ՄիջազգայինՆորություններ

ԱՄՆ գլխավոր վարակաբան Էնթոնի Ֆաուչին զգուշացնում է կորոնավիրուսի 5-րդ ալիքի սպառնալիքի մասին

ԱՄՆ գլխավոր վարակաբան Էնթոնի Ֆաուչին նախազգուշացրել է, որ Միացյալ Նահանգներին կարող է սպառնալ COVID-19-ի նոր՝ արդեն հինգերորդ ալիքը, և ենթադրություն է հայտնել, որ մարդկությունը երբեք չի կարողանա ամբողջությամբ արմատախիլ անել այս հիվանդությունը։

Այս մասին, ԳԱԼԱ-ի փոխանցմամբ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Ֆաուչին տված բազմաթիվ հարցազրույցներում անխուսափելի է համարել նոր օմիկրոն շտամի ներթափանցումը Միացյալ Նահանգներ, սակայն հորդորել է խուճապի չմատնվել: Նրա կարծիքով, հնարավոր է, որ ներկայիս պատվաստանյութերը բավական արդյունավետ լինեն նոր տեսակի կորոնավիրուսի դեմ պայքարում, իսկ հիվանդությունը թեթև ընթացք ունենա։

Չնայած այն հանգամանքին, որ ԱՄՆ-ում նշված շտամը դեռ չի հայտնաբերվել, Ֆաուչին ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ հիվանդացությունն օրական 70-75 հազար դեպքից աճում է մինչև 80 հազարի։

«Անշուշտ, 5-րդ ալիքի հավանականություն կա: Իսկ դա կախված կլինի նրանից, թե մենք ինչ կանենք առաջիկա շաբաթների եւ ամիսների ընթացքում»,-ասել է ԱՄՆ գլխավոր վարակաբան Էնթոնի Ֆաուչին CBS-ին տված հարցազրույցում:

Նա կոչ է արել պատվաստել միլիոնավոր ամերիկացիների, ովքեր դեռ չեն պատվաստվել կորոնավիրուսի դեմ, և վերապատվաստել նրանց, ովքեր ժամանակի ընթացքում նվազեցրել են իմունիտետը։ Ֆաուչին զգուշացրել է, որ կորոնավիրուսի ամբողջական վերացումն անհնարին խնդիր է, և անհրաժեշտ է ձգտել վերահսկել դրա տարածումը։

Back to top button
Close