Ընտրապայքարից դուրս մնացած «Իկիլիկյան» դաշինքը կհամագործակցի 2 քաղաքական ուժերի հետ
«Իմ հանդեպ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը քաղաքական վենդետա կիրառեց, որով ոտնահարվեցին իմ ընտրողների և թիմակիցների իրավունքները, բայց մենք կշարունակենք պայքարը ու կգնանք առաջ, կկարողանանք ձևավորել թիմ, որն ընտրվելուց հետո ժողովրդի խնդիրները կլուծի»:
Այս մասին, ԳԱԼԱ-ի փոխանցմամբ, հայտարարեց Ազատան համայնքի երկարամյա ղեկավար Վարդան Իկիլիկյանը ազատանցիների հետ հանդիպման ժամանակ:
Ազատանի մշակույթի տուն ընտրողներին նա էր հրավիրել ու ընտրողներին հայտնեց վերջին օրերի իրադարձությունների մասին՝ նշելով, որ թեև իր ղեկավարած դաշինքի անունը քվեաթերթիկից դուրս է բերվել, բայց դա ոչինչ չի նշանակում. Ազատանը ներկայանալի կլինի ձևավորվող տեղական նոր իշխանության մեջ:
Հանդիպմանը ներկա էին նաև Ախուրյանի ավագանու ընտրությունների թեկնածու մյուս դաշինքների ղեկավարները. «Ախուրյան» դաշինքի ղեկավար, Ախուրյանի երկարամյա համայնքապետ Արծրունի Իգիթյանը և «Մարմաշեն խոշորացված համայնքի ղեկավար, Հաղթանակ» դաշինքը գլխավորող Կարեն Արշակյանը: Ներկա չէր առաջադրված մյուս ուժի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջին համարի թեկնածուն՝ Առափիի գյուղապետ Ալբերտ Այվազյանը:
Ընտրապայքարի դուրս եկած թեկնածուներն այսօր Ազատան քարոզարշավի չէին եկել, նրանք դեռ իրենց ծրագրերն ազատանցի ընտրողներին ներկայացնելու ժամանակ կունենան: Եկել էին հայտնելու այն մասին, որ «Իկիլիկյան» դաշինքի հետ պայմանավորվածություն կա, որ անկախ ամեն ինչից, եթե այս դաշինքները տեղական իշխանություն ձևավորեն, ապա նորաստեղծ համայնքային իշխանության աշխատակազմի 1/3-ը կլինեն Ազատանի ներկայացուցիչները, որպեսզի կարողանան կազմակերպել Ազատանի կառավարման գործառույթները:
Վարդան Իկիլիկյանի խոսքերով՝ իր դաշինքին թիվ 32 տարածքային ընտրական հանձնաժողովը սկզբում գրանցել է, հետո, երբ արդեն գրանցման ժամկետն ավարտվել էր, նոր են հայտնել, որ գրանցումը սխալ է կատարվել, ու մերժել են այն: Իկիլիկյանի խոսքերով՝ սկզբում սահմանվել է, որ Ախուրյանն ունի 32 բնակավայր, հետո դարձել է 35, ավելացել են քիչ ընտրողներ ունեցող բնակավայրերը, որտեղ ընտրատեղամաս չկա: Բացի դրանից, ոչ թե թեկնածուների կեսից ավելին պետք է լինեին այլ բնակավայրերից, այլ բնակավայրերի կեսից ավելիի թվով պիտի լինեին թեկնածուները, ինչը, ըստ Իկիլիկյանի, հանձնաժողովն իրենց ճիշտ չի բացատրել, ու խնդիրը ցուցակում ընդամենը 4 թեկնածուի անուն պակաս ներկայացնելու մեջ է, ինչը լրացնել, ըստ Իկիլիկյանի, իրենց թույլ չեն տվել: Ասում է, որ հանձնաժողովը 48 ժամ կարող էր իրենց տալ, որ լրացնեին:
