«Լավ, ինչքա՞ն ժամանակ են պատրաստվում այդ բնակավայրերին հաց, սնունդ մատակարարել, ինչքա՞ն պիտի մարդիկ կտրված ապրեն իրականությունից»
«Մենք փակում ենք միջպետական նշանակության ճանապարհը և հետո առաջարկում ենք այլընտրանքային ճանապարհներ: Սա անընդունելի իրողություն է, և դրա հետևանքները մենք տեսնում ենք»

«Մենք կորցրել ենք կարևորագույն հատված, այսինքն՝ Գորիս-Կապան միջպետական ճանապարհը, և ինչքան էլ այլընտրանքային ճանապարհներ լինեն, դրանք չեն կարող փոխարինել այդ կարևորագույն հատվածին: Այսօրվա դրությունը ցույց է տալիս, որ մենք երբևէ չպետք է լինենք զիջող, որովհետև ինչքան զիջում ենք, տեսնում ենք, որ թշնամու ակնկալիքները մեծանում են:
Այս ամենի դիմացը առնել է պետք, պիտի թույլ չտանք, որ կատարվածը շարունակական բնույթ կրի:
Դա լուծում չէ, երբ մենք փակում ենք միջպետական նշանակության ճանապարհը, առանց որևէ հիմնավորման, առանց որևէ փաստաթղթի թշնամուն բերում և հասցնում ենք մեր սահման, մեր հողերը ասում ենք իրենցն է և հետո առաջարկում ենք այլընտրանքային ճանապարհներ: Սա անընդունելի իրողություն է, և դրա հետևանքները մենք տեսնում ենք:
Եթե ի սկզբանե ասում էին, որ Սյունիքում նահանջի հրաման է տրվել, որպեսզի խաղաղություն լինի, հիմա մենք վայելում ենք այդ «խաղաղության» պտուղները, մենք, այնուամենայնիվ, չտեսանք այդ խաղաղությունը: Իրավիճակը բավականին ծանր է, և այսպես երկար ուղղակի չի կարող շարունակվել»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում հայտարարեց Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը:
«Ես առհասարակ չեմ ուզում ընդունել, որ խոսում են արտագաղթի մասին, Սյունիքի գյուղերը դատարկվելու մասին, որովհետև հիմա իրավիճակը այնպիսին է, որ յուրաքանչյուր հայ կարևոր խնդիր ունի՝ մնա իր երկրում և շարունակի պայքարել իր երկրի համար:
Ինչքան էլ խուճապ լինի, ո՞ւր պիտի գնան մարդիկ… հիմա եկել է պայքարելու ժամանակը՝ մեր մնացած հողի, ջրի համար: Էլ գնալու տեղ չկա, որովհետև ամբողջ Հայաստանն անհանգիստ վիճակում է»,- նշեց Յոլյանը:
Փոխքաղաքապետի փոխանցմամբ՝ Գորիս համայնքում իրավիճակը կայուն է, այս պահի դրությամբ որևէ խնդիր չկա, որևէ միջադեպ չի արձանագրվել:
Նոյեմբերի 11-ից ադրբեջանական կողմը մաքսակետեր է տեղադրում Գորիս-Կապան ավտոճանապարհին։ Բարձրավան, Որոտան և Շուռնուխ գյուղերը հայտնվել են շրջափակման մեջ։ Կառուցվում է այլընտրանքային ճանապարհ։
Իրինա Յոլյանի խոսքով՝ 3 բնակավայրերի կապը կտրվել է մարզկենտրոնի հետ, ինչը խնդիրներ է առաջացրել:
«Բնականաբար կյանքը այս բնակավայրի բնակիչների համար չի կարող բնականոն լինել, իհարկե մարդկանց խնդիրներին արագ արձագանքում են, մարզպետարանն է իր վրա որոշ խնդիրներ վերցրել, բայց դա մինչև ե՞րբ… լավ, ինչքա՞ն ժամանակ են պատրաստվում այդ բնակավայրերին հաց, սնունդ մատակարարել:
Ինչքա՞ն ժամանակ մարդիկ պիտի կտրված ապրեն իրականությունից, մինչև ե՞րբ է այս ամենը շարունակվելու»,- եզրափակեց Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը:
Անահիտ Չալիկյան