ՆորություններՏնտեսական

Շիրակի մարզում ավելի քան 600 թափուր աշխատատեղ կա. լուրջ խնդիր է մնում համալրումը. աշխատանքի տոնավաճառ՝ Գյումրիում

Այսօր Գյումրիում անցկացվել է աշխատանքի տոնավաճառ Եվրոպական միության ֆինանսավորմամբ: Կազմակերպիչները «Մարդը կարիքի մեջ» հասարակական կազմակերպությունն ու «Ադամյան և ընկերներ» աշխատանքի տեղավորման կադրային կենտրոնն են: Ինչպես հայտնում է ԳԱԼԱ-ն, «Աշխատանքի նոր հեռանկարներ» խորագիրը կրող տոնավաճառն այսօր մեկ հարկի տակ էր միավորել Շիրակի մարզի գործատուներին, աշխատանք փնտրողներին, նաև մասնագիտական ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներին: Տոնավաճառին մասնակցում էին 27 գործատուներ, բայց ներկայացված էին 127 գործատուների շուրջ 650 թափուր աշխատատեղերի մասին հայտեր:

աշխատանքի տոնավաճառ
Սերգեյ Մանուկյան

Ամասիայի գլխավոր պանրագործարանը տոնավաճառի էր եկել իմանալու, թե արդյոք գործազուրկների մեջ կան պանրագործ մասնագետներ: Արտադրության պետ Սերգեյ Մանուկյանն է ասում, որ մասնագետներ չգտան, բայց մինչ այս Ամասիայի արհեստագործական ուսումնարանում միջազգային ծրագրով եռամսյա դասընթացներ էին կազմակերպվել ու մասնագետներ պատրաստել:

աշխատանքի տոնավաճառ
Գոհար Դավթյան

Գոհար Դավթյանը մեկն է նրանցից, ով մասնագիտություն չունի, 2 տարի աշխատանք փնտրելուց հետո պանրագործի մասնագիտություն է ձեռք բերել, իսկ այսօր աշխատանքի պայմանագիր կնքեց գործատուի հետ: Պանրագործարանի կադրերը հիմնականում ուսումնարանի շրջանավարտներն են համալրում:

Գյումրիում արագ սննդի կետին էլ որակյալ խոհարարներ, բարմեններ ու այլ նեղ մասնագետներ են պետք, մոտ 10 թափուր աշխատատեղ ունեն, պատրաստ են սովորեցնել, բարձր աշխատավարձն էլ երաշխավորում են, բայց ասում են, թե գործազուրկները սովորելու ցանկություն չունեն, միանգամից ուզում են աշխատել ու բարձր վարձատրվել:

Ագրոոլորտն էլ մասնագետների խնդիր ունի, բայց համալրում չի լինում: Լավ մասնագետների պակաս կա, իսկ բանվորական աշխատանքի առաջարկները ցածր վարձատրվող են: Սա մարզում խնդիր է երկար տարիներ: Թերևս դա է պատճառը, որ աշխատանքի առաջարկն ու պահանջարկն անհամատեղելի են: Ավելի շահեկան դիրքերում միջին կրթական հաստատություններն են, որոնք եթե գործատուների հետ կապը վերականգնեն, ապա կկարողանան համապատասխան մասնագետներ պատրաստել:

աշխատանքի տոնավաճառ
Ամալյա Ադամյան

Այս տոնավաճառն էլ թերևս նպատակ ուներ հասկանալու, թե ինչ մասնագետների կարիք կա աշխատաշուկայում, որ նախնական և միջին կրթական հաստատությունները պատրաստեն, ասում է «Ադամյան և ընկերներ» աշխատանքի տեղավորման մասնավոր կադրային կենտրոնի ղեկավար Ամալյա Ադամյանը, ով պետական զբաղվածության համակարգում է եղել 27 տարի, որից 24 տարին աշխատել է որպես տնօրեն: Հաստիքների կրճատման պատճառով նա այս տարի աշխատանքից ազատվել է ու հիմնել աշխատանքի տեղավորման սեփական ընկերությունը:

Այս տոնավաճառի նպատակն այն է, թե ինչպես կրթությունից անցում կատարել դեպի աշխատաշուկա, այն նաև մասնագիտական կողմնորոշման նպատակ ունի: Տոնավաճառին ներկա էին նաև դպրոցականներ:

Արթիկի պետական քոլեջի մանկավարժների խոսքերով՝ սա ռեալ հնարավորություն է շրջանավարտների համար աշխատանքի տեղավորվելու և մասնագիտական կրթական հաստատություններ ընտրելու համար:

Վիճակագրական տվյալներով՝ Շիրակի մարզում այս տարվա օգոստոս ամսվա դրությամբ գրանցված աշխատանք փնտրողները 17.489 են, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 3,6 տոկոսով: Շարունակում է բարձր մնալ գործազուրկ կանանց թիվը, որը կազմում է ընդհանուր գործազուրկների մոտ 70 տոկոսը:

Գործազրկության նման բարձր ցուցանիշի պայմաններում շարունակում է լուրջ խնդիր մնալ թափուր աշխատատեղերի համալրումը: Մարզում առկա 600-ից ավելի թափուր աշխատատեղերի մեծ մասն ամիսներով մնում է չհամալրված: Իսկ սա հիմնականում կրթական հաստատություն-գործատու պահանջների անհամապատասխանության հետևանքով է:աշխատանքի տոնավաճառաշխատանքի տոնավաճառ

Կարինե Կազարովա

Back to top button
Close