Վրացի եւս 9 պատգամավոր հացադուլ են հայտարարել՝ ի պաշտպանություն Սաակաշվիլիի
Կիրկիտաձեից բացի հացադուլ են սկսել Ակակի Մինաշվիլին, Թեմուր Ջանաշիան, Բաչուկի Կարդավան, Նիկա Մաչուտաձեն, Գիորգի Գոդաբրելիձեն, Սուլխան Սիբաշվիլին, Լևան Բեժաշվիլին և Աբդուլլա Իսմայիլովը:

Վրաստանի խորհրդարանի «Միացյալ ազգային շարժում» կուսակցության 9 պատգամավոր հացադուլ են հայտարարել՝ պահանջելով երկրի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիին տեղափոխել բազմապրոֆիլ քաղաքացիական կլինիկա, ճեպազրույցում հայտարարել է շարժման առաջնորդներից Դավիթ Կիրկիտաձեն։
Այս մասին, ԳԱԼԱ-ի փոխանցմամբ, հայտնում է newsgeorgia.ge-ն:
«Վրաստանի երրորդ նախագահն արդեն 45 օր է հացադուլի մեջ է, նրան չեն տրամադրվում համապատասխան բժշկական ծառայություններ, և մեր գործընկեր Էլենե Խոշտարիան նույնպես սովամահ է լինում, ուստի մենք՝ 9 պատգամավորներս, որոշեցինք հացադուլ անել՝ Միխայիլ Սաակաշվիլիին բազմաֆունկցիոնալ կլինիկա տեղափոխելու պահանջով»,- ասել է Կիրկիտաձեն։
Կիրկիտաձեից բացի հացադուլ են սկսել Ակակի Մինաշվիլին, Թեմուր Ջանաշիան, Բաչուկի Կարդավան, Նիկա Մաչուտաձեն, Գիորգի Գոդաբրելիձեն, Սուլխան Սիբաշվիլին, Լևան Բեժաշվիլին և Աբդուլլա Իսմայիլովը։
Նոյեմբերի 3-ից ի պաշտպանություն Սաակաշվիլիի հացադուլը շարունակում է նաև «Դրոա» կուսակցության առաջնորդ և Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Էլենե Խոշտարիան։
Սաակաշվիլին, ով հոկտեմբերի 1-ից գտնվում էր Ռուսթավի քաղաքի ՔԿՀ-ում, նոյեմբերի 8-ին տեղափոխվել է Գլդանիի բանտի հիվանդանոց։ Նախկին նախագահի պաշտպանական կողմը պնդում է, որ նրան խաբեությամբ մտցրել են քրեակատարողական հիմնարկ և ենթարկել նվաստացուցիչ վերաբերմունքի։