«Եղբորս անուն-ազգանունը տեսել էինք զոհվածների ցուցակում, բայց մարմինը մեզ չէին հանձնել, և տեղեկություններն էլ շատ հակասական էին». 19-ամյա հերոսի քրոջ պատմությունը
«Օրերն էինք հաշվում, թե երբ պիտի եղբայրս զորացրվեր և գար տուն, մենք այնքան շատ նպատակներ ունեինք»,-պատմում է 19-ամյա հերոսի քույրը:
«Իմ և Գրիշայի միջև տարիքային տարբերությունը 2 տարի է, մենք իրար հետ շատ կապված էինք… եղբայրս բնավորությամբ աշխույժ էր, սիրում էր կյանքը:
Մաթեմատիկա էր շատ սիրում, բանակում էլ հրետանավոր է եղել: Մարդկանց հետ հեշտությամբ էր լեզու գտնում, մի խոսքով, հետը ստացվում էր ընկերություն անել:
Գրիշան չնայած երբեք ծառայությունից չէր պատմում, բայց ես որ հետը խոսում էի, զգում էի, որ ծառայությունը շատ է փոխել եղբորս»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում պատմում է 19-ամյա հերոսի՝ Արցախյան պատերազմում զոհված ժամկետային զինծառայող Գրիշա Ազատյանի քույրը՝ Անուշ Ազատյանը:
«Սեպտեմբերի 27-ն էր, խոսեցինք Գրիշայի հետ… խոսակցությունը շատ կարճ տևեց, ավելի շատ մեզնից էր հետաքրքրվում, ասում էր՝ իր մոտ ամեն ինչ նորմալ է: Որ ասեմ ձայնի մեջ վախ կամ անհանգստություն զգացել ենք, դա էդպես չէ: Մենք հավատում էինք, որ հաղթելու ենք, չէինք էլ մտածում, որ այդքան երկար կտևի կամ որ էսպիսի ավարտով կլինի:
Վերջին անգամ եղբորս հետ խոսել ենք սեպտեմբերի 30-ին, ու էլ ոչ մի զանգ չենք ստացել եղբորիցս:
Չնահանջելով ոչ մի քայլ՝ Գրիշան հերոսաբար զոհվել է հոկտեմբերի 1-ին: Մենք հոկտեմբերի 7-ին եղբորս անուն-ազգանունը տեսել ենք զոհվածների ցուցակում, բայց մարմինը մեզ դեռևս չէին հանձնել, և տեղեկություններն էլ շատ հակասական էին: Մեզ ասացին, որ հնարավոր է նաև գերեվարված լինի, ու էդպես մենք սպասում էինք, սպասում… հույս ունեինք, որ Գրիշան գերի է ընկել:
Երկար որոնումներից հետո մարմինը գտնվել է 136-րդ մարտական դիրքի հրամանատարական գծից: Մարմինը դուրս է բերվել դեկտեմբերի 24-ին, մայր հողին է հանձնվել հունվարի 20-ին»,- շարունակում է Անուշը:
Կրտսեր սերժանտ Գրիշա Գագիկի Ազատյանը ծնվել է 2001թ. փետրվարի 10-ին Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան գյուղում:
2019թ.-ին ընդունվել է Երևանի պետական համալսարանի ռադիոֆիզիկայի ֆակուլտետը: Բուհական կրթությունը կիսատ թողնելով՝ 2019թ.-ին ծառայության է անցել Լուսակերտում, արժանացել է ՀՀ ԶՈՒ լավագույն զինվոր-մարզիկ, «Բանակի գերազանցիկ», Հրետանավորի 3-րդ կարգ շքանշաններին: 2020թ. հունվարից ծառայությունը շարունակել է Մատաղիսում: Եղել է 1-ին գումարտակի 2-րդ դասակի ականանետային մարտկոցի 5-րդ հաշվարկի հրամանատար:
Սեպտեմբերի 27-ից մասնակցել է թեժ մարտերին՝ լինելով Թալիշի մարտական դիրքում:
Հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» և «6-րդ ՊՇ անձնուրաց պաշտպան» մեդալներով:
Անուշի խոսքով՝ Գրիշան հոգատար էր, նվիրվող. անգամ ամենասովորական օրը կարողանում էր վերածել տոնի:
«Օրերն էինք հաշվում, թե երբ պիտի եղբայրս զորացրվեր և գար տուն, մենք այնքան շատ նպատակներ ունեինք, իսկ հիմա ապրում ենք, որովհետև պարտավոր ենք ապրել:
Ես չեմ ուզում, որ ծնողներս ինձ հանձնված, ընկճված տեսնեն… ես հիմա նրանց համար եմ առաջ նայում, ապրում»,-եզրափակեց 19-ամյա հերոսի քույրը՝ Անուշ Ազատյանը:
Անահիտ Չալիկյան