Նորություններ

«Քանի դեռ Արցախի հարցը լուծված չէ, կարծում եմ՝ պետք չէ գնալ դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացի». Ն. Շադունց

«Քանի դեռ Արցախի հարցը լուծված չէ, կարծում եմ՝ պետք չէ գնալ դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացի: Այս գործընթացը առանց ուժի պարտադրանքի, խաղաղ, տասը անգամ չափելով, մեկ անգամ կտրելով պետք է իրականացվի»

«Սյունիքի շուրջ թե ինչ զարգացումներ են տեղի  ունենում, դրան հստակ պատասխան միայն պետական այրերը կարող  են տալ: Ճանապարհները փակվել են, մի քանի գյուղեր հայտնվել են շրջափակման մեջ, ինչն ավելորդ խնդիրներ է առաջացնում մարդկանց համար։ Իրավիճակը անորոշ է, մարդիկ անհանգստացած  են… չգիտեն՝ ինչ է կատարվում, ինչ է լինելու: Գորիս-Կապան միջպետական ճանապարհի ադրբեջանական մաքսակետերը, ճիշտ է, կոնկրետ մեր համայնքի համար խնդիրներ չեն ստեղծել, որովհետև մեր համայնքի վարչական տարածքից դուրս են, բայց մեր բնակիչները, ովքեր կապ ունեն Գորիսի, Կապանի, Մեղրիի հետ, իրենց համար  իհարկե դժվար է, որովհետև մարդկանց ճանապարհը երկարել է, ուրիշ ճանապարհով են իրենց տեղաշարժը ապահովում»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Տեղ համայնքի նախկին ղեկավար Ներսես Շադունցը:

«Մենք պատերազմում պարտվել ենք, հիմա պարտված կողմ ենք, դա հո  չի  նշանակում, որ պիտի զիջենք, ինչ ուզեն, մենք պիտի հնազանդ ձևով նվիրենք թուրքին:

Ամեն մարդ ուզում է, որ իր երեխեն անվտանգ երկրում ապրի, ու ես որպես քաղաքացի ասում եմ, որ ինչը մեզնից է կախված, մենք դա անում ենք:

Ես որպես շարքային քաղաքացի մտածում եմ, որ մեզնից յուրաքանչյուրը ազգային շահը պետք  է վեր դասի անձնական շահից:

Էս  երկիրը պիտի երեխուդ նման սիրես, և ամեն մարդ պիտի  իր ուժերի չափով տեր կանգնի, թիկունք կանգնի սահմանը պահող մարդկանց: Մենակ էդ դեպքում է հնարավոր դուրս գալ էս իրավիճակից, ունենալ զարգացած երկիր և լինել  այնպիսին, որ քեզ հետ հաշվի նստեն, իսկ հիմա մենք թրջված ենք, խեղճացած, և մեզ կարեկցում են»,- ընդգծեց Ներսես Շադունցը:

Անդրադառնալով դեմարկացիայի և դելիմիտացիայի  գործընթաց սկսելու վերաբերյալ խոսակցություններին, նա հայտարարեց.

«Բնական է, որ կողմերից յուրաքանչյուրը  ձգտում է, որ իր համար բարենպաստ տարբերակով լուծվեն նման հարցերը: Մենք հիմա պարտված պետություն ենք, և պարտված  կողմը  ի՞նչ  դիրքերից կարող է խոսել:

Մենք նախ ինքներս մեզ համար  պիտի հասկանանք, թե ինչ վիճակում ենք, և հասկանանք՝ ինչ ենք ուզում:

Քանի դեռ Արցախի հարցը լուծված չէ, կարծում եմ՝ պետք չէ գնալ դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացի: Այս գործընթացը  առանց ուժի պարտադրանքի, խաղաղ, տասը անգամ չափելով, մեկ անգամ կտրելով պետք է իրականացվի»,- եզրափակեց Տեղ համայնքի նախկին ղեկավար Ներսես Շադունցը:

Անահիտ Չալիկյան

 

 

Back to top button
Close