Նորություններ

«13 հոգու գերեվարության փաստը ֆիքսվել է տեսանյութերով, բայց կարծում ենք, որ գերեվարվածների թիվն ավելին է». ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ

«Նոյեմբերի 16-ից հետո ունենք մեկ տասնյակից ավելի նոր գերեվարման դեպքեր, ընդ որում, կան անհետանալու դեպքեր, որոնք կարող են գերեվարվելու հետ առնչություն ունենալ: 13 հոգու գերեվարության փաստը ֆիքսվել է տեսանյութերով, բայց կարծում ենք, որ գերեվարվածների թիվը ավելին է, քան 13-ը»

«Նոյեմբերի 16-ից հետո ունենք մեկ տասնյակից ավելի նոր գերեվարման դեպքեր, ընդ որում, կան անհետանալու դեպքեր, որոնք կարող են գերեվարվելու հետ առնչություն ունենալ: 13 հոգու գերեվարության փաստը ֆիքսվել է տեսանյութերով, այսինքն ծնողներ կան, որ ադրբեջանցիների տարածած տեսանյութերում գտել են իրենց որդիներին, բայց կարծում ենք, որ գերեվարվածների թիվը ավելին է, քան 13-ը: Գերեվարված անձանց  վերաբերյալ հստակ թիվ կարող ենք ներկայացնել այն ժամանակ, երբ մեր փաստահավաք աշխատանքները կհասնեն ավարտին:

Զինծառայողների հարազատները տեղեկություններ են հայտնում ծառայության օրվա, նախորդող ժամանակահատվածի առնչությամբ, իսկ բուն միջադեպի վերաբերյալ արդեն համածառայակիցներն են տրամադրում տեղեկություններ: Այս ուղղությամբ ևս որոշակի գործողություններ են իրականացվում»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում հայտարարեց ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը՝ անդրադառնալով նոյեմբերի 16-ի մարտական գործողությունների ժամանակ գերեվարման և զինծառայողների անհետ կորելու դեպքերին:

ՊՆ-ի փոխանցմամբ՝ նոյեմբերի 16-ին ՀՀ արևելյան ուղղությամբ ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների հարձակման հետևանքով ծավալված մարտերի ընթացքում հայկական կողմն ունի 6 զոհ, 13 գերեվարված զինծառայող, իսկ 24 զինծառայողի հետ կապը կորել է:

Սահակյանի խոսքով՝ չի բացառվում, որ 24 զինծառայողները, որոնց հետ կապը կորել է, և նրանց անհետանալու հանգամանքները դեռևս պարզված չեն, կարող են գերեվարված լինել:

Սիրանուշ Սահակյանի խոսքով՝ որևէ զինծառայողի միջազգային իրավունքի պաշտպանությունը դուրս չի մնա գործընթացից: Փաստահավաք աշխատանքները շարունակվում են, խնդրի մասին բարձրաձայնվում է տարաբնույթ հանդիպումների ընթացքում:

Անահիտ Չալիկյան

 

Back to top button