Նորություններ

Վարչապետը չպետք է ձեռնարկի որևէ գործընթաց, որը կզրկի հաջորդ իշխանություններին և հաջորդ սերունդներին՝ շտկել իրավիճակը. Մ. Թանդիլյան

«Ասուլիսից պարզ է դառնում, որ ընթանում են գործընթացներ, որոնք ունենալու են էական հետևանքներ մեր պետության և հայ  ժողովրդի համար, և Նիկոլ Փաշինյանը հող է նախապատրաստում՝ փորձելով հանրությանը ներկայացնել իրավիճակ, որին հետագայում հղում անելով՝ պիտի պարզաբանի Հայաստանի շահերից չբխող այս կամ այն գործողությունը՝ ներկայացնելով դա իբրև թե լավագույն լուծում ստեղծված իրավիճակում։

Մեր երկրի դիրքերը այս շարունակվող պատերազմում ամեն անգամ ավելի թույլ և խոցելի չպետք է դառնան վարչապետի հնչեցրած առանձին մտքերի արդյունքում, ինչը, ցավոք սրտի, պարբերաբար տեղի է ունենում, և որը անմիջապես օգտագործման  խաղաքարտ է դարձնում թշնամին»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում հայտարարեց  «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը։

Խոսելով Ադրբեջանի սադրանքներից՝ վարչապետը հայտարարել է, որ Ադրբեջանը Հայաստանի համբերատարությունը թուլություն է ընկալել, և սրանից հետո նոյեմբերի 16-ի նման արձագանքի են արժանանալու ոտնձգության դեպքում։ Ըստ Ձեզ՝ արդյո՞ք փոխվել է Հայաստանի իշխանությունների մեղմ հռետորաբանությունը:

Մանե Թանդիլյան

Հարցադրմանն անդրադառնալով՝ Մանե Թանդիլյանը հայտարարեց.

«Նախ, ես ուզում եմ հասկանալ՝ ինչպես և ինչի հաշվին է որոշվում «համբերատար լինել» կամ չլինել, և ինչ հանգամանքներում է այդ որոշումը փոխվում և ինչու։ Իրականում Հայաստանի իշխանությունների պարտվողական և զիջողական հռետորաբանությունը և վարքագիծը այս իրավիճակում ամեն օր ավելի ծանր կացության մեջ է դնում մեր պետության դիրքերը։ Մենք ունենք բոլոր փաստարկները և խաղաքարտերը Ալիևի ռազմատենչ և ծավալապաշտական հռետորաբանությանը արձագանքելու և իր դեմ օգտագործելու, Հայաստանի շահերը առաջ մղելու և օրակարգ ձևավորելու համար։ Սակայն ամեն օր խոսել խաղաղության օրակարգից մեկի հետ, ով ծավալապաշտական նկրտումներ ունի քո երկրի հանդեպ, ամենօրյա ռեժիմով դա ապացուցում է Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժելով և մի միլիմետր հետ չգնալով, ու հետո մի օր ասուլիսին հիշել, որ մեր համբերությունը չարաշահվում է, նշանակում է չհասկանալ՝ ում հետ գործ ունես, չգիտես՝ ինչպես վարվել և ինչ սպասել։ Ասել է թե՝ ուղղակի չես տիրապետում իրավիճակին։ Մենք պետք է Ադրբեջանին խաղաղություն պարտադրենք մեր հզորությամբ, ոչ թե ակնկալենք նրա ողջախոհությունը այդ մասով»,- հայտարարեց Թանդիլյանը։

Մանե Թանդիլյանը, անդրադառնալով վաղը Սոչիում կայանալիք Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև եռակողմ հանդիպմանը և դեկտեմբերի 15-ին Բրյուսելում  կայանալիք Փաշինյան-Ալիև հանդիպմանը, հայտարարեց.

