Նորություններ

Գավառի պետական գյուղատնտեսական քոլեջում բացվել է կաթի վերամշակման ժամանակակից լաբորատորիա

Գավառի պետական գյուղատնտեսական քոլեջում դեկտեմբերի 1-ին բացվել է կաթի վերամշակման լաբորատորիա, որը հագեցած է ժամանակակից պահանջներին համապատասխանող սարքավորումներով։

Լաբորատորիայի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել և ներկաներին ողջունել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին և Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է ներկաներին լաբորատորիայի գործարկման կապակցությամբ և շնորհակալություն հայտնել այն գործընկերներին, որոնց ջանքերով հնարավոր է դարձել դրա ստեղծումը։ Նրա խոսքով՝ սա ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՀՀ և ՌԴ կառավարությունների հերթական համագործակցությունն է՝ ի նպաստ Հայաստանի կրթական համակարգի և ուսումնական հաստատությունների կարողությունների զարգացման։

«Այս ուղղությունը խիստ համահունչ է մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում ՀՀ կառավարության քաղաքականությանը։ ՄԿՈՒ ոլորտում մենք ունենք ամենամեծ, բայց չիրացված ներուժը, որը կարող է արագ արձագանքել տնտեսության կարիքներին և պատրաստել անհրաժեշտ մասնագետներ՝ դրանով իսկ նպաստելով հանրության և տնտեսության զարգացմանը։ Այս առումով՝ ամենևին պատահական չէ ծրագրի անվանումը՝ «Ապագայի հմտություններ և աշխատատեղեր՝ մարզաբնակ երիտասարդների համար», որը ցույց է տալիս, թե ինչպես կրթական հաստատությունում ստեղծված պայմաններն ուղիղ արձագանք են ստանում տնտեսության զարգացման տեսանկյունից։ Սա ամբողջությամբ համահունչ է ՄԿՈՒ ոլորտում աշխատանքի վրա հիմնված ուսուցման զարգացման մեր մոտեցումներին, և հույս ունենք, որ քոլեջը կլինի նախաձեռնող՝ գործատուների հետ համագործակցությունը սերտացնելու և տարբեր ծրագրեր իրականացնելու տեսանկյունից»,- նշել է նախարարի տեղակալը՝ որպես օրինակ մատնանշելով մասնագետների որակավորման բարձրացման դասընթացների և գործընկերների հետ համատեղ աշխատանքների իրականացումը, ինչպես նաև այլ ուսհաստատությունների դասախոսների վերապատրաստումների և վարպետության դասերի անցկացումը։

Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ նմանատիպ լաբորատոր բազաները պետք է ընդայնել և հասնել նրան, որ գյուղատնտեսության ոլորտում կրթության ամբողջական բարեփոխումը դառնա իրողություն, և ուսհաստատությունները փոխանակեն իրենց հաջողված փորձը։

«ՄԿՈՒ ոլորտի զարգացման քաղաքականության մեջ էապես կարևորում ենք նաև ուսհաստատությունների ձեռնարկատիրական գործունեությունը, և այդ առումով՝ նախաձեռնել ենք օրենսդրական փոփոխություններ, որոնք պետք է ավելի մեծ հնարավորություններ ընձեռեն ուսհաստատություններին՝ այդ կարողություններն օգտագործելու և հավելյալ արդյունք ստանալու համար, որն էլ իր հերթին հետագայում կօգտագործվի՝ ի նպաստ սովորողների համար ստեղծվող պայմանների և կրթության զարգացման»,- վստահեցրել է ԿԳՄՍ փոխնախարարը։

Միջոցառման մասնակիցները շրջել են կաթի վերամշակման լաբորատորիայում. քոլեջի մասնագետները պանրագործության վարպետության դասի ընթացքում նրանց են ներկայացրել լաբորատորիայի հնարավորությունները։

Նշենք, որ կաթի վերամշակման լաբորատորիան վերանորոգվել և վերազինվել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից իրականացվող «Ապագայի հմտություններ և աշխատատեղեր՝ մարզաբնակ երիտասարդների համար» ծրագրի շրջանակում՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համատեղ, ՌԴ ֆինանսավորմամբ։ Ծրագիրն ուղղված է ՀՀ չորս մարզերում՝ Լոռիում, Շիրակում, Տավուշում և Գեղարքունիքում, զբաղվածության հնարավորությունների ընդլայնմանը և երիտասարդների շրջանում ձեռներեցության խթանմանը։ Գավառի պետական գյուղատնտեսական քոլեջն աջակցություն է ստացել նաև ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի՝ «Կանանց տնտեսական հզորացման արագացում՝ նպաստելով Հայաստանում ՔՈՎԻԴ-19 հետևանքների վերականգման ջանքերին» ծրագրի կողմից՝ ՄԱԿ-ի Բազմագործընկերային նպատակային հիմնադրամի ֆինանսավորմամբ։ Գործընկերների հետ շարունակական համագործակցությունը և գործատուների մասնակցությունը քոլեջի շրջանավարտներին մրցունակ գիտելիքներ ստանալու և աշխատաշուկա հեշտ մուտք գործելու հնարավորություն կտան:

Նույն օրը տեղի է ունեցել նաև «Միքայելյան պանրի մառանի» բացման արարողությունը, որն աջակցություն է ստացել ՄԱԶԾ-ի «Ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացում» ծրագրի շրջանակում՝ Ռուսաստանի Դաշնության ֆինանսավորմամբ։ «Միքայելյան պանրի մառանն» արտադրում է էկոլոգիապես մաքուր պանրի տեսակներ, ինչպիսիք են՝ Արմպարմեզանը (հայկական Պարմեզան), գինու և կոնյակի օգտագործմամբ պատրաստված պանիրը, և այլ բացառիկ կաթնամթերք: Ծրագրի աջակցության արդյունքում մառանը կրկնապատկել է արտադրությունը և ավելացրել պանրի տեսականին՝ առաջարկելով պանրի պատրաստման գործընթացի վարպետության դասեր:

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Back to top button
Close