Նորություններ

Գոգաշեն և Ափնիա. գազից, ջրից և ճանապարհից զուրկ

Ախալքալաքում դեռ կան գյուղեր, որտեղ մարդիկ ստիպված են ապրել առանց որոշ կարևորագույն պայմանների: Ափնիա և Գոգաշեն գյուղերը պատկանում են այդ գյուղերի շարքին:

Այս գյուղերը լինելով տարբեր, ունեն նույնատիպ խնդիրներ, որոնց հետ մարդիկ կարծես համակերպվել են:

Այդ խնդիրներից են ճանապարհների անմխիթար վիճակը, տրանսպորտի բացակայությունը, ինչի պատճառով մարդիկ ստիպված են լինում մինչև Ախալքալաք հասնելու համար տաքսիներին վճարել 40-45 լարի:

Բնակիչների համար մտահոգիչ խնդիր է նաև ջրի հարցը, բացի ոռոգման ջրի բացակայությունից, մարդիկ անգամ տներում չունեն խմելու ջուր:

Իսկ ամենակարևոր խնդիրը համարում են գազաֆիկացումը, կամ, ավելի ճիշտ, դրա բացակայությունը: Երկու գյուղում էլ չկա գազ, այդ պատճառով մարդիկ տան տաքացման համար օգտագործում են վառելափայտ:

Ափնիա գյուղի բնակիչ Գիվին նշում է. «Բավականին բարձր գնով ձեռք ենք բերում վառելափայտ, իսկ պետության կողմից որպես օգնություն ստանում ենք չնչին քանակի փայտ»:

Իսկ Գոգաշեն գյուղի դպրոցի տնօրեն էթերի Նադիրաձեն նշում է, որ գյուղում ցավալի խնդիր է նաև գործազրկությունը: Երիտասարդները, որոնք բարձրագույն կրթություն են ստանում, չեն ուզում գյուղ վերադառնալ, քանի որ գյուղում չկա աշխատատեղ:

«Ինչ վերաբերում է դպրոցին, այն ևս ունի բազում խնդիրներ, օրինակ այն, որ չկա մարզադահլիճ և աշակերտները սպորտի դասին սահմանափակվում են դասարաններում շախմատ խաղալով, իսկ դրսում խաղալ հնարավոր է միայն տաք եղանակին, այն էլ միայն բակում, այլ ոչ թե խաղահրապարակում»:

jnews.ge

Back to top button
Close