ՄԵՐ ՀԵՐՈՍՆԵՐԸՆորություններ

«Հուսոյի և 3 վիրավորների մարմինները թշնամին տեղափոխել է հատուկ վայր և առանձին-առանձին՝ քաջերին հատուկ պատվով հողին հանձնել». հերոսի մոր պատմությունը

«Հուսոն մինչև վերջին շունչը պայքարել է վիրավորների կյանքի համար։ Հուսոյի և երեք վիրավորների մարմինները թշնամին տեղափոխել է հատուկ վայր և առանձին-առանձին՝ քաջերին հատուկ պատվով հողին հանձնել»

«Հուսոս 6 տարեկանից դպրոց գնաց, շատ ընդունակ էր։ Դպրոցական տարիքից աշխատել է, շատ աշխատասեր էր ու շնորհքով։ Բնավորությամբ անհանգիստ էր ու միշտ շտապում էր։ Ասում էի՝ քեզ բանակ չեմ ուղարկելու, ասում էր՝ գնալու եմ Արցախ ու չեմ զանգելու, որ տեղս չիմանաք… էդպես էլ արեց: Նույնիսկ մղձավանջային երազում այսպիսի դաժան ցավ չէի կարող պատկերացնել»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում պատմում է Արցախյան պատերազմում զոհված կամավորական Հուսիկ Հովակիմյանի մայրը՝ Վիոլետա Նազարյանը:

Տիկին Վիոլետան պատմում է, որ Հուսիկը պատերազմի հենց երկրորդ օրը՝ սեպտեմբերի 28-ին, գնացել և ստիպել էր Արտաշատի զինկոմիսարիատի աշխատակիցներին, որ իրեն էլ Արցախ ուղարկեն։

«Շնչակտուր վազել է շարժվող ավտոբուսի հետևից ու նստել մեքենան: Սկզբում Ջրականում է կռվել, այնուհետև Հադրութում: Ինչպես քառօրյա պատերազմի օրերին, այնպես էլ այս պատերազմում միայն մի բան ենք լսել՝ լա՛վ եմ, շա՜տ լավ… Կռվի դաշտում մեկ հրանոթի կողքին էր, մեկ խրամատում, մեկ գրոհի պատրաստ խմբի մեջ, մեկ վարորդ էր, մեկ՝ հրամանատար․․․ Դեռ Ապրիլյանի օրերին էր հրամանատարը բողոքել, որ ամեն ինչ վերցնում է իր վրա։

Ջաբրայիլի ծանր մարտերի ժամանակ ընկերոջ՝ Էդգարի հետ դիրքում մնացել են մենակ: Դիրքապահների մի մասը զոհվել է, մյուսները՝ փախել կռվի դաշտից: Տղաներն ընկել են շրջափակման մեջ, ոչ միայն պահել են դիրքը, դիմացել թշնամու գրոհներին, հրետանու հարվածներին, այլև հակադարձ հարվածներ են հասցրել։ Նրանք երկու հոգով, թշնամուն շփոթեցնելու նպատակով, անընդմեջ տարբեր զենքերից ու զինատեսակներից կրակ են բացել թշնամու ուղղությամբ՝ մոլորեցնելով հակառակորդին: Թշնամին այդ ուղղությամբ անընդմեջ գրոհներ է կազմակերպել, հրետանային հարվածներ հասցրել դիրքին, փորձել գրավել այն, բայց դիրքի պաշտպան քաջերը թույլ չեն տվել: Միայնակ կռիվ են տվել թշնամու դեմ, մինչև ողջ զինամթերքը սպառվել է: Իջել են թիկունքի դիրք, հետո արդեն ապահովել այդ դիրքի զինվորների նահանջը:

Հադրութում շարունակել է կռիվը, ընկել են շրջափակման մեջ, 4-5 օր շրջափակման մեջ գտնվելուց հետո, մի մարդու նման, առանց կրակոցի, առանց կորստի կարողացել են դուրս գալ ու նոր դիրք զբաղեցնել:

