ԿԱՐԵՎՈՐԻ ՄԱՍԻՆՆորություններ

Գերիների թիվն անհամեմատ ավելին է, քան հրապարակել է պաշտպանության նախարարությունը. Ս. Սահակյան

ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը ԳԱԼԱ-ի «Կարևորի մասին» հաղորդման շրջանակներում հայտարարել է, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը հրապարակում է գերիների ակնհայտ քիչ թիվ, քան իրականում կան:  Խոսքը նոյեմբերի 16-ին թշնամու ագրեսիայի ժամանակ գերեվարված անձանց մասին է:

«Առնվազն մեր փաստահավաքությունը, տեսանյութերի ուսումնասիրությունը, ընտանիքների անդամների հետ հանդիպումները ցույց են տալիս, որ այդ թիվը շուրջ երեք տասնյակ է: Մենք չենք կարող որոշակի տվյալներ հրապարակայնացնել անհետ կորածների կամ զոհվածների վերաբերյալ, բայց գերիների մասով կարող ենք պնդել և հաստատել, որ թիվը անհամեմատ ավելին է, քան պաշտոնականացվել է ՀՀ պաշտպանության նախարարության հաղորդագրությամբ»:

Նիկոլ Փաշինյանը, Ազգային ժողովում անդրադառնալով ռազմագերիների խնդրին, հայտարարեց, թե  գերեվարության յուրաքանչյուր դեպք պատշաճ ձևով պետք է հետաքննել:

«ՀՀ ԶՈՒ-ում ծառայություն անցնող յուրաքանչյուր անձ ունի պարտականություններ: Եվ պետք է հստակ բոլոր դեպքերով քննություն լինի: Ի՞նչ է նշանակում գերի ընկնել, ի՞նչ հանգամանքներում: Զինվորական կանոնակարգերը հստակ սահմանում են, թե որ դեպքում գերի ընկնելը չի համարվում հանցագործություն: Եվ յուրաքանչյուր դեպքում մենք պետք է քննենք՝ այդ դեպքի՞ հետ գործ ունենք, թե՞ ոչ»,- նշել էր Փաշինյանը:

Անդրադառնալով այս հայտարարությանը՝ Սիրանուշ Սահակյանը հայտարարեց.

«Որքան գերիների թիվը մեծանում է, այնքան ծանրանում և դժվարանում են բանակցությունները: Դժվար խնդիր է, որը կարծես մնացել է իշխանությունների կոկորդին, և նրանք գիտակցում են, որ ավելի են բարդանալու նոր թվաքանակի պայմաններում, և ընտանիքների այդ սպասումները չեն կարողանալու արդարացնել:

Դրա համար փորձում են պատասխանատվությունը գցել կամ առնվազն կիսել ընտանիքի անդամների հետ: Եվ եթե առաջ է քաշվում  կամովին գերի ընկնելու հանգամանքը, իրենց հանդիպումներից մեկում  վստահ եմ, որ վարչապետն իր ոճով կհակադարձի ընտանիքի անդամներին և կասի՝ իսկ ո՞վ  էր խնդրում նրանց գերի ընկնել: Ոնց  ընկել են, այպես էլ թող վերադառնան,  և սրանով կմեղմի իր պատասխանատվությունը այս տղաների առջև»:

Back to top button
Close