ԿԱՐԵՎՈՐԻ ՄԱՍԻՆՆորություններ

«Ազգի մեջ կա այն մի քանի հազար մարդը, ովքեր ունակ են պաշտպանելու հայրենիքը»

«Կարևորի մասին» հաղորդման շրջանակում ԳԱԼԱ-ում հյուրընկալվել է Արցախի Հանրապետության նախագահի անվտանգության և տարհանվածների հարցերով ներկայացուցիչ, արցախյան պատերազմների մասնակից Վահան Բադասյանը։

Ավելի վաղ Վահան Բադասյանը մամլո ասուլիս էր տվել, որի ընթացքում զանգվածային լրատվական միջոցներին ներկայացրել էր Սյունիքում ադրբեջանական զինված ուժերի հնարավոր հարձակման բարձր հավանականությունը։ Այդ մտավախությունը հիմնվում է բազմաթիվ փաստերի և նախանշանների վրա։ Մասնավորապես, նա նշեց ադրբեջանական զինված ուժերի կողմից ռազմավարական նշանակություն ունեցող բարձունքների գրավումը, զորամիավորների կենտրոնացումը սահմանային գոտում, հոսպիտալների ստեղծում սահմանի մոտակայքում և այլն։

«Մեծ հավանականությամբ ադրբեջանցիները հակված են ձեռք բերել ոչ թե Մեղրիով անցնող ճանապարհը, ինչպես ընդունված է կարծել, այլ ուղիղ գիծ դեպի Նախիջևան։ Այս գործողությունների նպատակն է նաև խուճապի մատնել խաղաղ բնակչությանը։ Թշնամին տեղյակ է, որ երկրում քաոս է, և որ բանակը բարոյալքված է, և փորձում է օգտվել այդ իրավիճակից։ Մենք էինք, ըստ պարոն Բադասյանի, որ ժամանակին չօգտվեցինք նմանատիպ իրավիճակից. 1992 թվականին ադրբեջանցիներն արդեն փախել էին Նախիջևանից, Կիրովաբադից և այլ տեղերից»,-նշեց Բադասյանը։

«Մենք կարող ենք ունենալ բանակ, եթե պատկան մարմինները կարճ ժամանակահատվածում հայտարարեն մոբիլիզացիա: Դա հնարավորություն կտա մեզ առաջնագիծ տանել ոչ թե բոլորին, այլ միայն ֆիզիկապես և հոգեբանորեն պատրաստ մարդկանց։ Դա կարող է լինել 4-5 գունդ, ոչ ավելի։ Անչափ կարևոր է դիրքերի կահավորումը և առկա զենքի շրջանակներում զինել այդ զորամիավորումները։ Հարկավոր է ունենալ պաշտպանական առնվազն երեք գիծ, որոնք կապված կլինեն միմյանց հետ։ Դա հնարավորություն կտա անհրաժեշտության դեպքում զինվորներին կազմակերպված կերպով անցնել պաշտպանական հաջորդ գիծ»։

Բադասյանը սխալ է համարում տեղական բնակչության ժամանակավոր տարհանումը նաև այն պատճառով, որ դա հոգեբանորեն ներազդելու է բանակի վրա։ «Ինչպես ցույց է տալիս Արցախյան առաջին պատերազմի փորձը, գիտակցումը, որ հետևում մարտիկների ընտանիքներն էին և հարազատները, մեծ ոգեղենություն և մարտունակություն էր հաղորդում նրանց։ Իսկ, օրինակ, մեր զոհված զինծառայողների դիակները թշնամու կողմից վերահսկվող տարածքում թողնելը ծայրահեղ բացասաբար է ազդում մարտական ոգու վրա։ Եթե առաջին պատերազմում հատուկենտ էին այն դեպքերը, երբ դիակը մնում էր մարտի դաշտում, ապա, ցավոք, հիմա դա շատ տարածված է»։

Աշխարհազորի կիրառումը պարոն Բադասյանը համարում է աննպատակահարմար, քանզի մարտական միավորների համեմատ այն զիջում է բոլոր մարտական չափորոշիչներով։

«Մարտունակ զինվորի պատրաստումը պահանջում է ժամանակ և ջանք։ 44-օրյա պատերազմի մեզ համար ոչ բարենպաստ գործոններից մեկն էր նաև աշխարհազորի  ներգրավումը և ոչ ճիշտ օգտագործումը։ Սակայն տեղացի բնակիչներին զինելը շատ մեծ հոգեբանական ճնշում է թշնամու վրա, այդ իսկ պատճառով դա հարկավոր է կիրառել։ Բնական է, որ կան աշխատանքներ, որ պետք է արվեն առանց բարձրաձայնելու, մասնագետների և պատկան մարմինների ներգրավմամբ»,-հայտարարեց Վահան Բադասյանը։

 

Back to top button
Close