ԿԱՐԵՎՈՐԻ ՄԱՍԻՆ

«Ցանկացած եռակողմ ձևաչափ իրականում քառակողմ է՝ Թուրքիայի մասնակցությամբ»

ԳԱԼԱ-ի «Կարևորի մասին» հաղորդաշարի հյուրն է ռազմաքաղաքական հարցերով փորձագետ Արմինե Մարգարյանը։

Անդրադառնալով նոյեմբերի 26-ի և դեկտեմբերի 15-ի Ալիև-Փաշինյան հանդիպումների հետ կապված տարատեսակ սպասումներին՝ նա նշեց, որ առանձնապես շատ սպասելիքներ չպետք է ունենալ, հատկապես հաշվի առնելով, որ թե՛ Սոչիի, թե՛ Բրյուսելի հանդիպումներում առկա են այլ մասնակից կողմեր, և որ Ադրբեջանը դրսևորում է դեստրուկտիվ և ագրեսիվ պահվածք, մասնավորապես պատերազմի ընթացքում։

Բրյուսելյան հարթակում հանդիպելու համաձայնությունը, ըստ փորձագետի, կարող է դիտարկվել Ադրբեջանին ագրեսիայի իրականացման մեղադրանքներից հրաժարում, ուստի դժվար է ասել՝ արժե՞ր համաձայնվել այդ հանդիպմանը, թե՞ ոչ։

«Սակայն, եթե հաջողվի, գոնե եվրոպական գործընկերների միջոցով հասնել գերիների հարցի լուծմանը՝ դա մեծ հաջողություն կլինի։ Ինչ վերաբերում է Սոչիի հանդիպմանը, ապա Փաշինյանը հստակ նշեց, որ Հայաստանի համար անընդունելի է նոյեմբերի 9-ի սիմվոլիկան, ինչպես նաև, որ այն նպատակը, որ ակնհայտ հետապնդում էր Ադրբեջանը՝ հանդիպումից առաջ ուժով լուծել միջանցքի հարցը, չհաջողվեց հայկական բանակի դիմադրության շնորհիվ»։

Սահմանազատման և սահմանագծման հարցի վերաբերյալ Մարգարյանը կարծիք արտահայտեց, որ այդ գործընթացում շահագրգռվածություն ունեն տարբեր կողմեր, այդ թվում նաև Հայաստանը՝ իր սահմանների անվտանգությունն ու անդորրը պահպանելու համար։

«Սակայն այդ գործընթացը պահանջում է ուժի կիրառման բացառում, իսկ այսօրվա իրականությունը ցույց է տալիս, որ այդ պայմանը չի իրագործվում։ Ավելին, այս երկարատև գործընթացը կարող է օգտագործվել Հայաստանի վրա ճնշումներ գործադրելու համար։ Այստեղ կարող է դրական դերակատարություն ունենալ վերահսկման այնպիսի մեխանիզմների ներգրավումը, օրինակ՝ ԵԱՀԿ, որը կսահմանափակի Ադրբեջանի նմանատիպ պահվածքը։ Ադրբեջանի և Թուրքիայի շահերը համընկնում են, և դա հնարավորություն է տալիս Ադրբեջանին թվացյալ սուբյեկտայնություն դրսևորել, սակայն մենք պիտի հաշվի առնենք, որ ցանկացած եռակողմ ձևաչափ փաստացի քառակողմ է՝ Թուրքիայի մասնակցությամբ Ադրբեջանի միջոցով։

Այսօր հնարավորություն կա Թուրքիայի արևմտյան գործընկերների հետ գերակտիվ դիվանագիտություն վարել և փորձել ներազդել Թուրքիայի վրա։ Դիվանագիտությունը պետք է հենվի պետության հստակ ձևավորված նպատակների վրա, ինչը դժվար է անել, երբ այդ նպատակները ձևակերպված չեն և անընդհատ փոփոխվում են հանգամանքների բերումով։ Այդպիսի դրսևորումները կարող են անլուրջ տպավորություններ ստեղծել մեր գործընկերների մոտ»,-նշեց փորձագետը։

Back to top button
Close