ՄԵՐ ՀԵՐՈՍՆԵՐԸՆորություններ

«Արեգս շատ է նման իր պապային. ես մտածում եմ, որ Արեգիս հետ Վանիկը նորից է ծնվել». զոհված կամավորականի կնոջ պատմությունը

Բաբայանների ընտանիքում երկու սերունդ մարտնչել են հանուն հայրենիքի. Արցախյան առաջին պատերազմում հայրը, իսկ արդեն Արցախյան 44-օրյա պատերազմում՝ Վահագն և Վանիկ Բաբայան եղբայրները։

Վանիկը պատերազմի լուրն իմանալուն պես կամավորագրվել է և մեկնել ռազմաճակատ։ Վանիկի աննահանջ պայքարն ավարտվում է նոյեմբերի 9-ին, նա զոհվել է եռակողմ հայտարարությունը ստորագրելուց 2 ժամ առաջ։

«Վանիկը տարբեր աշխատանքներ էր անում, և չեմ հիշում մի դեպք, որ տրտնջար կամ նեղվեր… ամեն ինչ անում էր, որ ընտանիքին լիարժեք ամեն ինչով ապահովեր։

Պատերազմի առաջին օրից կամավորագրվել էր։ Ես նորմալ վերաբերվեցի ամուսնուս որոշմանը։ Ես ուրախ էի Վանիկի լավատեսությամբ, և էդ  օրերին կարելի է ասել, որ հանգիստ էի իր  համար, երբեք չեմ մտածել, որ Վանիկի հետ կարող է վատ բան պատահել»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում պատմում է արցախյան պատերազմում զոհված կամավորական Վանիկ Բաբայանի կինը՝ Արփինե Բալայանը։

Վանիկ Բաբայանը ծնվել է 1988թ. Սյունիքի մարզի Տեղ գյուղում, հետո ընտանիքով տեղափոխվել են Բերձոր։

«Ուրախ էր մեր կյանքը, ապրում էինք մեր կյանքով ու ոչ մեկին չէինք խանգարում։

Ես հղիացա անսպասելի ու հրաշքով՝ երկար տարիներ սպասելուց հետո։ Մեր կյանքն ավելի փոխվեց դեպի լավը, դեպի երջանիկը։

Վանիկը ինձ խորը ու անասելի ցավ տվեց, մեր Արեգը ծնվեց, բայց ինքը էդքան սպասելով՝ չտեսավ Արեգին։

Երեխես 8 ամսականում է ծնվել, բժիշկները փրկեցին մեր երկրորդ տղային։

Արեգս շատ  է նման իր պապային։ Ես մտածում եմ, որ Արեգիս հետ Վանիկը նորից է ծնվել։ Ես հիմա ապրում եմ իմ երկու գանձերով՝ Վահանովս և Արեգովս. իրենք ամուսնուս թողած գանձերն են ինձ»,-պատմում է կամավորականի կինը։

Արփինեն ամուսնու մասին պատմելիս ասում է՝ առաջին հերթին շատ բարի էր, մարդկային, բոլորին հասնող, լավատես, շատ մեծ ու մաքուր սիրտ ուներ։

«Վանիկը Բերձորում էր՝ Լիսագորում, և ամեն օր խոսում էիք,  միշտ ասում էր, որ ամեն ինչ լավ է լինելու։ Նոյեմբերի 9-ին մենք առավոտից մինչև իր զոհվելը խոսում էինք, էդ օրը երկուսս էլ շատ ուրախ էինք… մինչև հիմա չեմ կարող հավատալ։

Չեմ ուզում հերոսի կին լինել, ես ուզում եմ ինքը լիներ իմ ու իր երեխեքի կողքին։

Ես առանց հայր եմ մեծացել, ու նույն կյանքով պիտի ապրեն իմ անմեղ երեխեքը»,- եզրափակեց Արցախյան պատերազմում զոհված կամավորական Վանիկ Բաբայանի կինը՝ Արփինե Բալայանը։

 

Անահիտ Չալիկյան

Back to top button
Close