ՀԱՏՈՒԿ ԱՆԴՐԱԴԱՐՁՄշակույթ/ՊատմությունՆորություններ

Ամենափակ համայնքներից մեկի՝ մոլոկանների հյուրընկալ հարկի տակ

Մարդիկ, ովքեր եղել են Հայաստանում և անցել Լոռու մարզից դեպի Տավուշ գնացող գեղեցիկ ճանապարհով, վստահաբար, նկատած կլինեն այն գյուղը, որը կտրուկ տարբերվում է հայաստանյան մյուս բնակավայրերից: Ֆիոլետովոյում տները կառուցված են տիպիկ ռուսական ոճով, չափազանց կոկիկ, մարդիկ՝ այլ կերպ հագնված, ովքեր դաշտերում աշխատում են ձիերին ամրացված սայլերով: Կանայք և աղջիկները գլխաշորերով են, հագնված ավանդական ոճով. բացառված է տեսնել տաբատով կնոջ:

Տղամարդիկ երկար մորուքով են: Ավելի հաճախ նրանց կարելի է հանդիպել խմբերով դաշտերում աշխատելիս՝ ամբողջ ընտանիքով, այդ թվում երեխաների հետ:

Իսկ գյուղամեջում մարդաշատ չէ: Չես հանդիպի պարապ, միմյանց հետ զրուցող մարդկանց խմբերի: Ամենքն իր գործին է, իսկ եկվորը, որպես կանոն, անկոչ և, կարելի է ասել, անցանկալի հյուր է մոլոկանների համար: Ֆիոլետովոյում ապրողները պնդում են՝ մշակութային բնօրրանը հենց այս համայնքն է, որովհետև շնորհիվ այն բանի, որ փակ է, չեն եղել խառնամուսնություններ, գյուղում օտարազգիներ, այդ թվում հայեր չեն ապրում: Իրենք պահպանել են իրենց մշակույթը, ավանդույթները, կենցաղավարությունը:

Ֆիոլետովոյում բոլոր բնակիչները բացառապես մոլոկաններ են՝ շուրջ 1500 բնակիչ:

Տեսախցիկներով հյուրերն առավել անցանկալի են այստեղ ապրողների համար: Աղջիկներն արագ հեռանում են, երբ տեսնում են իրենց ուղղված օբյեկտիվները: Անծանոթների հետ զրույցի չեն բռնվում: Պատճառաբանությունը միշտ նույնն է՝ գործերն այնքա՜ն շատ են, որ ժամանակ չի մնում «բամբասանքի» համար: Եվ չնայած այս կարծրատիպերին, մոտ 7 տարի առաջ Միխայիլ և Նատալյա Ռուդոմյոտկինները Ֆիոլետովոյում հիմնել են հյուրատուն:

Երկար ջանքեր էին պետք ամուսիններին համոզելու համար, որ 2 օրով մեր նկարահանող խմբին ընդունեն իրենց հարկի տակ՝ որպես հյուրատան հյուր: Հաջողվեց: Վաղ առավոտ արդեն Ֆիոլետովոյում էինք:

Գյուղի ամենագեղեցիկ և աչքի ընկնող տունը հենց Ռուդոմյոտկիններինն է: Դժվար չէր գտնել այն: Տանտերերը սկզբում ավելի զգուշավոր, կասկածամիտ հարցադրումներով մեզ ընդունեցին:

«Անգամ մերժել եմ ռուսական առաջին ալիքի հրավերը»,- ասում էր բավականին համեստ, իրենց կյանքի ու կենցաղի մասին խոսել չսիրող Միխայիլ Ռուդոմյոտկինը՝ ընդգծելու համար, որ արտասովոր լավության ենք արժանացել, որ մեզ թողել են իրենց տուն:

Հյուրատանն ակտիվ եռուզեռ էր: Ամուսինները պատրաստվում էին հյուրեր ընդունել՝ ԱՄՆ-ից և Իտալիայից: Ճաշասրահն աչք շոյող է՝ շնորհիվ ապակիներից այն կողմ երևացող բնության տեսարանների: Խոհանոցում կարկանդակ է պատրաստում Նատալյան, իսկ դրսում ինքնաեռն է պատրաստում Միխայիլը:

Արմենուհի Վարդանյան

Համբարձում Պապոյան

Back to top button
Close