Նորություններ

«Կարծում եմ, որ կան բանավոր պայմանավորվածություններ, որոնց մասին, հավանական է, մենք տեղյակ չենք». Ն. Ներսիսյան

«Կարծում եմ, որ կան բանավոր պայմանավորվածություններ, որոնց մասին, հավանական է, մենք տեղյակ չենք, սակայն դրանք եռակողմ պայմանավորվածություններ են։ Ըստ էության, առանց հայտարարությունը ստորագրող ՌԴ համաձայնության անցակետերը չէին կարող տեղադրվել»

«Կարծում եմ, որ կան բանավոր պայմանավորվածություններ, որոնց մասին, հավանական է, մենք տեղյակ չենք, սակայն դրանք եռակողմ պայմանավորվածություններ են։ Ըստ էության, առանց հայտարարությունը ստորագրող ՌԴ համաձայնության անցակետերը չէին կարող տեղադրվել։ Եվ պրոցեսը կարող է դիտարկվել որպես սահմանազատման սկիզբ, որը հետագայում կարող է որոշակի ռիսկերի հանգցնել»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Քաղաքացու որոշում» կուսակցության անդամ, փաստաբան Նարեկ Ներսիսյանը՝ անդրադառնալով իշխանությունների հիմնավորումներին, որ եթե հայկական կողմը թույլ չտար ադրբեջանական մաքսակետի տեղադրումը, դրա գինը լինելու էր միջանցքային տրամաբանությունը։

«Նախ և առաջ մեր բոլոր պաշտոնյաներից, անվտանգության պատասխանատուներից պարտադիր պետք է հստակ ճշտել՝ «միջանցք» ասելով ինչ են հասկանում, նոր գնալ առաջ, և առանց այդ էական մասը հասկանալու մնացածը մեկնաբանելն անառարկայական է»,-նշեց Ներսիսյանը:

Հիշեցնենք, որ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել է, որ նոյեմբերի 11-ից Գորիս-Կապան ճանապարհի՝ ադրբեջանական վերահսկողության տակ անցած հատվածում մաքսակետեր կտեղադրվեն, և նոյեմբերի 11-ի լույս  կեսգիշերից նրանք պատրաստվում են մաքսային, անձնագրային հսկողություն իրականացնել նաև ՀՀ քաղաքացիների և բեռների նկատմամբ, իսկ այսօրվանից անցակետ է տեղակայվում նաև Կապան-Ճակատեն ավտոճանապարհին:

Երեկ ադրբեջանական զինված ուժերը փորձել են դիրքային առաջխաղացում ապահովել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ։ Պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը դեռեւս օգոստոսին հրամայել էր անմիջապես կրակ բացել և ցանկացած միջոցով ոչնչացնել ադրբեջանցի այն զինվորականներին, որոնք կփորձեն հատել Հայաստանի սահմանը, բայց, այնուամենայնիվ, որևէ պատասխան քայլ չենք տեսնում թշնամու ոտնձգություններին:

Դիտարկմանն անդրադառնալով՝ Նարեկ Ներսիսյանը հայտարարեց.

«Ինչ վերաբերում է մեր կողմից կրակ բացելուն, ապա այս պահին ավելի քան սառնասիրտ պետք է գտնվել, բայց մեր պաշտոնյաները հաճախ այն խառնում են անգործության հետ։ Մեր անելիքը՝ առաջնահերթության տեսանկյունից, խնդիրը միջազգային իրավունքի դաշտ փոխադրելն է, ինչպես դա արեցինք Հաագայի միջազգային դատարան դիմելով։

Մյուս կողմից ՀԱՊԿ ռազմավարական գործընկերության հստակեցումն է, և  այս առումով էլ կարևորում եմ թուրքալեզու երկրների կողմից ընդունված զարգացման տեսլականի ուսումնասիրությունը, որը ընդունվեց վերջերս, Թուրքիայում՝ «Թուրքական աշխարհ, տեսլական 2040»:

Խնդիրը հետևյալն է, ի՞նչ է ենթադրում վերջինս, միայն թեկուզ այն պատճառով, որ ՀԱՊԿ կազմում են գտնվում նշված տեսլականը ընդունած երկրները»,- եզրափակեց Նարեկ Ներսիսյանը:

Անահիտ Չալիկյան

Back to top button
Close