ՄԵՐ ՀԵՐՈՍՆԵՐԸՆորություններ

«4-ամյա տղաս միշտ ասում է՝ պապաս գնացել է զինվորների մոտ, ու միշտ սպասում է, որ գալու է». զոհված սպայի կնոջ պատմությունը

Զոհված սպայի կինը պատմում է՝ 4-ամյա տղաս միշտ ասում է՝ պապաս գնացել է զինվորների մոտ, ու միշտ սպասում է, որ գալու է, իսկ մեծ աղջիկներս միշտ հիշում են ամեն ինչ՝ կապված պապայի հետ

«Նախքան պատերազմը Արտուշը  ծառայել է Վայքի զորամասում՝ որպես հետախուզության դասակի հրամանատար։ Հոկտեմբերի 9-ին տեղափոխել են Ջրական՝ Ջաբրայիլ։

Պատերազմի ժամանակ էլ մեծ  ոգևորությամբ ասում էր՝ սա մեր վերջին կռիվն է լինելու, մեր երեխաները ապրելու են խաղաղ երկնքի տակ։ Ամուսինս որ այդպես էր ասում, ես վստահ էի, որ մենք հաղթելու ենք»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում պատմում է Արցախյան պատերազմում զոհված սպայի՝ ավագ լեյտենանտ Արտուշ Թարոյանի կինը՝ Վիկտորյա Թադևոսյանը։

Արտուշ Սեյրանի Թարոյանը ծնվել է 1985թ.-ին Ջերմուկ քաղաքում։ Սովորել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում և ավարտելուց հետո ծառայության է անցել Վայքի զորամասում։ Ավագ լեյտենանտ Թարոյանը եղել է  հետախուզության դասակի հրամանատար։ ՀՀ զինված ուժերում ծառայել է 18 տարի և ծառայության տարիներին արժանացել է բազմաթիվ պատվոգրերի և մեդալների։

Արտուշ Թարոյանը մասնակցել է Ջրականի համար մղվող մարտերին, հերոսաբար զոհվել է հոկտեմբերի 11-ին Ջրականում։

Ամուսնացած էր, ունի 4 զավակ։

«Ամուսինս նվիրված էր իր ծառայությանը, բայց զորամասում և տանը լրիվ ուրիշ էր։ Տանն ավելի ազատ էր, իսկ  զորամասում ավելի խիստ ու պահանջկոտ էր։

Բնավորությամբ ավելի հանգիստ էր ու համբերատար։ Կատակասեր էր ու շատ անմիջական։

Պատերազմը ինձնից խլեց իմ ամենաթանկին։

Մինչև պատերազմը մենք ուղղակի երջանիկ էինք, հիմա ամեն ինչ անում եմ, որ բալիկներս ոչնչի կարիք չունենան, հանկարծ չտխրեն, քանի որ արդեն իրենք զրկված են իրենց հորից։

4-ամյա տղաս միշտ ասում է՝ պապաս գնացել է զինվորների մոտ, ու միշտ սպասում է, որ գալու է։ Իսկ մեծ աղջիկներս միշտ հիշում են ամեն ինչ՝ կապված պապայի հետ»,- պատմում է զոհված սպայի կինը։

Վիկտորյան ասում է, որ իր համար դժվար է ամուսնու մասին խոսել անցյալով։ Ասում է, որ Արտուշն ամեն տեղ իրենց հետ է՝ հոգում, մտքերում և իրենց հիշողությունների մեջ։

«Մեծ է հպարտությունս, բայց  այնքան տարբեր զգացողություններ են լինում, որ բառերով հնարավոր չէ  բացատրել»,- եզրափակեց հերոսի կինը՝ Վիկտորյա Թադևոսյանը։

 

Անահիտ Չալիկյան

Back to top button
Close