Նորություններ
Կարմիր շուկայում 15 տեղահանված ընտանիք է հաստատվել. առօրյան ու կատարվող աշխատանքները
ԱՀ Մարտունու շրջանի Կարմիր շուկա համայնքը 850 բնակիչ ունի. նրանցից յուրաքանչյուրը ամուր կառչած է հայրենի հողին։
Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Կարմիր շուկայի համայնքի ղեկավար Նարեկ Աթայանը։
«Արցախյան 44-օրյա պատերազմից հետո մեր համայնքում հաստատվել է տեղահանված 15 ընտանիք՝ 37 բնակչով: Այդ ընտանիքները համայնքապետարանի միջնորդությամբ ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությունից ստացել են աջակցություն`գույքի տեսքով, իսկ Կարմիր խաչի Լեռնային Ղարաբաղի գրասենյակի կողմից՝ սնունդ, հիգիենայի պարագաններ:

Պատերազմի ժամանակ մեր գյուղը բազմաթիվ վնասներ է կրել. 5 տուն լրիվությամբ այրվել է, 8-ը՝ ավերվել, 300-ից ավելի շենք-շինություն, բնակելի տներ մասնակի վնասներ են կրել: Մինչև տարեվերջ 100 տան տանիք արդեն վերանորոգված կլինի, որից հետո այդ տներում կկատարվեն ներքին հարդարման աշխատանքներ:Մեկ զոհված ազատամարտիկի տուն լրիվությամբ վերանորոգվել է: Այս պահի դրությամբ 130 բնակարանանոց նոր թաղամասի կառուցման շինաշխատանքներն ակտիվ ընթացքի մեջ են: ԱՀ Քաղաքաշինության նախարարության կողմից գյուղում 5 փայտե առանձնատուն է կառուցվում. աշխատանքները գրեթե ավարտվել են, մինչև տարեվերջ դրանք ևս լրիվությամբ պատրաստ կլինեն: Կարմիր շուկայում գործում է համայնքապետարան, բուժկետ, ակումբ, մշակույթի տուն: Մինչ պատերազմը գյուղի մեկ փողոց(150 մետր ) սալապատվել է»,- ներկայացրել է Ն. Աթայանը` նշելով, որ գյուղի կենտրոնական ճանապարհը բարեկարգման կարիք ունի. խնդիրը ներկայացվել է ԱՀ Կառավարությանը, առաջիկայում այդ հարցը ևս լուծում կստանա։

Համայնքապետը տեղեկացրեց, որ պատերազմից հետո հարևան Թաղավարդ համայնքի հետ կապող ճանապարհը ասֆալտապատվել է: Դպրոցն ունի 210 աշակերտ:

Շենքը պատերազմի ընթացքում վնասներ էր կրել, սակայն արդեն վերականգնվել է։ Ընթացիկ տարվա հուլիսին Tech Week Artsakh 2021-ի շրջանակում դպրոցում «Արմաթ» ինժեներական լաբորատորիա է բացվել: Մանկապարտեզն ունի 75 սան: 2020 թվականի դեկտեմբեր ամսից սկսվել են մանկապարտեզի շենքի վերանորոգման աշխատանքները:

Շենքի առաջին հարկի հարդարման աշխատանքներն ավարտվել են ընթացիկ տարվա փետրվարին: Վերանորոգումն ամբողջությամբ ավարտված համարելու համար, սակայն, դեռ կան անելիքներ։ Գյուղը գազաֆիկացված է, ապահովված էլեկտրաէներգիայով: Ամռան շրջանում ջրի խնդիր կար, սակայն նոր ջրագիծ է կառուցվել, և գյուղն ապահովվել է շուրջօրյա ջրամատակարարմամբ։ Մեր զրուցակիցը ցավով նշեց, որ Արցախյան երրորդ պատերազմի ժամանակ հանուն հայրենիքի պաշտպանության գյուղը 12 զոհ է տվել, 30 հոգի պատերազմական գործողությունների ընթացքում վիրավորվել է , իսկ 1 համագյուղացու ճակատագիրը մինչ օրս մնում է անհայտ:

Անդրադառնալով բնակիչների զբաղվածությանը՝ Ն. Աթայանն ասել է, որ նրանք հիմնականում զբաղվում են անասնապահությամբ ու գյուղատնտեսությամբ:

«Գյուղի 200 հա. գյուղատնտեսական նշանակության հողատարածք մշակվել է բնակիչների կողմից: ԱՀ Կառավարության կողմից շուրջ 15 ընտանիքների տրամադրվել են ջերմոցներ, նրանք սկսել են զբաղվել ջերմոցային տնտեսությամբ:

