Նորություններ

Կան բազմաթիվ անհետ կորածներ, ովքեր գերի են եղել, և նրանց մարմինը չի հանձնվում հայկական կողմին. ինչո՞ւ

Ադրբեջանը միտումնավոր կրճատում է գերիների թիվը, իսկ Հայաստանը պատշաճ հակազդեցություն չի ցուցաբերում, ԳԱԼԱ-ի հետ զրույցում հայտարարեց ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը:

«Նախքան նոյեմբերի 16-ի հարձակման արդյունքում հայ գերեվարվածների նոր խմբի՝ ադրբեջանական կողմում հայտնվելը այդ երկիրն ընդունում էր ընդամենը 40 գերեվարվածի փաստը: Մինչդեռ այս թիվը, փաստական տվյալների ուսումնասիրության համաձայն, շատ ավելին պետք է լիներ:

Կան բազմաթիվ դեպքեր, որոնք հիմնավորված են տեսանյութերով, սակայն դրանց մասին Ադրբեջանը լռում է և միջազգայնորեն փորձում է հերքել իր պատասխանատվությունը միջադեպերի առնչությամբ: Մեր ձեռքի տակ եղած փաստերով հիմնավորել ենք 80 դեպք: Բայց սա չի նշանակում, որ 80-ը սպառիչ է, դա առնվազն 80 է, և մենք այս տեղեկատվությունը հավաքագրել ենք ընտանիքների հետ աշխատանքի, տեսանյութերի վերլուծություններով, բայց չենք բացառում, որ կան նաև անհետ կորածներ, որոնք մեզ չեն դիմել, և այդ փաստերը ուսումնասիրելու պարագայում ևս կհաստատեինք գերեվարման նոր դեպքեր: Առնվազն 80 անձ, մեր համոզմամբ, արդեն իսկ ենթարկվել է բռնի անհետացման, նրանք գտնվել են Ադրբեջանում, սակայն ինչ ճակատագրի են արժանացել՝ այս պահին որևէ տեղեկատվություն չկա»,-նշեց իրավապաշտպանը:

Ադրբեջանական կողմից Հայաստանին փոխանցված զոհված զինծառայողների մարմինների նույնականացման արդյունքում եղել են դեպքեր, երբ պարզվել է, որ զինծառայողը գերեվարված է եղել և սպանվել է ադրբեջանցիների կողմից:

Սիրանուշ Սահակյանը պնդում է՝ դա կարելի է վստահ ասել:

«Մեր վստահորդների շարքերում կան մարդիկ, ում գերեվարումը հիմնավորված է եղել անհերքելի, ստուգված տեսանյութի հիման վրա, սակայն հայկական կողմին վերադարձվել է դի, և ԴՆԹ փորձաքննության միջոցով պարզվել է ինքնությունը: Բայց կան բազմաթիվ անհետ կորածներ, ովքեր գերի են եղել, և նրանց մարմինը դեռևս չի հանձնվում հայկական կողմին:

Չեմ բացառում, որ ադրբեջանական կողմը հասկացել է, որ այդ դիերը հանձնելու պարագայում լրացուցիչ ապացույց է տրամադրում հայկական կողմին, և պետական քաղաքականության մեջ մոտեցումների փոփոխություն կա, և ներկայումս նրանք փորձում են չվերադարձնել մարմինները, որպեսզի նաև հավելյալ ապացույցների մասով վիճելիություն ունենան և կարողանան ինչ-որ պաշտպանություն կազմակերպել միջազգային ատյաններում»,-ընդգծեց Սահակյանը:

Հարցին, թե ինչ իրավական լծակներ կան, որոնք հնարավորություն կտան պահանջել գերեվարված անձանց կամ նրանց մարմինները, Սիրանուշ Սահակյանը պատասխանեց.

«Եթե մենք հիմնավորեցինք գերեվարումը, և ադրբեջանական կողմը չկարողացավ դա հերքել, դատարանն Ադրբեջանին պարտադրելու է ողջ վերադարձնել, իսկ եթե ողջ լինելը հիմնավորող ապացույցներ չկան, ապա առնվազն վերադարձնել մարմինները: Դրան պետք է կարողանանք հասնել իրավական գործընթացների միջոցով»:

 

Արմենուհի Վարդանյան

Back to top button
Close