ՄԵՐ ՀԵՐՈՍՆԵՐԸՆորություններ

«Նարեկենց զորքը կռիվ տալով հայտնվել էր շրջափակման մեջ, և 4 օր կորած են համարվել, հետո 10 հոգանոց իր ջոկը, բազում կիլոմետրեր անցնելով, ոտքով հասել էին զորամաս»

«Նարեկս առողջական խնդիրներ ուներ, սակայն մերժեց բոլոր տիպի համոզումները՝ ծառայությունից ազատվելու, ասաց՝ ես իմ ընկերներից լավը չեմ»,-պատմում է 20-ամյա հերոսի մայրը:

«Երբ սկսվեց պատերազմը, իմ երկու որդիներն էլ ծառայում էին… փոքր տղայիս ՝ Դավիթիս հետ կարողացա կապվել, բայց Նարեկս անհասանելի էր: Ժ.11:30 -ի կողմերը զանգեց, ասաց՝ մեզ տանում են այնտեղ, որտեղ միշտ տանում էին, անուններ չտալով: Ասաց՝ մամ ջան, մի քիչ խառն է, բայց չանհանգստանաս, հենց հարմար լինի, քեզ կզանգեմ: Այդ զանգից հետո 4 օր լուր չունեցա որդուցս: Նարեկենց զորքն այդ ժամանակ կռիվ տալով հայտնվել էր շրջափակման մեջ, և 4 օր կորած են համարվել: Հետո մի կերպ 10 հոգանոց իր ջոկը, բազում կիլոմետրեր կտրել-անցնելով, ոտքով հասել էին իրենց Կուբաթլուի զորամաս: Պատերազմի ժամանակ զանգում էր: Շատ կարճ էինք խոսում: Հարցնում էր՝ ձեր մոտ ի՞նչ կա, լուրերից էր հետաքրքրվում, իրենք կտրված էին աշխարհից ամբողջովին: Ասում էր՝ մենք հեռու ենք սահմանից, հետ ենք, այնինչ իրենք մշտապես և ամենուր առաջնագծերում էին»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում պատմում է 20-ամյա հերոսի՝ Արցախյան պատերազմում զոհված ժամկետային զինծառայող Նարեկ Մանուկյանի մայրը՝ Մարինա Հովասափյանը:

«Հոկտեմբերի 17-ին զորքը, նահանջի հրաման ստանալով, տեղափոխվում է Գորիս, որտեղից էլ անցում են Խնձորեսկի դիրքերի պաշտպանության: Հոկտեմբերի 22-ի լույս 23-ի առավոտյան Նարեկը նկատում է ԱԹՍ-ն և զգուշացնում զինակիցներին, մի քանի վայրկյան անց՝ ժամը 6:46- ին, կասետային ականի պայթյուն է որոտում: Որդիս վիրավորում է ստանում սրտի հատվածում: Առաջինն իրեն են հասնում զինակիցները, կանչում բուժօգություն, սակայն տղայիս կյանքը փրկել չի հաջողվում»,- շարունակում է հերոսի մայրը:

Նարեկ Հրաչյայի Մանուկյանը ծնվել է 2000թ. նոյեմբերի 21-ին Երևանում: Սովորել է Ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանի դիզայնի ֆակուլտետում:

2019թ. հունվարին զորակոչվել է բանակ: Սկզբում Կապանի զորամաս, հետո տեղափոխել են Սանասար (Կուբաթլու), որտեղ էլ անցկացրել է ծառայության մնացած ամիսները:

Նարեկը 25 օր քաջաբար կռվել է թշնամու ստորաբաժանումների դեմ, հերոսաբար զոհվել է հոկտեմբերի 23-ին, հետմահու պարգևատրվել է ՀՀ «Հերոսի պատվոգրով» և «Մարտական ծառայություն» մեդալով:

«Վերջին անգամ որդուս հետ խոսել եմ զոհվելու նախորդ երեկոյան: Այդ գիշեր երկար խոսել է եղբոր հետ, հետո ասել է՝ սիրտս հանգստացավ, որ եղբայրս ապահով է, կարծես հրաժեշտ է տվել:

Լուրն իմացա Դավիթիցս, երբ նրան ուղարկեցին տուն: Զոհվելու օրը Նարեկի զորացրվելուն մնացել էր ուղիղ 100 օր:

Նարեկս փոքրուց շատ հետաքրքրասեր էր: Հետաքրքրվում էր ամեն ինչով, ինչ վերաբերում էր գիտությանն ու նորարարություններին: Դպրոցական տարիներին հաճախում էր մարմնամարզության, կարատեի, հետագայում՝ նկարչության և լողի մարզումների: Համատեղում էինք նաև կիթառի դասընթացները: Ես միշտ հպարտացել եմ իմ տղայով, դպրոցում և ամեն տեղ միայն գովեստի խոսքեր էի լսում նրա մասին:

Արդարադատ էր… հիշում եմ՝ կարատեի մրցումների ժամանակ, երբ ինքն իր մրցակցին հաղթեց, չէր ընդունում իր հաղթանակը: Նա ասում էր՝ իմ մրցակիցն ինձնից ցածր էր, մենք հավասարներով չենք պայքարի մտել, ես ինձ հաղթող չեմ համարում, անարդար ճանապարհով մեդալ ինձ պետք չէ։

2019 թ. հունվարի 31-ին զորակոչվեց հայկական բանակ: Նարեկս առողջական խնդիրներ ուներ՝ տեսողության հետ կապված, և մեջքի կիֆոզ, որն ազատման աստիճանի էր: Սակայն մերժեց բոլոր տիպի համոզումները՝ ծառայությունից ազատվելու: Ասաց՝ ես իմ ընկերներից լավը չեմ ու ոչնչով պակաս չեմ, որ պետք է ազատվեմ, և հետո ես պետք է ծառայեմ:

Նարեկս շատ նպատակներ ուներ… ուզում էր Եվրոպայում սովորել: Ասում էր՝ ես պետք է հայտնի դառնամ, որ դու հպարտանաս ինձնով, մամ: Ամեն ճաշից հետո ձեռքս համբուրում էր և շնորհակալություն հայտնում: Ասում էր՝ ես իմ մամային թագուհու նման պիտի պահեմ: Վարդեր էր շատ սիրում և հաճախ վարդեր էր ինձ նվիրում:

Նարեկս գիտեր, թե ինչի համար է ծնվել»,- եզրափակեց Արցախյան պատերազմում զոհված 20-ամյա հերոսի՝ Նարեկ Մանուկյանի մայրը՝ Մարինա Հովասափյանը:

Անահիտ Չալիկյան

 

Back to top button