ԳԱԼԱ-ի թղթակցի հետ զրույցում թիվ 32 տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Ներսես Մարգարյանը նշել է, որ ըստ օրենքի՝ 48 ժամ կարող են տրամադրել միայն այն դեպքում, երբ ներկայացված փաստաթղթերի մեջ առկա են ջնջումներ, քերծվածքներ կամ պակաս փաստաթղթեր, բայց ոչ թեկնածուների պակաս անուններ: «Բացի դրանից, ըստ տրամաբանության, եթե հանձնաժողովը դիտավորություն ունենար թեկնածու ուժին չգրանցելու հարցում, ապա ի սկզբանե չէր գրանցի, միանգամից կմերժեր ու նման դատական քաշքշուկների մեջ էլ չէր հայտնվի»,-ընդգծեց Մարգարյանը:
Իսկ Վարդան Իկիլիկյանը նշում է՝ եթե սխալ էր իրեն գրանցելու որոշումը, ապա վարչական դատարանն ինչու առաջին անգամ այն չմերժեց ու իրեն որպես գրանցված թեկնածու համարեց: Իսկ 2-րդ անգամ արդեն նույն դատարանը բացահայտ ճնշման տակ կայացրեց իրենց մերժելու որոշումը: Եվ այս ամենի թիվ 1 պատասխանատուն տարածքային ընտրական հանձնաժողովն է:
Բացի դրանից, համամասնական ընտրակարգը, Վարդան Իկիլիկյանի խոսքերով, նոր է ու չարիք է մեր ժողովրդի գլխին: «Ի՞նչ գործ ունի ժողովուրդը, որ քաղաքականացվի այսքան, երբ ինքը համայնքի ղեկավար ընտրում է անձանց ու ոչ կուսակցություններին կամ դաշինքներին: Իսկ քաղաքական ուժի ցուցակով կարող են ընտրվել նաև անարժանները»,-ընդգծեց Իկիլիկյանը:
Արծրունի Իգիթյանի խոսքերով՝ այն, որ «Իկիլիկյան» դաշինքը դուրս է մնացել ընտրապայքարից, դեռ ոչինչ չի նշանակում, իրենք համարում են, որ դաշինքը մրցակցության մեջ է, և իր ընտրվելու դեպքում Ազատանն ու հարակից գյուղերն իրենց դերն ունենալու են նոր ձևավորվող խոշորացված համայնքի կառավարման գործում:
Կարեն Արշակյանն էլ նշեց, որ եթե Ազատանի ղեկավարի գլխավորած դաշինքը դուրս է մնացել ընտրապայքարից, ապա Ազատան համայնքը չի անտեսվելու, ունենալու է իր ղեկավարը Ախուրյանի նոր ձևավորվող ՏԻՄ-ի աշխատակազմում: Իրենք Իկիլիկյանի հետ հավասարը հավասարի հետ միասին են շարունակելու աշխատել:
35 բնակավայրով խոշորացված համայնք ղեկավարելը, ըստ Իկիլիկյանի, հեշտ չէ, դա մեծ ծանրություն է յուրաքանչյուրի ուսերին, ով էլ որ ընտրվի: Դրա համար պետք է ճիշտ թիմ ձևավորվի:
Ըստ թեկնածուների՝ գյուղերում անհատներն են ղեկավարում ու ոչ կուսակցությունները, այդպես կլինի նաև այս ընտրություններից հետո: Ուստի մարդիկ պետք է չխռովեն ու մտածեն, թե եթե իրենց գյուղապետը չի մասնակցում ընտրություններին, ուրեմն ամեն ինչ կորած է: Դա այդպես չէ, ըստ Իկիլիկյանի, անպայման պետք է մարդիկ մասնակցեն ընտրություններին ու իրենց ձայնը տան նախընտրած թեկնածուի ղեկավարած քաղաքական ուժին:
Կարինե Կազարովա