Նորություններ

«Իրական հարցերը լուծվելու են Սոչիում, իսկ Բրյուսելի հանդիպումը լինելու է Սոչիի հանդիպման արդյունքների քննարկում»

«Իրական հարցերը իհարկե լուծվելու են Սոչիում, որովհետև Եվրամիության զորք այստեղ չկա, և Ռուսաստանը շատ ուժեղ ազդեցության լծակներ ունի և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի վրա: Եթե կայանա Բրյուսելի հանդիպումը, ապա դա կլինի Սոչիի հանդիպման արդյունքների քննարկում, ուրիշ ոչինչ»

«Գուցե դեկտեմբերին Բրյուսելում կայանալիք հանդիպումն արագացրեց ռուսական կողմի քայլերը, բայց պետք է չմոռանանք, որ նախքան Բրյուսելի հանդիպումը նոյեմբերին Մոսկվայում հանդիպում էր նախատեսված, որը չկայացավ, և դրան հետևեցին 1-օրյա ռազմական գործողությունները Սիսիանի հատվածում:

Իմ կարծիքով՝ Մոսկվայի հանդիպումը չկայացավ, որովհետև կային անհամաձայնություններ, չնայած ոչ ռուսական, ոչ հայկական, ոչ էլ ադրբեջանական կողմից պարզ չեն ասում, բայց անհամաձայնությունն ակնհայտ էր:

Հիմա որ հայտարարվեց Սոչիում կայանալիք հանդիպման մասին, սա արվեց այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը ռուսական կողմից ստացել է առաջարկներ սահմանագծման և սահմանազատման գործընթացի վերաբերյալ, և հայկական կողմի համար ընդունելի են այդ առաջարկները:

Գարիկ Քեռյան

Դրանից հետո մենք արդեն իմացանք, որ նոյեմբերի 26-ին Սոչիում հանդիպում է տեղի ունենալու»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Գարիկ Քեռյանը՝ անդրադառնալով նոյեմբերի 26-ին Սոչիում կայանալիք հանդիպմանը:

«Ըստ էության, Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան բանակցային գործընթացը այսպես թե այնպես գնում էր, մի որոշ ժամանակ կանգ էր առել, և դրա հետևանքը եղավ Սիսիանի ռազմական գործողությունները:

Իսկ ինչ վերաբերում է Բրյուսելի հանդիպմանը, ապա Բրյուսելի հանդիպումը Եվրամիության արևելյան գործընկերության միջոցառում է. Եվրամիությունը, հետխորհրդային տարածքում փորձելով պահպանել իր ազդեցությունը, ալտերնատիվ հանդիպումներ է կազմակերպում կամ քայլեր է ձեռնարկում ռուսական ազդեցությունը նվազեցնելու կամ թուլացնելու համար:

Բնականաբար  իրենք շտապեցին այդ հանդիպումը կազմակերպել, և կարծես թե Փաշինյանն ու Ալիևը պատրաստ են նաև Բրյուսելում հանդիպել:

Իրական հարցերը իհարկե լուծվելու են Սոչիում, որովհետև Եվրամիության զորք այստեղ չկա, և Ռուսաստանը շատ ուժեղ ազդեցության լծակներ ունի և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի վրա»,- ընդգծեց Գարիկ Քեռյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը եռակողմ բանակցություններ պետք է անցկացնեն Սոչիում նոյեմբերի 26-ին:

Քեռյանի խոսքով՝ եթե Սոչիում հանդիպման ժամանակ հարցերը կարգավորվեն և ինչ-որ փաստաթուղթ ստորագրվի, ըստ էության, Բրյուսելի հանդիպումը կարող է նաև ընդհանրապես չկայանալ:

«Եթե կայանա Բրյուսելի հանդիպումը, ապա դա կլինի Սոչիի հանդիպման արդյունքների քննարկում, ուրիշ ոչինչ:

Մենք ոչինչ չգիտենք՝ ինչ փաստաթուղթ է լինելու, մեզ միայն մի բան է հայտնի, որ Հայաստանը համաձայնվել է ռուսական կողմի առաջարկին՝ սահմանագծման և սահմանազատման գործընթացի վերաբերյալ, իսկ թե ինչ փաստաթուղթ է լինելու կամ ինչ բովանդակությամբ, կամ նշվելո՞ւ է արդյոք՝ որ թվականի քարտեզներով են իրականացվելու այդ աշխատանքները, կնշվի՞ արդյոք կոմունիկացիաների մասին: Եթե մեզ համար այս հարցերի պատասխանները պարզ լինեն, կկարողանանք որոշակի հետևություններ անել բրյուսելյան հանդիպմանը:

Աստված չանի, եթե Սոչիի  հանդիպումն անարդյունք լինի, այդ դեպքում բրյուսելյան հանդիպման հետաքրքրությունը կուժեղանա, և հանրությունը այնտեղից կսպասի ինչ-որ հարցի լուծման:

Եթե Սոչիի հանդիպումը արդյունք ունեցավ, ապա Բրյուսելի հանդիպումը լինելու է հերթապահ հանդիպում 10-15ր. տևողությամբ»,- հայտարարեց Գարիկ Քեռյանը:

Քաղաքագետը կարևորում է նման հանդիպումները հակամարտող կողմերի միջև:

«Այդ հանդիպումների ժամանակ, անգամ եթե փաստաթղթեր չեն ստորագրվում, ինքնին հանդիպման փաստն արդեն հաղթանակ է, որովհետև 2 պատերազմող երկրների ղեկավարները համաձայնում են հանդիպել, իսկ դա նշանակում է, որ երկու կողմն էլ ուզում են, որ հարցը լուծվի:

Դրական կողմն այն է, որ այս հանդիպումներից առաջ և հետո կողմերն ավելի զսպվածություն են դրսևորում, իսկ եթե նմանատիպ հանդիպումները հաճախակի են լինում, դա խոսում է պատերազմից դուրս գալու վիճակի մասին»,- եզրափակեց քաղաքագետ Գարիկ Քեռյանը:

Անահիտ Չալիկյան

 

Back to top button
Close