Նորություններ

«Դեմարկացիա և դելիմիտացիա սկսելուց հետո պետք է իմանանք, որ արցախյան հիմնահարցի հետ կապված կհայտնվենք բավականին ծանր իրավիճակում»

«Եթե դեմարկացիա և դելիմիտացիա սկսվի Սյունիքի սահմանում, պետք է հասկանանք, որ այդ տարածքը Արցախի և Սյունիքի մարզի միջև սահմանն է, ոչ թե Ադրբեջանի և Սյունիքի»

«Պարտված կողմին ամենօրյա ռեժիմով դեմարկացիա և դելիմիտացիա պարտադրելը և ուժի կիրառմամբ սպառնալը, արդեն իսկ հուշում են, որ եթե անգամ նման գործընթաց տեղի  ունենա, ապա դա կլինի ի վնաս հայկական շահի:

Դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթաց սկսելուց  հետո պետք է իմանանք, որ արցախյան հիմնահարցի հետ կապված կհայտնվենք բավականին ծանր իրավիճակում, որովհետև եթե դա սկսվի Սյունիքի սահմանում, պետք է հասկանանք, որ այդ տարածքը Արցախի և Սյունիքի մարզի միջև սահմանն է, ոչ թե Ադրբեջանի և Սյունիքի:

Հետևաբար պետք է հասկանալ՝ իրավական, դիվանագիտական, ընդհանրապես փիլիսոփայական իմաստով մենք ի՞նչ ենք ուզում: Եթե ուզում ենք ճանաչել Սյունիքից այն կողմ Ադրբեջան, ապա պետք է հասկանանք՝ ինչ ենք խոսելու Արցախի հարցի վերաբերյալ, որովհետև կարծես թե մինչև այսօր դա ճանաչում էինք որպես Արցախի Հանրապետության տարածք:

Սրանք հարցեր են, և առանց այս հարցերի պատասխանները ստանալու չենք կարող առաջ շարժվել, բայց եթե մեր  պարոն վարչապետը որոշել է առանց այս հարցերի պատասխանների առաջ շարժվի, ապա նա պետք է հստակեցնի՝ ինչպես է պատկերացնում արցախյան հիմնահարցի լուծումը»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում հայտարարեց 7-րդ գումարման ԱԺ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը:

Նշենք, որ վարչապետ Նիկոլ  Փաշինյանը հայտարարել է, որ ՌԴ պաշտպանության նախարարության՝ դեմարկացիայի ու դելիմիտացիայի նախապատրաստական փուլի վերաբերյալ առաջարկները հայկական կողմի համար ընդունելի են, իսկ մի քանի օր  առաջ վարչապետն Առաջին ալիքին տված հարցազրույցի ժամանակ դժվար էր պատկերացնում իրականացնել դեմարկացիա և դելիմիտացիա այն սահմանին, որտեղ գրեթե ամեն օր  խախտվում է հրադադարի ռեժիմը:

«Ես իշխանության հայտարարությունների մեջ էնքան հակասություններ եմ տեսնում, երբեմն այնքան հակահայկական են այդ հայտարարությունները, որ չեմ ցանկանում խորը  եզրակացություններ անել:

Ես չեմ կարող հոգեվերլուծություն անել, որպեսզի հասկանամ, թե ինչու է վարչապետը այդքան շուտ փոխում իր կարծիքը կամ ինչ գործոններով պայմանավորված է եզրակացություններ ներկայացնում»,- հայտարարեց նախկին պատգամավորը:

Դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացի ժամանակ արդյո՞ք կլինի տարածքների փոխանակում:

Հարցին ի պատասխան՝ Տարոն Սիմոնյանը հայտարարեց.

«Այն, որ ինչ-որ մի  բան փոխանակելու համար պետք է մի այլ բան ձեռքիդ ունենաս, տրամաբանական է: Մենք այն, ինչ կարող էինք ունենալ մեր ձեռքի մեջ, ամեն ինչ կորցրել ենք՝ իշխանության վարքագծի և պատերազմի պատճառով:

Մենք չենք կարող մի տարածքը փոխանակել, որպեսզի մեր մեկ այլ տարածք հետ վերցնենք, հայրենիքը չի կարող առևտրի առարկա լինել: Նույն տրամաբանությամբ վաղը մեկ այլ մարզի հատված Ադրբեջանը կզավթի և կասի՝ դե մի ուրիշ տարածք տուր, որ էս տարածքը տամ քեզ:

Այս  պահի դրությամբ  մենք փոխանակելու տարածք չունենք, ինչը պիտի փոխանակենք»,- նշեց Սիմոնյանը:

Օրերս Ազգային ժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ժամանակն է, որ գերեվարման յուրաքանչյուր դեպք պատշաճ ձևով հետաքննեն: Երբ Հայաստանից այդպիսի միտք է արտահայտում վարչապետը, արդյո՞ք այդ հայտարարությունը Ադրբեջանը չի օգտագործի մեր գերիների դեմ:

7-րդ գումարման ԱԺ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը, անդրադառնալով հարցադրմանը, հայտարարեց.

«Յուրաքանչյուր գերեվարման դեպք պարզ է, որ պետք է առանձին հետաքննության առարկա դառնա, և դա հեչ պետք չէր կանգնել և ԱԺ ամբիոնից հայտարարել, դա իրավապահ մարմինների աշխատանքն է, և  իրենք իրենց գործը  կանեն, և դա պետք չէ քաղաքականացնել:

Այլ բան է, երբ երկրի առաջին դեմքը հայտարարում է, որ ինքն ինչ-որ տարածքի համար պատրաստ չէ պատերազմ սկսել, դա լսում է նաև սահմանին կանգնած զինվորը ու շատ դեպքերում ասում է՝ եթե երկրի ղեկավարը պատրաստ չէ կռվի մեջ մտնել, ես ինչո՞ւ իմ կյանքը զոհեմ հանուն էս տարածքի: Եթե առաջին դեմքը նման բան է ասում,  զինվորին հետո մեղադրել գերի ընկնելու մեջ՝ առնվազն բարոյական իրավունք չունի»,- եզրափակեց Տարոն Սիմոնյանը:

Անահիտ Չալիկյան

 

Back to top button