ԿԱՐԵՎՈՐԻ ՄԱՍԻՆՆորություններ

«Այսօր մենք ունենք ընդգծված հակազգային կառավարություն և ունենք պատերազմ…». Արա Հակոբյան

ԳԱԼԱ-ի «Կարևորի մասին» հաղորդման հյուրն է «Ազգային օրակարգ» կուսակցության խորհրդի նախագահ Արա Հակոբյանը։ Նա կարծիք հայտնեց, որ այսօրվա խնդիրներն այսօր չէ, որ առաջացել են, և դրանց հիմքում ընկած է մի սկզբունքային և արմատական հարց. «Դա օտարի շահերը պաշտպանող իշխանական համակարգն է»։ Այդ համակարգն, ըստ հյուրի,  հակազգային է և հակապետական և կորպորատիվ բնույթ է կրում։

«Նիկոլ Փաշինյանի վարչախումբն այդ նույն իշխանական համակարգի հերթական դրսևորումն է»։ Նա առաջնային է համարում ներկայիս իշխանությունից ձերբազատումը և, այնուհետև, ազգայնական իշխանության ձևավորումը և նոր՝ ազգային պետության առաջ գալը։

Այսօր կառավարող վարչախմբի, «մեր ոխերիմ բարեկամների և մեր ոխերիմ թշնամիների» շահերը համընկնում են։ Խոսքը վերաբերում է և սահմանների ճանաչմանը, տարածքային զիջումներին, սահմանների «սովետականացմանը», ճանապարհների բացմանը։ Սա իր հերթին նշանակում է 100 տարի առաջ տեղի ունեցած Լենին-Աթաթյուրք համաձայնության վերահաստատում և օրինականացում։ Չհամակերպվել այդ քաղաքականության հետ՝ կնշանակի ազգային-ազատագրական պայքարի դուրս գալ։

«Ազգային օրակարգ» կուսակցությունը մասնակցել է այս տարվա հունիսի խորհրդարանական ընտրություններին՝ միաժամանակ նշելով, որ ցանկացած միջոցառում, որն անցկացվում է օտար շահերը սպասարկող իշխանախմբի կողմից, ի սկզբանե իրավաչափ չէ, որովհետև չի կարող օտարը կազմակերպել ինչ-որ միջոցառում, որով ինքն իրեն կհարվածի։ Միևնույն ժամանակ «Ազգային օրակարգը» օգտագործելու է ցանկացած միջոցառում ազգային-ազատագրական գաղափարներ քարոզելու և առաջ մղելու համար։ Կուսակցությունը եղել է «Առուշ Առուշանյան» դաշինքի երկու համահիմնադիրներից մեկը և նույնպես քարոզ է տարել վարչախմբի արդեն տեղային գործողությունների դեմ։

Ըստ Հակոբյանի՝ Հայաստանը որպես միջազգային հարաբերությունների սուբյեկտ առկա չէ. տարբեր երկրներ քննարկում են Հայաստանին վերաբերող հարցեր և արդյունքները դնում են Հայաստանը ներկայացնող մարդկանց առջև։

Հատկանշական է,  որ Հայաստանը  27 տարի հպարտանում է, որ միջազգային հանրության կարծիքի հետ համահունչ է և տարաձայնություն չունի, իսկ Ադրբեջանը միշտ դեմ է հանդես եկել և պահանջել ավելին։ Այսօր միջազգային հանրությունը, փաստորեն, ներառում է Ադրբեջանի պահանջները և Հայաստանից պահանջում են զիջումներ։

Ադրբեջանի ագրեսիվ գործողություններն ուղղված են ոչ միայն Հայաստանի, այլև Ռուսաստանի դեմ, նշում է հյուրը։ Որովհետև ռուս-թուրքական համագործակցության շրջանակներում Հայաստանը դիտարկվում է որպես ռուսական պատասխանատվության գոտի, ուստի ցանկացած տարաձայնության դեպքում ակնկալվում է, որ Ռուսաստանը պիտի ապահովի Հայաստանի համաձայնությունը իրենց ընդհանուր նախնական պայմանավորվածություններին, իսկ հակառակ դեպքում՝ ռուսական բանակի ներկայությունն Արցախում անիմաստ է դառնում։

 

 

 

Back to top button
Close