Նորություններ

Ողբերգական դեպք «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում. 2-ամյա երեխա է մահացել

Արդեն 2 ժամ է, Արարատի մարզի Մարմարաշեն գյուղի բնակիչներ՝ ամուսիններ Նարինե Սարգսյանն ու Սասուն Սահակյանը փորձում են Երևանի «Սուրբ Ատվածամայր» բժշկական կենտրոնի բուժանձնակազմից իմանալ, թե ինչն է եղել մոտ 3 ժամ առաջ իրենց 2-ամյա տղայի՝ Անդրանիկի մահվան պատճառը։

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում երեխայի հայրն ասում էր. «4 օր առաջ երեխայիս առողջական խնդիրներ ունենալու պատճառով բերեցինք «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։ Ինչ դեղեր, անգամ՝ արյուն, պահանջել են, շուտ հասցրել ենք։ Այսօր՝ մի քանի ժամ առաջ, մայրս կերակրել է երեխային, քնեցրել ու եկել է տուն։ Մոտ 3 ժամ առաջ հիվանդանոցից զանգահարում են, թե շտապ եկեք հիվանդանոց։ Մեր հարցին, թե ինչ խնդիր կա, պատասխանում են, թե՝ կգաք, կասենք։ Գալիս ենք հիվանդանոց, մեզ ասում են՝ ցավալի դեպք է տեղի ունեցել. երեխան մահացել է։ Չգիտենք՝ ինչ անենք։ Արդեն դիմել ենք Շենգավիթի ոստիկանություն, այնտեղից եկել են։ Մենք գիտենք, որ երեխային հետ չենք բերի, բայց վստահ ենք, որ երեխան մահացել է բժիշկների անփութության հետևանքով, ու հիմա պահանջում ենք, որպեսզի մեղավորները, որոնց մեջ է նաև բժշկուհի Չոբանյանը, օրենքի ողջ խստությամբ պատասխանատվության ենթարկվեն, ինչը դաս կլինի, որ հետագայում նման դեպքեր չկրկնվեն, ոչ մի ծնող էն ցավը չապրի, որ հիմա մեր ընտանիքն է ապրում։ Հայոց բանակին տալու էինք 3 տղա զինվոր, մեկի գլուխը էստեղ կերան»։

Իսկ երեխայի տատն էլ, արցունքները հազիվ զսպելով, պահանջում էր հիվանդանոցի ղեկավար կազմին, սակայն ոչ ոք չկար։ Հիվանդանոցից նրան պատասխանել են, թե այս պահին մարդ չկա։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ փաստի առթիվ ոստիկանության Շենգավիթի բաժնում նյութեր են նախապատրաստվում։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Back to top button
Close