ԿԱՐԵՎՈՐԻ ՄԱՍԻՆՆորություններ

«Ինչպե՞ս կարող է հայելային փոփոխություն լինել, եթե իրենք քո տարածքում առաջ են գնացել». Կարեւորի մասին

ԳԱԼԱ-ի «Կարևորի մասին» հաղորդման զրուցակիցն է ռազմական վերլուծաբան Ռոբերտ Նազարյանը։

Վերլուծաբանները և ընդդիմադիր պատգամավորները բազմիցս բարձրաձայնել են վերջին մեկ տարվա ընթացքում անվտանգության բարձրացման և, մասնավորապես, շփման գծի կահավորման և պաշտպանունակության հարցը։  Ըստ Նազարյանի՝ նոյեմբերի 9-ից անցած մեկ տարին լիովին բավական էր այդ հարցերը լուծելու համար։ Սակայն, ցավոք, այդ ամենը չի արվել։ Երբ տեսանյութերում տեսնում ենք մեր առաջնագիծը, դիրքերը, բազմաթիվ հարցեր են առաջանում։ «Ինչո՞ւ չկան խրամատներ, ինչո՞ւ չկան խրամուղիներ, ինչո՞ւ կահավորված չէ այդ ամենը, ինչո՞ւ չկան գետնատնակներ։ Ընդ որում, դրանք շատ տարրական բաներ են»։

Ադրբեջանի կողմից որոշ տեղերում կատարվել են կահավորման և ամրապնդման աշխատանքներ, սակայն չի կարելի խոսել տոտալ վերակառուցման մասին։ Որոշ տեղերում աշխարհագրական, ռելիեֆային և բնակլիմայական պայմանները պարզապես թույլ չեն տալիս վարել այդ աշխատանքները։

Վերլուծաբանը կարծիք հայտնեց, որ կարելի է հետևություն անել, որ Քարվաճառը խոցելի կետ է ադրբեջանցիների համար։ Մասնավորապես, այնտեղ լուծված չեն լոգիստիկ հարցերը։

«Վերին Շորժայի մոտ առաջ եկած դիրքերը իրենց թույլ են տալիս մեր կողմից հնարավոր հարձակողական գործողությունների դեպքում պահել դիրքերը։ Նույն տրամաբանությունը առկա է Սև լճի, Իշխանասարի մոտակայքում։ Այնտեղից ուղիղ հրաձգային կրակի տակ է պահվում Կապանը. այն հաշվարկով, որ ցանկացած ռազմական գործողության դեպքում մեր կողմը պետք է մտածի՝ արժե՞ արդյոք հարվածի տակ դնել Հայաստանի հինգերորդ քաղաքը»։

Նոյեմբերի 9-ից հետո գրեթե բոլոր մասնագետները խոսում էին, որ Ադրբեջանը չի բավարարվելու ձեռք բերածով։ Անդրադառնալով մարդկային կորուստներին և ռազմագերիներին՝ Նազարյանը նշեց, որ մարդկային կյանքից ավելի կարևոր հարց չկա։ Ինչ վերաբերում է այն պաշտոնական հայտարարություններին, թե վերջին օրերին տարածքային կորուստներ չեն եղել և տեղի են ունեցել «հայելային փոփոխություններ», ապա դա հակասում է նույնիսկ ֆիզիկայի օրենքներին։ «Ինչպե՞ս կարող է հայելային փոփոխություն լինել, եթե իրենք քո տարածքում առաջ են գնացել։ Հայելային նույնքան հե՞տ գնալ»։

«Դեռ 44-օրյա պատերազմում ասվում էր, որ միջազգային հանրությունը, դաշնակից երկրներն ակնհայտորեն ակնարկում էին Հայաստանի ղեկավարությանը, որ կոչերի փոխարեն պետք էր գործել։ Մասնավորապես խոսքը ահաբեկիչների առկայության մասին էր։ Ահաբեկիչները այն թեման են, որը միջամտելու հնարավորություն է տալիս։ Սա զուտ տեսություն չէ, Սիրիայի օրինակը ցույց է տալիս, որ հղում անելով ահաբեկիչներին՝ գերտերությունները լուծում են իրենց հարցերը։ Նույնիսկ այսօր, ըստ պարոն Նազարյանի, հայկական կողմը ընթացակարգերով նախատեսված քայլերի չի դիմել՝ չի ներկայացրել գրավոր դիմում և այլն։

«Ժամանակակից պատերազմ» հասկացությունը տեղին չէ, քանի որ պատերազմական գործողությունները տարբերվում են ըստ տարածաշրջանների և այլ հանգամանքների։ Հայաստանի դեպքում դեռ Ապրիլյան պատերազմից պարզ էր, որ ադրբեջանցիները կիրառելու են ԱԹՍ-ներ, և անհրաժեշտ էր լիովին պատրաստ լինել դրանց առկայությունը չեզոքացնելու համար։

Մեր քաղաքացիները պետք է գիտակցեն, որ մենք Եվրոպայում չենք բնակվում, որ այս տարածաշրջանում անչափ կարևոր է ունենալ գործուն անվտանգության համակարգ, և որ Հայաստանը դատապարտված է մշտապես ջանք թափել այդ համակարգը կայացնելու և պահելու համար»։

Back to top button
Close