«Նոյեմբերի 26-ի օրակարգի մասին տեղեկանում ենք տարբեր աղբյուրներից։ Միշտ դժվար է ասել, թե Հայաստանին պարտադրվող օրակարգերը այս կամ այն հանդիպման ժամանակ ինչպիսի բովանդակություն կունենան ի վերջո և ինչպիսի հետևանք, քանի որ Հայաստանը չի հանդիսանում այդ օրակարգերի ձևավորողը։

Բրյուսելում կայանալիք հանդիպման և, առհասարակ, նման հանդիպումներից առաջ մենք մեզ համար պետք է հստակ առաջնահերթություններ և մարտավարություն սահմանենք։ Օրինակ, ինչպե՞ս ստացվեց, որ ռազմագերիների հարցը օրակարգից դուրս մղվեց՝ հանդիսանալով եռակողմ պայմանավորվածության մաս։ Ակնհայտ է, որ մեզ համար եռակողմ պայմանավորվածության փաստաթղթերում կան առաջնահերթ կետեր, կան նաև մեր շահերից չբխող կետեր։ Մենք տեսնում ենք, որ Ադրբեջանին հաջողվում է առաջ մղել իր համար առաջնահերթություն հանդիսացող օրակարգը, օրինակ՝ ապաշրջափակում, ճանապարհներ։ Այնինչ մենք ունենք գերիների վերադարձի չլուծված հարց, ինչը մեր մտքում, մեր օրակարգում պիտի լինի նախապայման։ Այլապես ինչպե՞ս կարող ենք խոսել որևէ գործընթաց սկսելու մասին, եթե մինչև այսօր Ադրբեջանը իրեն թույլ է տալիս ոչ միայն չվերադարձնել գերիներին, այլև նոր գերիներ վերցնել։ Ընդ որում, ոչ միայն որպես նոյեմբերի 9-ի հայտարարության կետը պետք է հիմք հանդիսանա գերիների վերադարձի համար, այլ այդ փաստը ինքնին պետք է լինի մեր արտաքին քաղաքականության կարևորագույն օրակարգերից մեկը ոչ միայն Ադրբեջանի հետ հարաբերություններում, այլ նաև միջազգային բոլոր գործիքները պետք է կիրառենք օր առաջ մեր հայրենակիցներին վերադարձնելու համար»։

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ սահմանազատման ու սահմանագծման աշխատանքներ սկսելու առաջարկություն է արվել ռուսական կողմից, որին հայկական կողմը հավանություն է տվել։ Ի՞նչ սկզբունքով պետք է իրականացվեն այդ աշխատանքները, և ի՞նչ քայլեր պետք է անի Հայաստանն այս իրավիճակում։

«Ապրելու երկիր» կուսակցության  նախագահը, անդրադառնալով հարցադրմանը, նշեց.

«Հայաստանի ղեկավարը սահմանազատման և սահմանագծման գործընթացի մեջ է մտնում մի իրավիճակում, երբ Հայաստանի նկատմամբ հնչում են ուժի կիրառման սպառնալիքներ կամ փաստացի կիրառվում է, Հայաստանի ինքնիշխան տարածքի ներխուժման փաստի, գերիների առկայության պայմաններում։

Անկախ այն հանգամանքից, որ Հայաստանի իշխանությունները փորձում են ներկայացնել այս օրակարգը որպես իրենց կողմից առաջ մղվող օրակարգ, ակնհայտորեն սա պարտադրվել է Ադրբեջանի կողմից, քանի որ այս գործընթացը նաև ուղիղ սպասարկում է Ադրբեջանի շահը՝ մոռացության տալ Արցախի հարցը։ Ալիևը բազմիցս է նշել, որ այդ հարցը լուծված է՝ անսալով Մինսկի համանախագահների հայտարարությունները։ Սակայն եթե Հայաստանը Արցախի հարցի լուծումը առաջ չի քաշում որպես դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացի անբաժան մաս, ապա դրանով անուղղակի ընդունում է Ադրբեջանի դիրքորոշումը։ Հայաստանը չի կարող ու չպետք է գնա այս գործընթացներին առանց առաջ քաշելու Արցախի խնդրի կարգավորման գործընթացի առարկայական վերսկսման հանգամանքը։

Հետևաբար, վարչապետը չպետք է ձեռնարկի որևէ գործընթաց, որը կզրկի հաջորդ իշխանություններին և հաջորդ սերունդներին՝ շտկել իրավիճակը»,-  եզրափակեց Մանե Թանդիլյանը։

Անահիտ Չալիկյան

 

Back to top button
Close