ՆորություններՏնտեսական

ՀՀ-ԵՄ Ընդհանուր ավիացիոն գոտու մասին համաձայնագրի օգուտները` ըստ Քաղավիացիայի կոմիտեի

Եվրոպական միությունը և Հայաստանը ստորագրել են ՀՀ-ԵՄ Ընդհանուր ավիացիոն գոտու մասին համաձայնագիրը, որի հիմքում ավիացիոն անվտանգության, անվտանգային և օդային երթևեկության կառավարման ընդհանուր բարձր չափանիշներն են։ Համաձայնագրի ստորագրմամբ ենթադրվում է, որ Հայաստանի և ԵՄ-ն սպառողների, ավիաընկերությունների և օդանավակայանների համար կստեղծվեն նոր հնարավորություններ։ ԳԱԼԱ-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեն:

«Օգուտների շարքում են՝ օդային տրանսպորտի ոլորտում նոր հնարավորությունների ստեղծումը, նոր ուղիղ օդային կապերի հաստատումը և երկու կողմի տնտեսական օգուտները։

Մասնավորապես՝

  • ԵՄ բոլոր ավիաընկերությունները կկարողանան ուղիղ չվերթեր իրականացնել ԵՄ ցանկացած կետից դեպի Հայաստանի ցանկացած օդանավակայան և նույնը կգործի նաև հայկական ավիաընկերությունների համար։
  • Կվերացվեն Հայաստանի և ԵՄ-ի միջև թռիչքների բոլոր արգելքներն ու սահմանափակումները, իսկ բաց և արդար մրցակցության դրույթների պահանջներին համահունչ կերաշխավորվեն հավասար մրցակցային պայմաններ:

Համաձայնագրի միջոցով հնարավոր կլինի դյուրացնել մարդկանց միջև շփումները, կոմերցիոն հնարավորություններն ու ընդլայնել ԵՄ-Հայաստան առևտուրը: Այն նաև արժեքավոր գործիք է ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման համար:

«Այսօր ստորագրված համաձայնագիրը թույլ կտա ԵՄ-ին և Հայաստանին ամրապնդել երկկողմ հարաբերությունները՝ ավիացիոն շուկային աստիճանական ինտեգրման միջոցով: Դա մեր հարևանների հետ ավելի սերտ համագործակցության հասնելուն միտված մեր ռազմավարության առանցքային աստիճանաքարն է։ Համաձայնագիրը քաղաքացիներին կընձեռի ճամփորդությունների ավելի լայն ընտրության հնարավորություն, կստեղծվեն ավիացիոն արդյունաբերության նոր հեռանկարներ և ավելի լավ կապակցվածություն նոր երթուղիների և ուղղությունների ներգրավմամբ, որից օգուտներ կքաղեն սպառողները, զբոսաշրջության ոլորտը և մարդկանց միջև շփումները»,- նշել է Շարժունակության և տրանսպորտի հարցերով ԵՄ հանձնակատար Ադինա Վալեանն։

Միասնական ավիացիոն գոտին (ՄԱԳ/CAA) ենթադրում է ապահովել ԵՄ-ի և նրա հարևանների միջև ավիացիոն շուկայի աստիճանական ազատականացումը, այդ թվում՝ կարգավորող կոնվերգենցիան ԵՄ ավիացիոն կանոնների աստիճանական ներդրման միջոցով: Արդյունքում՝ կստեղծվեն նոր հնարավորություններ օպերատորների համար՝ ընձեռելով ավելի լայն ընտրություն սպառողներին։ Շուկայի աստիճանական ազատականացումը և կարգավորող մարմինների մերձեցումը տեղի են ունենում զուգահեռ՝ ապահովելու արդար մրցակցությունը և ընդհանուր անվտանգության, անվտանգային, բնապահպանական և այլ բարձր ստանդարտների ներդրումը:

Համաձայնագրի դրույթներին համահունչ՝ Հայաստանը պետք է շարունակի համապատասխանեցնել ՀՀ օրենսդրությունը ԵՄ ավիացիոն կանոնակարգին և չափանիշներին, այնպիսի ոլորտներում ավիացիոն անվտանգությունը, օդային երթևեկության կառավարումը, անվտանգությունը, շրջակա միջավայրը, տնտեսական կարգավորումները, մրցակցությունը, սպառողների պաշտպանությունը և սոցիալական բնագավառները:

 

Back to top button
Close