ՄԵՐ ՀԵՐՈՍՆԵՐԸՆորություններ

«Իմ ախպերը շատ նպատակներ ուներ, սիրելիի հետ նոր էին ծանոթացել». զոհված սահմանապահի քրոջ պատմությունը

«Կարոն մեր մինուճար ախպերն է, շատ նպատակներ ուներ. տուն էր ուզում առնել և ամուսնանալ... սիրելիի հետ նոր էին ծանոթացել, բայց պատերազմը ամեն ինչ կիսատ թողեց»,- պատմում է զոհված սահմանապահի քույրը:

Կարապետ Համլետի Մխիթարյանը, ավարտելով պարտադիր ժամկետային ծառայությունը, որոշել էր, որ պիտի շարունակի ծառայել հայրենիքին: Շիրակցի հերոսը 2020թ.-ից ծառայել է ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերում:

Կարապետի քույրը՝ Հերմինեն, ԳԱԼԱ-ի հետ զրույցում պատմում է, որ եղբայրը, ունենալով ոսկերչի մասնագիտություն, զինվորականի ուղին էր ընտրել: Ինքն էլ եղբորը հարցեր չի տվել, թե ինչու է այդպես որոշել:

«Երբ պատերազմը սկսվեց, եղբայրս աշխատանքի մեջ էր… մեզ ասաց՝ լավ է լինելու, դուք հանկարծ չմտածեք, կարող է մի քանի օր չզանգեմ, չանհանգստանաք:

Ես միշտ ասում էի՝ չի կարող իմ ախպոր հետ վատ բան լինի… ես չէի հավատում դրան:

Եղբայրս 18 տարեկան էր, երբ մեր մայրը մահացավ… Կարոն մեր մինուճար ախպերն է: Իմ ախպերը շատ նպատակներ ուներ. տուն էր ուզում առնել և ամուսնանալ… սիրելիի հետ նոր էին ծանոթացել, բայց պատերազմը ամեն ինչ կիսատ թողեց:

Պատերազմից առաջ երջանիկ, ուրախ ապրում էինք, իսկ հիմա… կամ լացում ենք, կամ երանի ենք տալիս այն օրերին, երբ Կարոս մեզ հետ էր, մենք լիարժեք էինք, պատերազմ չկար»,- պատմում է Արցախյան պատերազմում զոհված սահմանապահի՝ Կարապետ Մխիթարյանի քույրը՝ Հերմինե Մխիթարյանը:

Բարի, ընկերասեր, խաղաղ. այսպես է եղբորը նկարագրում Հերմինեն՝ հավելելով, որ գյուղում բոլորն էին ասում, որ Կարոն էս դարի տղա չէր։

«Եղբայրս պատերազմի առաջին իսկ օրվանից մեկնել է Ջրական՝ Ջաբրայիլ, համառ մարտերի մասնակցել Ջրականի ճակատում:

Միայն ասում էր, որ ամեն ինչ լավ է լինելու… գիտեինք, որ պատերազմ էր, բայց միշտ մտածել եմ, որ Կարոյիս չի կարող վատ բան պատահել:

Վերջին անգամ հոկտեմբերի 2-ին ենք հետը խոսել, ձայնի մեջ որևէ տագնապ կամ վախ չեմ զգացել:

Եղբայրս զոհվել է հոկտեմբերի 3-ին Ջրականի համար մղվող մարտերում… Կարոյիս վերջին խոսքը եղել է՝ քուրիկիս կասես՝ ես իրենց շատ եմ սիրում:

Դժվար է, ինչքան հպարտ լինես, միևնույն է, դրա մեջ ցավ կա»,- եզրափակեց Հերմինե Մխիթարյանը:

Կարապետ Համլետի Մխիթարյանը ծնվել է 1991թ. ապրիլի 6-ին Շիրակի մարզի Ոսկեհասկ գյուղում։ 2020թ.-ից ծառայել է ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերում:

Անահիտ Չալիկյան

 

Back to top button