ՀԵՏԱՔՐՔԻՐ ԷՆորություններ

Ամերիկացիներն աղի բյուրեղի չափ ունեցող տեսախցիկ են ստեղծել

Փրինսթոնի և Վաշինգտոնի համալսարանների գիտնականները ստեղծել են աղի բյուրեղի չափ ունեցող գերկոմպակտ տեսախցիկ:

Մանրադիտակային տեսախցիկները մարդու օրգանիզմում առկա խնդիրները հայտնաբերելու մեծ ներուժ ունեն և թույլ են տալիս փոքրիկ ռոբոտային համակարգեր ստեղծել: Մինչդեռ նախկինում օգտագործված տեխնոլոգիաները թույլ չէին տալիս հստակ պատկերներ ստանալ առանց աղավաղումների, իսկ տեսախցիկները սահմանափակ տեսադաշտ ունեին։ Փրինսթոնի և Վաշինգտոնի համալսարանների գիտնականները հաղթահարել են այս խնդիրները՝ ստեղծելով աղի բյուրեղի չափ ունեցող գերկոմպակտ տեսախցիկ:

Այս մասին, ԳԱԼԱ-ի փոխանցմամբ, հայտնում է phys.org-ը:

Նոր համակարգը կարող է ստեղծել պարզ, ամբողջական գունավոր պատկերներ, որոնք համեմատելի են սովորական տեսախցիկի ոսպնյակներով արված լուսանկարների հետ, բայց 500.000 անգամ ավելի շատ տեղեկատվություն են արձանագրում: Մշակողները կարծում են, որ նոր տեխնոլոգիան կարող է օգտագործվել սմարթֆոնների համար գերլայն ոսպնյակներ ստեղծելու համար՝ սարքերի հետևի վահանակի ողջ մակերեսը վերածելով ոսպնյակի։

Նոր մոտեցումը հիմնված է մետամակերևույթի վրա, որի արտադրությունը նման է համակարգչային պրոցեսորի ստեղծմանը։ Ընդամենը կես միլիմետր լայնությամբ մետամակերևույթը պարունակում է 1,6 միլիոն գլանաձև փոքրիկ սյունիկեր, որոնց չափերը համեմատելի են մարդու իմունային անբավարարության վիրուսի (ՄԻԱՎ) չափերի հետ։

Օգտագործելով մեքենայական ուսուցման վրա հիմնված ալգորիթմներ՝ գիտնականները կարողացել են ստանալ ամենաորակյալ պատկեր և ավելի լայն տեսադաշտ, ինչը հնարավորություն է տվել ստեղծել ամբողջական գունավոր մետամակերևութային տեսախցիկ: Նոր տեխնոլոգիան կկիրառվի նաեւ բժշկության մեջ՝ էնդոսկոպիկ եղանակով ներքին օրգանների հետազոտման ժամանակ։

Back to top button
Close