Նորություններ

«Հարց է առաջանում, թե մենք ինչու ենք կառչում ԽՍՀՄ քարտեզներից». Ն. Դիլբարյան

Ըստ Դիլբարյանի՝ տարօրինակ է, որ Նիկոլ Փաշինյանը ինքն իրեն անհասկանալի ազդեցությունների ներքո դրել է կախվածության մեջ ինչ-որ ԽՍՀՄ քարտեզներից:

«Նոյեմբերի 26-ին Սոչիում տեղի ունեցած հանդիպումը գնահատում եմ անարդյունավետ ներքին խնդիրների լուծման տեսանկյունից: Հնչեցին ընդհանուր հայտարարություններ, որոնք բխում էին ադրբեջանա-թուրքական օրակարգից: Դրանք ապաշրջափակման խնդիրներն են, բայց այդ ապաշրջափակումը, չգիտես ինչու, ընկալվում է իբրև Նախիջևան-Թուրքիա ճանապարհի բացում, այսինքն՝ «միջանցքային» տրամաբանությունը, ինչի մասին ժխտողաբար խոսում է Նիկոլ Փաշինյանը, բոլորովին ժխտողականությամբ չէր ընթանում: Ընդհանուր ձեռքբերումներն այդ հանդիպումից զրո էր, և ցավոք սրտի, զրոյական են նաև հետագայի խնդիրները, ամենից առաջ կարևոր խնդիրը մեր  գերիների վերադարձն է, իսկ մենք գիտենք,որ գերիների թիվը ոչ միայն պակասել է, այլ նաև ավելացել է: Մյուս կարևոր խնդիրը՝ ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական ստորաբաժանումների դուրս գալու հարցն է»,-  ԳԱԼԱ-ի հետ զրույցում հայտարարեց Երևանի պետական համալսարանի հայոց լեզվի պատմության ամբիոնի դոցենտ, գիտությունների թեկնածու Նարինե Դիլբարյանը՝ անդրադառնալով Սոչիում կայացած եռակողմ հանդիպմանը:

Դիլբարյանի խոսքով՝ Սոչիում տեղի ունեցած հանդիպումից կարելի է անել տագնապալի եզրակացություններ:

Նարինե Դիլբարյան

«Սահմանագծումն ու սահմանազատումը անցկացվելու է ադրբեջանա-ռուսական նեղ շրջանակով՝ Ռուսաստանի գլխավոր շտաբում պահվող ինչ-ինչ քարտեզների հիման վրա, որը մեր դիրքը դարձնելու է էլ առավել խոցելի: Ուզում եմ նշել մի տարօրինակ հանգամանք, որ Նիկոլ Փաշինյանը ինքն իրեն անհասկանալի ազդեցությունների ներքո դրել է կախվածության մեջ ինչ-որ ԽՍՀՄ քարտեզներից:

Նշենք, որ ԽՍՀՄ-ը վաղուց գոյություն չունի, ուստի ԽՍՀՄ քարտեզները չունեն իրավական և պարտադրողական ուժ: Բացի դրանից՝ ԽՍՀՄ քարտեզներ ասելով մենք ժամանակային մեծ միջակայք ունենք՝ 20-ական թթ.-ից մինչև 90-ականների սկիզբ, այսինքն՝ քանի դեռ գոյություն է ունեցել այս կայսրությունը:

Այդ ժամանակ միութենական հանրապետությունները չեն համարվել ինքնիշխանություն ունեցող երկրներ, ուստի շատ հաճախ նրանց միջև սահմանային  խնդիրները լուծվում էին ոչ թե նախարարների խորհրդի կամ պաշտոնական ընթացակարգերով, այլ ներքին պայմանավորվածություններով: Այս տեսանկյունից բոլոր այդ քարտեզները մեր տարածքային ամբողջականությունը խախտող քարտեզներ են:

Այդ քարտեզների հիման վրա սահմանագծում և սահմանազատում իրականացնելը առավել քան տարօրինակ է»,-ընդգծեց Դիլբարյանը:

Ըստ նրա՝ սկզբում փորձում էին սահմանագծման և սահմանազատման աշխատանքները GPS-ով անել, բայց դրանից հրաժարվեցին և հիմա հարկադրությամբ և իշխանության կամքի բացակայության պատճառով մեզ պարտադրում են այնպիսի քարտեզներ, որոնք մի ժամանակահատվածում հնարավոր է, որ գործած լինեն, որովհետև ինչպես նշեցի, ԽՍՀՄ-ի գոյության ընթացքում միութենական հանրապետությունները չեն եղել անկախ կազմավորումներ, եղել են մեկ միասնական պետության անդամ:

«Պետք է նշեմ ևս մի կարևոր հանգամանք, որ երբ Ադրբեջանը ձևավորվել և դուրս է եկել ԽՍՀՄ կազմից, իրեն հռչակել է Ադրբեջանի հանրապետության իրավահաջորդ և ոչ թե ԽՍՀՄ Ադրբեջանի իրավահաջորդ: Այստեղ հարց է առաջանում, թե մենք ինչու ենք կառչում ԽՍՀՄ քարտեզներից:

Հարցականները շատ են, դեմարկացիայի և դելիմիտացիայի իրավական հիմքերը չեն կատարվում, և ասպարեզ են նետվում այն քարտեզները, որոնք թուլացրել են հայկական դիրքը»,- հայտարարեց Նարինե Դիլբարյանը:

Սոչիում ընդունված հայտարարության մեջ նշվում է, որ մինչև տարեվերջ կստեղծվի սահմանազատման և սահմանագծման հարցերով եռակողմ հանձնաժողով:

Փաստին անդրադառնալով՝ Նարինե Դիլբարյանը հայտարարեց.

«Հանձնաժողով ստեղծելը տեխնիկական խնդիր է, առաջնայինը քաղաքական պայմանավորվածություններն են, որոնք կարծես թե հստակեցված չեն: Ես հանձնաժողովի հետ ընդհանրապես հույսեր չեմ կապում, որովհետև հանձնաժողովները սովորաբար վավերացնում են իրավական, քաղաքական կամքն ու որոշումները, և եթե այդ որոշումները հիմնվելու են այն սկզբունքների  և քարտեզների վրա, ինչը մինչ այս է կատարվում:

Սահմանագծումը և սահմանազատումը կարևոր գործընթաց է, բայց դա չի կարող կատարվել ի վնաս մեկ կողմի: Ենթադրենք, որ հիմա կատարվեց սահմանագծում և սահմանազատում, և մենք կորցնենք Սյունիքի  տարածաշրջանից շատ հատվածներ, Գեղարքունիքի տարածաշրջանում հատվածներ, ի՞նչ  է, թշնամին դրանից հետո չի՞  գտնելու նոր քարտեզներ և  ասի, որ դա իր տարածքն է: Երբ դու անընդհատ հանձնում ես, կորցնում ես  ինքնիշխանությունդ և վերածվում ինչ-որ կցորդի»,-եզրափակեց Նարինե Դիլբարյանը:

                                                                                                                             Անահիտ Չալիկյան

Back to top button
Close