆ-ը պետք է հնարավորինս արագ տրամադրի ավելի փոքր ու պարզ համակարգեր, ասենք՝ Stinger-ներ»,-գրում է Forbes-ը:

«Ես անհանգստացած եմ առաջիկա երկու ամիսների համար. մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի փոխենք իրավիճակը»,-ասել է Սենատի պաշտոնյան:

«Մինչև 2035 թվականի իր ռազմավարության փաստաթղթում Ուկրաինայի կառավարությունը նշել է, որ մինչև 2023 թվականը պետք է ձեռք բերի 6-ից 12 ժամանակակից ինքնաթիռ, որպեսզի սկսի հին ինքնաթիռների փոխարինման երկարատև գործընթացը: Բայց դրա համար պայմանագիր պետք է կնքվի 2022 թվականին։ Կիևը նոր կործանիչների գնման մրցույթ չի հայտարարել:

Այսպիսով, եթե Ռուսաստանը հարձակվի, Ուկրաինայի ռազմաօդային ուժերը պետք է մարտադաշտ ուղարկեն գոյություն ունեցող ինքնաթիռները, եւ դա այն դեպքում, եթե դրանք կարողանան օդ բարձրանալ հզոր ռմբակոծության պայմաններում»,-եզրափակել է Forbes հանդեսը:

Back to top button