ՄիջազգայինՆորություններ

«Ուկրաինայի դեմ գործողությունների դեպքում Ռուսաստանը բարձր գին կվճարի». ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

«ՆԱՏՕ-ն ուշադիր հետևում է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակին և տվյալներ է կիսում դաշնակիցների հետ»

Ուկրաինայի սահմանների մոտ ՌԴ մեծաթիվ զորքերի կենտրոնացումը շարունակում է Արևմուտքում մտավախություն առաջացնել այդ երկրի տարածք ռուսական հնարավոր ներխուժման վերաբերյալ, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում՝ նախազգուշացում անելով Մոսկվային։

Այս մասին, ԳԱԼԱ-ի փոխանցմամբ, տեղեկացնում է Deutsche Welle-ն:

Դիմելով Ռուսաստանի Դաշնության իշխանություններին՝ Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարը կրկին մեղադրել է նրանց Ուկրաինայի սահմաններին մոտ գտնվող տարածաշրջան զորքեր, զրահամեքենաներ և այլ ծանր տեխնիկա կենտրոնացնելու մեջ։ Ըստ նրա՝ դրան ավելացել է Ռուսաստանի ագրեսիվ հռետորաբանությունը։ «Մենք, իհարկե, մտահոգված ենք այն ամենով, ինչ տեսնում ենք Ուկրաինայում և նրա շրջակայքում»,- ասել է դաշինքի գլխավոր քարտուղարը:

Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ն ուշադիր հետևում է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակին և տվյալներ է կիսում դաշնակիցների հետ։ «Հիմա հստակություն չկա, թե ինչպիսին կարող են լինել Ռուսաստանի հետագա քայլերը։ Բայց այն փաստը, որ զորքերի կենտրոնացումը շարունակվում է, և Ռուսաստանն արդեն օգտագործել է իր զորքերը Ուկրաինայի դեմ, տագնապի տեղիք է տալիս»,- նշել է Ստոլտենբերգը։

«Ռուսաստանը շարունակում է Ղրիմի անօրինական բռնակցումը, ապակայունացնում է իրավիճակն Արևելյան Ուկրաինայում և շարունակում է կիբերհարձակումներ իրականացնել այդ երկրի դեմ։ Սրանք բոլորը լուրջ անհանգստության պատճառներ են: Մոսկվայի կառավարությունը պետք է կանխի հետագա էսկալացիան, հակառակ դեպքում ստիպված կլինի «բարձր գին վճարել»,- ընդգծել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։

Back to top button
Close