Մշակույթ/ՊատմությունՆորություններ

Ստեղծագործական նվաճումների համար Արտավազդ Փելեշյանը հատուկ մրցանակի է արժանացել Ամստերդամում

Ամստերդամի վավերագրական կինոյի միջազգային փառատոնում (IDFA) Արտավազդ Փելեշյանն արժանացել է «Life achievement award» (ստեղծագործական նվաճումների համար) հատուկ մրցանակին: Այս մասին հայտնում է «Կինոաշխարհը»:

Փառատոնի «Ֆեյսբուքի» պաշտոնական էջում զետեղված հաղորդագրության մեջ ասվում է, որ փառատոնի շրջանակում նոյեմբերի 19-ին տեղի է ունեցել Փելեշյանի «Բնություն» ֆիլմի եվրոպական պրեմիերան, որին ներկա է եղել լեգենդար երգչուհի, գրող Փաթի Սմիթը: Հատուկ ֆիլմի համար գրված բանաստեղծությամբ և երգով նա մեծ բավականություն է պատճառել հանդիսատեսին:

Իսկ փառատոնի տնօրեն, սիրիացի պրոդյուսեր Օրվա Նիրաբիան խոսել է կինոյի պատմության մեջ Փելեշյանի՝ վավերագրական կինոյի պոետի ֆիլմերի կարևորության մասին։

Մրցանակը Փելեշյանը պետք է ստանար անձամբ, սակայն առողջական խնդիրների պատճառով ճանապարհորդել չի կարողացել։ Վարպետի փոխարեն այն ստանալու են եկել Փարիզի Կարտիե ժամանակակից արվեստի թանգարանի տնօրեն Էրվե Շանդեսն ու ռեժիսոր Անդրեյ Ուջիկան։

Արտավազդ Փելեշյանի «Բնություն» ֆիլմի համաշխարհային փառատոնային պրեմիերան տեղի է ունեցել Նյու Յորքի կինոփառատոնում (New York Film Festival-59)։ «Բնություն» ֆիլմի փառատոնային արշավն ու միջազգային հաջողությունները շարունակվում են։

Back to top button
Close