ՄիջազգայինՆորություններ

Ուռուցքաբանը նշել է թոքերի քաղցկեղի 3 հիմնական ախտանիշ

Ավելի վաղ գիտնականները նշել էին թոքերի քաղցկեղի ոչ ակներև մեկ ախտանիշ. դա կրունկների շրջանում մշտական ցավն է:

Թոքերի քաղցկեղի հիմնական ախտանիշներն են՝ հազը, հևոցը և խռպոտած ձայնը, հայտնել է ՌԴ ԳԱ թղթակից անդամ, Լապինո-2 կենտրոնի գլխավոր բժիշկ, բժշկագիտության դոկտոր Միխայիլ Դավիդովը։

Այս մասին, ԳԱԼԱ-ի փոխանցմամբ, հայտնում է gazeta.ru-ն:

«Ձայնի՝ առանց պատճառի խռպոտությունը թոքերի քաղցկեղի ամենատարածված ախտանիշն է: Այն ի հայտ է գալիս հետադարձ կոկորդային նյարդի վրա քաղցկեղային ուռուցքի աճի պատճառով: Բայց այս ախտանիշն ի հայտ է գալիս այն ժամանակ, երբ հիվանդությունը լրջորեն զարգանում է։ Ավելի վաղ փուլերում կարող են ախտանիշ լինել հազը և պարբերական հևոցը: Դրա վրա ոչ բոլորն են ուշադրություն դարձնում, հատկապես հիմա՝ COVID-19-ի համաճարակի ժամանակ»,-նշել է բժիշկը։

Նա հիշեցրել է, որ թոքերի քաղցկեղն աշխարհում ամենատարածված ուռուցքաբանական հիվանդություններից է։ Ամեն տարի դրանից ավելի քան 1,5 միլիոն մարդ է մահանում։

«Սա ամենանենգ հիվանդություններից է, որը 90% դեպքերում դրսևորվում է զարգացման վերջին փուլերում։ Ամենից հաճախ թոքերի քաղցկեղը հանդիպում է 55 տարեկանից բարձր անձանց մոտ»,- հավելել է ուռուցքաբանը։

Ըստ Դավիդովի՝ ռիսկի հիմնական գործոններն են ծխելը, աշխատանքը, որի ընթացքում մարդը շփվում է այնպիսի նյութերի հետ, ինչպիսիք են ասբեստը, բերիլիումը, ուրանը կամ ռադոնը, թոքերի քրոնիկ բորբոքային հիվանդությունները և գենետիկան, այսինքն՝ ազգականների մոտ  չարորակ նորագոյացությունների առկայությունը:

«Վտանգավոր պաթոլոգիան բացառելու համար ավելի լավ է թոքերի տոմոգրաֆիա անել, հատկապես նրանց, ովքեր ունեցել են կորոնավիրուսային հիվանդություն և չեն անցել այդ հետազոտությունը։ Ընդհանուր առմամբ, 55 տարեկանից բարձր մարդկանց թոքերի տոմոգրաֆիա խորհուրդ է տրվում անել տարին մեկ անգամ՝ անկախ ախտանիշների առկայությունից կամ բացակայությունից»,- եզրափակել է  բժիշկը։

Ավելի վաղ գիտնականները նշել էին թոքերի քաղցկեղի ոչ ակներև մեկ ախտանիշ. դա  կրունկների շրջանում մշտական ​​ցավն է:

Back to top button
Close