Նորություններ

«ԱԻՆ-ի տղաներն ամենօրյա ռեժիմով հաց են հասցնում գյուղ, բայց շատ ավելի լավ կլիներ, որ անվտանգային հարցերով գյուղացու կողքին կանգնեն». Բարձրավանի համայնքապետ

«Շատ ավելի լավ կլիներ, որ անվտանգային հարցերով գյուղացու կողքին կանգնեն և օգնեն, որ գյուղացին կարողանա աշխատել». Բարձրավանի համայնքապետ

«Էս պահին գյուղում շատ են խնդիրները. միայն այն, որ մարզկենտրոն հասնելու համար պիտի կրկնակի ճանապարհ անցնես, արդեն իսկ դժվարություններ է ստեղծել մեզ համար, մեր կապը կտրվել է արտաքին աշխարհից: Ինչքան հնարավոր է, փորձում ենք մեր բնականոն հունից չշեղվել: Երեխեքը իրենց դասին են գնում. դպրոցը մեր գյուղի մեջ է գտնվում, երեխեքը ստիպված չեն լինի ճանապարհ կտրեն-անցնեն, որ դասի գնան»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում հայտարարեց Բարձրավանի համայնքապետ Օնիկ Ավագյանը:

«Հացը և սննդամթերքը ԱԻՆ-ի տղաներն են ամենօրյա ռեժիմով հասցնում գյուղ, բայց ես դրան կողմ չեմ, որովհետև գյուղացին իր թոնիրի մեջ իր հացը չի կարո՞ղ թխել, գյուղացին չի կարո՞ղ իր հացի խնդիրը լուծել: Շատ ավելի լավ կլիներ, որ անվտանգային հարցերով գյուղացու կողքին կանգնեն և օգնեն, որ գյուղացին կարողանա աշխատել:

Մեզ մեր սահմանապահներն են օգնում, իրենց ամենագնացներով մեզ տեղափոխում են Գորիս:

Գորիս-Կապան ճանապարհին ստեղծված իրավիճակի պատճառով մենք շատ լուրջ խնդիրների առաջ ենք կանգնել: Օրինակ՝ եթե մեր գյուղում հիվանդ մարդ լինի, և տեղափոխելու կարիք լինի, ապա Գորիսից շտապօգնության մեքենաներով հնարավոր չէ հիվանդներին տեղափոխելը, հիվանդներին ամենագնացով են տեղափոխում Կապանի կողմից: Էստեղ ամեն ինչն է խնդիր դարձել, բայց հույսներս չենք կորցնում»,-նշեց Օնիկ Ավագյանը:

Բարձրավանի համայնքապետ Օնիկ Ավագյանի խոսքով՝ իրենց առաջարկված այլընտրանքային ճանապարհը դժվարանցանելի է, և այս պահին շինարարական աշխատանքներ են ընթանում, որպեսզի բարեկարգվի:

«Երբ այլընտրանքային ճանապարհը պատրաստ լինի, եթե նախկինում Գորիս հասնելու համար անցնում էինք 33 կմ, հիմա Գորիս հասնելու համար ստիպված պիտի անցնենք 70 կմ ճանապարհ»,-եզրափակեց համայնքի ղեկավարը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 11-ից ադրբեջանական կողմը մաքսակետեր է տեղադրում Գորիս-Կապան ավտոճանապարհին։ Բարձրավան, Որոտան և Շուռնուխ գյուղերը հայտնվել են շրջափակման մեջ։ Կառուցվում է այլընտրանքային ճանապարհ։

Անահիտ Չալիկյան

 

 

Back to top button
Close