ՄԵՐ ՀԵՐՈՍՆԵՐԸՆորություններ

«Եղբայրս անհանգիստ էր. թշնամին Ջրականի զորամասը պայթեցրել էր, իսկ ներսում 400 զորակոչիկ է եղել». զոհված զինծառայողի քրոջ պատմությունը

«Վերջին զանգը հոկտեմբերի 2-ին է եղել, եղբայրս շատ էր անհանգստանում. թշնամին Ջրականի զորամասը պայթեցրել էր, իսկ ներսում 400 զորակոչիկ է եղել: Ինձ նաև խնդրեց, որ զանգեմ դասընկերոջ ծնողներին, իմանամ՝ տղայից լուր ունե՞ն, որովհետև դասընկերը այդ պայթեցված զորամասից է եղել»

«Գոռը սեպտեմբերի 27-ի առավոտյան մեզ զանգեց, ասաց՝ զանգել եմ ձայններդ լսեմ, կարող է այնպես ստացվի, որ էլ չկարողանամ զանգել, էստեղ կռիվ է սկսվել, հենց հարմարեցրի, կզանգեմ:

Վերջին զանգը հոկտեմբերի 2-ին է եղել, եղբայրս շատ էր անհանգստանում. թշնամին Ջրականի զորամասը պայթեցրել էր, իսկ ներսում 400 զորակոչիկ է եղել: Ինձ նաև խնդրեց, որ զանգեմ դասընկերոջ ծնողներին, իմանամ՝ տղայից լուր ունե՞ն, որովհետև դասընկերն այդ պայթեցված զորամասից է եղել:

Գոռը պատերազմի հենց առաջին օրվանից մարտեր է մղել առաջնագծում, հոկտեմբերի 2-ից լուր չենք ունեցել։ 40 օր լուր չունենալուց հետո մարմինը դատաբժշկական (ԴՆԹ) փորձաքննությամբ հանձնել են մեզ, նոյեմբերի 21-ին, բայց մեր իմացած տվյալներով՝ անմահացել է հոկտեմբերի 4-ին»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում պատմում է Արցախյան պատերազմում զոհված ժամկետային զինծառայող Գոռ Աբազյանի քույրը՝ Գոհարիկ Աբազյանը:

«Բարի էր, մաքուր և պարզ սիրտ ուներ, կամեցող էր: Գոռը բոլորին էր լավ վերաբերվում: Ժպիտը դեմքին էր՝ անկախ նրանից՝  ինչ իրավիճակ կլիներ: Ինձ համար շատ  դժվար է եղբորս մասին անցյալով խոսելը… միշտ եմ հպարտացել նրանով, իր շիտակ ու ազնիվ տեսակով:

Հիմա էլ եմ հպարտ, որ Գոռի քույրն եմ, բայց միևնույն ժամանակ նաև կիսատ եմ՝ առանց եղբայր քույրն ո՞ւմ է պետք… երանի թե հպարտությունս էսքան չցավեցներ ինձ:

Գոռը պատերազմի օրերին, երբ զանգում էր, չի ասել, որ հաղթելու ենք. գուցե ինքն էլ էր հասկացել, որ անհնար է հաղթել, երբ դավաճաններն ավելի շատ են, քան կռվողները:

Եղբայրս շատ նպատակներ ուներ, հայրս նրան ամեն ինչով ապահովել է, նույնիսկ տուն էինք գնել, որ երբ բանակից գա, ուրախանա, բայց Գոռս ոչինչ չհասցրեց:

Ասում էր՝ հենց բանակից գամ, պապայի հետ գործ եմ սկսելու… ուզում էր ֆերմաներ սարքել: Պատերազմը ամեն բան խլեց. թե՛ երազանքները, թե՛ հույսը: Նախքան պատերազմը, այսինքն մինչև սեպտեմբերի 26-ը, մենք  չգիտեինք՝ ինչ է մեզ սպասվելու, ապրում էինք ու չգիտեինք, որ սեպտեմբերի 27-ից մեր կյանքը կորցնելու է իմաստը: Պատերազմից հետո մեր կյանքից գույները կորել են»,-եզրափակեց Արցախյան պատերազմում զոհված հերոսի քույրը:

Գոռ Արշալույսի Աբազյանը ծնվել է 2001 թ. ապրիլի 29-ին ՀՀ Լոռու մարզի Լեռնապատ գյուղում։ 2019 թ.-ին ծառայության է անցել Ջրականում՝ ձեռք բերելով հետախույզի, այնուհետև նաև գնդացրորդի մասնագիտություն:

Զոհվել է հոկտեմբերի 4- ին՝ չլքելով մարտական դիրքը և զինակից ընկերներին:

Անահիտ Չալիկյան

Back to top button
Close