Նորություններ

«Ստորագրված փաստաթղթում վտանգավորը այն կետերի չլինելն է, որոնք մեզ անհրաժեշտ էին». Ա. Տոնոյան

«Ստորագրված փաստաթղթում վտանգավորը այն կետերի չլինելն է, որոնք մեզ անհրաժեշտ էին, օրինակ՝ գերիների վերադարձի գործընթացի վերաբերյալ ոչինչ չկա այդ փաստաթղթում, ինչը նշանակում է, որ համաձայնություն չի եղել այդ հարցի վերաբերյալ»

«Սոչիում ո՛չ հանդիպման օրակարգը, ո՛չ առավել ևս ձևակերպումները դուր չեն եկել Թուրքիային, և դա է պատճառը, որ Աշխաբադ հասնելուն պես Էրդողանը Տնտեսական համագործակցության կազմակերպության հերթական նիստի ժամանակ որոշեց «դրական ազդակներ» ուղարկել Հայաստան և նորից օգտագործել «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը՝ կարևորելով դրա նշանակությունը Թուրքիայի համար։ Նա նաև հատուկ ընդգծեց. «Մենք՝ որպես Թուրքիա, միշտ Ադրբեջանի կողքին ենք»»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում հայտնեց իրանագետ Արտյոմ Տոնոյանը՝ անդրադառնալով նոյեմբերի 26-ին Սոչիում տեղի ունեցած Պուտին-Փաշինյան-Ալիև եռակողմ հանդիպմանը:

Տոնոյանի խոսքով՝ նոյեմբերի 26-ին Սոչիում տեղի ունեցած եռակողմ հանդիպման ժամանակ Ալիևը չօգտագործեց «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը։

Արտյոմ Տոնոյան

«Ավելին, թեև անցած տարվա նոյեմբերի 9-ից սեփական ժողովրդի առաջ և ամենուր հայտարարում էր, որ ղարաբաղյան հակամարտությունն ավարտվել է, գոյություն չունի այդ անվամբ հակամարտություն, և պետք չէ օգտագործել այլևս այդ արտահայտությունը, նոյեմբերի 26-ին ստորագրեց եռակողմ մի հայտարարության տակ, որտեղ տեղ է գտել «Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի» ձևակերպումը»,- հայտարարեց Տոնոյանը:

Իրանագետը, անդրադառնալով եռակողմ հանդիպման շրջանակում ընդունված հայտարարությանը, նշեց. «Ստորագրված փաստաթղթում վտանգավորը այն կետերի չլինելն է, որոնք մեզ անհրաժեշտ էին, օրինակ՝ գերիների վերադարձի գործընթացի վերաբերյալ ոչինչ չկա այդ փաստաթղթում, ինչը նշանակում է, որ համաձայնություն չի եղել  այդ հարցի վերաբերյալ»:

«Չկար նաև որևէ կետ Արցախի կարգավիճակի հետ կապված: Պատերազմից մեկ տարի է անցել, բայց Հայաստանը Արցախի կարգավիճակի հետ կապված որևէ առաջխաղացում չունի և այս հարցի վերաբերյալ զարգացում և ձեռքբերում չի ունեցել»,- նշեց Արտյոմ Տոնոյանը:

Փորձագետի կարծիքով՝ սա այնքան էլ հարմար և շահեկան ժամանակահատված չէ մեզ համար դեմարկացիա և դելիմիտացիա սկսելու համար, իսկ պատճառների և ակնկալիքների մասին պետք է պատկան մարմինները պարզաբանումներ ներկայացնեն:

Անահիտ Չալիկյան

Back to top button
Close