Նորություններ

Ավտովթար Կոտայքի մարզում. Նոր Հաճնի պոլիկլինիկայի շտապօգնության ավտոմեքենան բախվել է էլեկտրասյանը. վարորդը, բուժքույրն ու բժիշկը տեղափոխվել են հիվանդանոց

Այսօր՝ նոյեմբերի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 01:20-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ, 56-ամյա Սամվել Ղ.-ն իր վարած Jinbei մակնիշի ավտոմեքենայով Նոր Հաճն քաղաքի Տոռոզյան փողոցում բախվել է էլեկտրասյանը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Սամվել Ղ.-ն, ուղևորներ, Կոտայքի մարզի բնակիչներ, 29-ամյա Վիոլետա Ս.-ն և 24-ամյա Գոռ Հ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի գլխավորությամբ:

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել  է նույն վաշտի ավագ հետաքննիչ  Կառլեն Բաղյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Սամվել Ղ.-ն աշխատում է Նոր Հաճնի պոլիկլինիկայում՝ որպես շտապօգնության վարորդ,  Վիոլետա Ս.-ն  նույն պոլիկլինիկայում՝ որպես շտապօգնության գծային բուժքույր, իսկ Գոռ Հ.-ն նույն պոլիկլինիկայում՝ որպես շտապօգնության բժիշկ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Back to top button
Close