Զանգել էր տուն ասում էր՝ մա՛մ ջան, լավ ես, չէ՞, պինդ ես, չէ՞։ Ես դավաճան չեմ դառնա, մա՛մ, դիմացի՛, մամ ջան, կռիվը պրծնի, կգամ…»,- պատմում է Հուսիկ Հովակիմյանի մայրը:

Հուսիկ (Հուսո) Գրիգորի Հովակիմյանը ծնվել է 1996թ. ապրիլի 23-ին Արարատի մարզի Բերքանուշ գյուղում: Դպրոցն ավարտելուց հետո դիմել է Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարան, բալերը չի հերիքել և ընդունվել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան, բայց միանգամից մեկնել է պարտադիր ժամկետային ծառայության:

Հուսիկ Հովակիմյանի մարտական մկրտությունը եղավ 2016թ.-ի ապրիլյան քառօրյա պատերազմին, երբ այն ժամանակ պարտադիր ժամկետային զինծառայող էր: Քառօրյա պատերազմին հրաշքով էր ողջ մնացել. արկն ընկել էր իր ու վառելանյութի բաքի արանքում ու չէր պայթել։

Հուսիկը սեպտեմբերի 28-ին կամավոր մեկնել է ռազմաճակատ, 24 օր կռվել է թուրք-ադրբեջանական ստորաբաժանումների դեմ, զոհվել է հոկտեմբերի 21-ին:

«Հոկտեմբերի 21-ին՝ այդ չարաբաստիկ օրն էլ տեղը չի նստել, ամեն ինչ արել է, որ զինակիցը ապրի։ Ասել է՝ հո չեմ թողնի՝ արնաքամ լինի… գրկել է իրենից ընդամենը մեկ տարով փոքր վիրավորին, դրել է շտապօգնության մեքենան ու իջել դիրքից, բայց այդպես էլ Մարտունու հոսպիտալ չի հասել: Ճանապարհին մեքենան շրջափակման մեջ է հայտնվել: Հուսոն մինչև վերջին շունչը պայքարել է վիրավորների կյանքի համար։ Թշնամին օրեր շարունակ պետական հեռուստաալիքներով տեսանյութեր էր հրապարակում ու հայտարարում, որ դիպուկահարի, դիվերսիոն խմբի է սպանել։ Հուսոյի և երեք վիրավորների մարմինները թշնամին տեղափոխել է հատուկ վայր և առանձին-առանձին՝ քաջերին հատուկ պատվով հողին հանձնել»,- շարունակում է Վիոլետա Նազարյանը:

«Ապրիլյանի ժամանակ ասում էր մեզ մոտ կռիվ չկա, բայց ամենաթեժ կետում էր։ Հրամանատարը կռվից հետո փեսայիս բողոքել էր, ասել էր` իրեն հեչ չի խնայում։ Բանակից եկավ, որոշեց խոհարարություն սովորել, ճիշտն ասած, զարմացել էինք, Երևանի կենտրոնում Վայն Հաուս կար, էնտեղ աշխատեց, հետո ընկերը Մոսկվա կանչեց. եվրոպական խոհանոցի բոլոր գաղտնիքներին տիրապետում էր, ասում էր՝ փող աշխատեմ գնամ Ֆրանսիայի խոհարարական ակադեմիայում սովորեմ։ Իր աշխատանքով 2 մեքենա էր առել արդեն։ Մոսկվայից որ ուզում էր գար, չէի ուզում, ասում էի՝ մի արի, էստեղ կռիվ է սկսելու, բայց ինձ չլսեց։ Հունիսին եկավ, սկսեց տունը վերանորոգել, ուզում էր ամուսնանալ։ Անտեր պատերազմը կործանեց ամեն ինչ»,-եզրափակում է հերոսի մայրը։

Հուսիկ Հովակիմյանի մարմինը դեկտեմբերի վերջին փոխանցվել է հայկական կողմին և հունվարին հանձնվել է մայր հողին:

Անահիտ Չալիկյան

Back to top button
Close